Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնենք Ճամփան Արցախի» գրքում կան եզակի նմուշներ, դեռևս չկատարված երգեր, հավաքված են տարբեր աղբյուրներից գտնված 36 երգերը

Նոյեմբեր 25,2026 16:10 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի համույթը՝ գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Լուսինե Նազարյանի գլխավորությամբ, զբաղվում է հայ ավանդական երգերի ու պարերի հետազոտությամբ և կատարմամբ։ Նրանք յուրօրինակ աշխատաոճ ունեն՝ ընտրում են որևէ տարածաշրջան, հավաքում այդ շրջանից պահպանված երգերի ու պարերի նմուշները, դրանցից կազմում ամբողջական համերգային ծրագրեր։ Այդպես հերթը հասել է Արցախի երգերին։

Նոր նախագծի՝ «Բռնենք Ճամփան Արցախի» գիրք-ալբոմի շնորհանդեսը և «Նուբարի» յուրահատուկ համերգը կայացան Նարեկացի արվեստի միությունում՝ ՀԲԸՄ-ի աջակցությամբ։ Գրքի շապիկին Դադիվանքի որմնանկարներից մեկն է պատկերված, կազմի դարձերեսին՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու չորս պահապան հրեշտակներից մեկը։

Aravot.am-ի հետ զրույցում Լուսինե Նազարյանը նշեց, որ իրականացել է իրենց հերթական երազանքներից մեկը։ Արցախյան նմուշները գտնելու հարցում իրենց օգնել են ընկերները, մասնագետները, ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող Մարիաննա Տիգրանյանը և նրա ուսանողուհի Լինդա Սարգսյանը։ Լուսինե Նազարյանը նշեց, որ վերցրել են միայն բարբառով երգերը, որոնց մեջ կան Գուրգեն Գաբրիելյանի, Աշուղ Բագրատի, Արտեմ Խաչատուրի՝ Ալեքսանդր Մանասյանի խոսքերով երգերը, նաև բուն ժողովրդական երգեր։ Որպես բնաբան վերցրել են աշուղ Ապայի «Ճանաչիր»՝ «Բռնենք Ճամփան Արցախի» երգը, որը, սակայն, չեն ձայնագրել, քանի որ բարբառով չէր։

Լուսինե Նազարյանը տեղեկացրեց, որ «Բռնենք Ճամփան Արցախի» ալբոմում 36 երգի ձայնագրություն կա՝ տեքստերով և նոտաներով։ Դրանք ծիսական, աշխատանքային, կենցաղային, հարսանեկան երգեր են, սիրերգեր, օրորներ, կատակերգեր և մեկ պարեղանակ։ Ալբոմի նախավերջին էջում QR կոդ կա, որը սկանավորելով՝ կարելի է YouTube-ում լսել ձայնագրված արցախյան երգերը։

«Սա Նարեկացի արվեստի միության հետ մեր հերթական համագործակցությունն է, իրենք միշտ մեր կողքին են եղել, հուսամ՝ համագործակցությունը շարունակական կլինի»,- ասաց «Նուբար» հայ ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարը։

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ ստեղծվել են «Կարմրավանքի երգ-պատմությունները» երաժշտական ֆիլմը՝ կազմված Կարնո նմուշներից, Դերսիմ-Չմշկածագի երգեցիկ նմուշներից կազմված «Մի բուռ երգ Մնձուրի լեռներից» համերգային ծրագիրը և ձայներիզը, Համշենի մշակույթը ներկայացնող երեք համերգները և երկու ժամ տևողությամբ ձայնագրությունները, Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը և 12 ձայնագրությունները։ Լուսինե Նազարյանի խոսքով՝ արցախյան երգերին անդրադառնալն իրենց համար անհրաժեշտություն դարձավ հատկապես պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո։

«Թեև մենք բոլորս արցախցի չենք ծագումով, բայց արցախցի ենք համարում… Արցախը մեր վիրավոր հայրենիքի կարևոր կտորն է, մեր դափ նվագողն է արցախցի, ես էլ եմ մասամբ արցախյան ծագումով։ Ինչ վերաբերում է այս նախագծին, Նախիջևանը լիներ, Վան-Վասպուրականը, Կարինը, մենք էլի նույն սրտի թրթիռով էինք անդրադառնալու»,- ասաց Լուսինեն։

Համերգից առաջ նա հուզված նշեց, որ երբեմն խոսելն ավելի դժվար է, քան երգելը։ Ընդգծեց, որ Արցախյան երգեր երգելու ծրագիրը վաղուց կար, բայց 2023-ից դարձավ նպատակ, որն այսօր միս ու արյուն է դարձել։

Նարեկացի արվեստի միության տնօրեն Գայանե Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք նաև հրատարակչական գործունեությամբ են զբաղվում՝ բացի հիմնական առաքելությունից։ «Սա Արցախի վերաբերյալ առաջին հրատարակությունը չէ, մենք ունենք նաև «Արցախը կանչում է» հրատարակություն, որտեղ կրկին ներառված են արցախյան բարբառով երգեր։ Իսկ «Բռնենք Ճամփան Արցախի» գրքում կան եզակի նմուշներ, դեռևս չկատարված երգեր, հավաքված են տարբեր աղբյուրներից գտնված 36 երգերը, նվագակցությունը և երգեցողությունը «Նուբար» հայ ավանդական երգի-պարի համույթինն են։ Նախագիծն իրականացնելու համար մենք դիմել էինք ՀԲԸՄ-ի դրամաշնորհին, իրենք հավանություն տվեցին մեր ծրագրին, որ հրատարակվի գիրք, և համերգներին «Նուբարը» հանդես գա տարբեր համերգասրահներում»։

Գայանե Խաչատրյանը հիշեցրեց, որ Նարեկացի արվեստի միությունը Շուշիում էլ ուներ մասնաճյուղ։ Ասաց, որ գրքում կա նաև տեղեկություն Շուշիի կենտրոնի մասին, ինչպես նաև բացառիկ լուսանկարներ։ Տեղեկացրեց, որ միջոցառմանը ցուցասրահում ցուցադրվում են Շուշիի իրենց կենտրոնի գեղանկարիչ, ուսուցիչ Սամվել Թավադյանի աշխատանքները. «Ոչ միայն համերգն է արցախյան բարբառով, այլև ընդհանուր մթնոլորտն է արցախյան։ Մենք փորձում ենք Շուշիի կենտրոնի մեր աշխատակազմին ներգրավել ամեն ինչում»։

Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղի տնօրեն Միքայել Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2023 թ. բռնի տեղահանումից հետո աշխատում է Նարեկացի արվեստի միության Երևանի կենտրոնում։ Նրա խոսքով՝ երևանյան կենտրոնը միշտ ուշադրություն է դարձրել Շուշիի կենտրոնին. «Ես չեմ ուզում անցյալ ժամանակով խոսել Շուշիի կենտրոնի մասին, թեման միշտ արդիական է, մեզ հետ է։ Ինձ համար հպարտություն է, որ ոչինչ չի մոռացվել»։

Ասաց, որ կապը պահում է Շուշիի կենտրոնի այլ աշխատակիցների հետ, որոնցից ոչ բոլորն են ապրում Երևանում։ Նշեց, որ 2006 թվականին հիմնադրված «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի հիմնադրման 20 տարին են նշել այս տարվա օգոստոսի 31-ին։

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը «Նուբար» հայ ավանդական երգի-պարի համույթի համերգից առաջ ասաց, որ եթե Սարոյանն ասում էր՝ երկու հայ հանդիպելիս օտար ափերում մի նոր Հայաստան են հիմնում, ապա ստացվում է՝ այստեղ հիմնում են մի նոր Արցախ՝ առանց կորցնելու Արցախ վերադարձի հույսը։ Շեշտեց, որ Աստծո տվածը մարդ արարածը չի կարող հեռացնել։ Ինչ վերաբերում է գրքին, նշեց, որ այնտեղ հնչում են ուխտ ու աղոթքներ, քանի որ պետք է հավատարիմ լինենք Արցախում և հանուն Արցախի կորցրած եղբայրներին։ Նարեկ Հարթունյանի խոսքով՝ Լուսինե Նազարյանը քանիցս եղել է Արցախում, մասնավորապես Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղում, և ինչպես Գագիկ Գինոսյանն էր այնտեղ պարում Նժդեհյան ոգով, այդպես էլ Լուսինեն էր երգում՝ նրանք նույն ալիքի վրա էին։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30