Նոյեմբերի 4-ին ֆրանսիական «Ակտ սյուդ» հրատարակչությունը լույս է ընծայել Թուրքիայի ժամանակակից գրականության ու հասարակական կյանքի հայտնի դեմքերից Ահմեթ Ալթանի «Այդ տարին» վեպը (թարգմանիչ՝ Ժյուլիեն Լապեյր դը Կաբան)։ Գրքին նոյեմբերի 11-ին անդրադարձել է «Կուրիեր էնտերնասիոնալը»՝ «Համարձակ թուրքական վեպ Հայոց ցեղասպանության մասին» վերնագրով։
Հեղինակը ներկայացնում է ոչ միայն հայերի նկատմամբ իրականացված բնաջնջման քաղաքականությունը, այլեւ զոհերի տառապանքը, բարոյական ընտրության խնդիրը, պետական հրամաններին ենթարկվելու եւ խղճի ձայնին հետեւելու հակասությունը։ Ալթանը Ցեղասպանությունը դիտարկում է ոչ թե որպես Օսմանյան կայսրության պատմության առանձին դրվագ, այլ որպես կայսրության կործանման առանցքային իրադարձություն։ «Մոնդին» տված հարցազրույցում նա նշել է, որ անհնար է պատմել կայսրության վախճանի մասին՝ առանց անդրադառնալու հայերի ցեղասպանությանը։ Նրա համոզմամբ՝ հայերի ոչնչացմամբ Օսմանյան կայսրությունը ոչնչացնում էր ինքն իրեն։ Ալթանը հայերի զանգվածային սպանությունները բնութագրում է որպես պետական հանցագործություն՝ շեշտելով, որ սպանված հայերը ոչ թե օտարներ կամ թշնամիներ էին, այլ Օսմանյան կայսրության քաղաքացիներ։ Նա քննադատում է Թալեաթ փաշայի եւ երիտթուրքական ղեկավարության քաղաքականությունը՝ մերժելով պետական շահերով կամ հայրենիքի պաշտպանության անհրաժեշտությամբ զանգվածային սպանությունների արդարացումը։ Այդուհանդերձ, հեղինակը, ներկայացնելով 1915-ի հայերի կոտորածները, տեղահանությունը եւ դրանց հետեւանքները, վեպում չի օգտագործում «ցեղասպանություն» բառը։
Արծվի Բախչինյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում



















































