ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը աբսուրդի ժանրից է համարում «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանին ֆեյսբուքյան գրառման համար կալանքի տակ պահելը։
«Երկու ամիս մարդը պատիժ է կրել, ինչպես դատավորն ասաց՝ ինտենսիվ պատիժ՝ ազատազրկում, հաղորդակցման բոլոր ձևերի արգելքով, միայն նրա համար, որ գրառումներ է անում։ Այն դեպքում, երբ բոլորը տեսնում են, թե իշխանության ղեկին հայտնվածներն ինչ բառամթերքով են խոսում, ինչ տոնով են խոսում, ինչպիսի՝ անձը վիրավորող պիտակավորումներով են խոսում մարդկանց մասին։
Եվրոպական կառույցների լռությունը, հատկապես ներկայիս իշխանությունների եվրոպական տերերի, մասնավորապես՝ Մակրոնի ու նրա ղեկավարած եվրոպական բանդայի մոտեցումները, արժանի տեղ են ունենալու մեր պատմության մեջ։ Մակրոնը, որը Արցախը հանձնելու կնքահայրն էր այս իշխանությունների, ամեն ինչ անում է, որ եվրոպացիները լռեն Հայաստանում տիրող իրավական այլանդակությունների մասին»,- ասաց Հակոբյանը։
Կարդացեք նաև
«Եվրոպական կառույցների այսօրվա լռությունը պայմանավորված է միայն նրանով, որ Մակրոնը որոշել է Հայաստանում իշխանության պահել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա։
Անդրադառնալով Արթուր Դանիելյանի գործին՝ Հակոբյանը շեշտեց, որ այն քաղաքական դատավարություն է։
«Շատ հստակ մոտեցումներով, որոնք Հայաստանի ներկայիս իշխանությունները կիրառում են բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն ստեղծված իրավիճակի հետ։ Ով համաձայն չէ, միանգամից քրեական գործը կարվում է»,- նշեց Հակոբյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































