Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրի մասին՝ քննադատաբար

Հունիս 30,1999 00:00
Aleqsandr Agamalyan

Ընդդիմախոսում է Ալեքսանդր Աղամալյանը

Կառավարության գործունեության ծրագրին որոշ ուշացումով անդրադառնալու պատճառը ԳիԱրՔՄի-ի ղեկավար Ալեքսանդր Աղամալյանն այսպես պատճառաբանեց, որ տնտեսական ուղղվածություն ունեցող իրենց կազմակերպությունը պիտի առավել մանրամասն անդրադառնար ու վերլուծեր այդ ծրագիրը, որի համար ժամանակ է հարկավոր։

Նշենք նաեւ, որ մեր նախորդ ընդդիմախոսներից պրն Աղամալյանն առանձնանում է նրանով, որ նրա կազմակերպությունը նախագահական ընտրություններում պաշտպանել էր Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։

Կառավարության ծրագիրն ուսումնասիրելուց հետո մեր առաջին արձագանքն էր. պարոնա՛յք, սա լուրջ չէ։ Եթե մի կուսակցության ծրագիր լիներ՝ անգամ կարելի էր գովել։ Բայց կառավարության ծրագրի համար պատշաճ խորությունը, մեխանիզմները, ժամկետները եւ հստակ խնդիրների շարադրանքը բացակայում են։ Սա, իրոք, բարի ցանկությունների եւ կարգախոսների մի շտեմարան է։ Կարելի էր, իհարկե, ընդունել, որ ժամանակ չկար եւ այլն, բայց եթե մի ուժ հավակնում է ղեկավարել երկիրը՝ պիտի վաղուց արդեն պատրաստած լիներ այդ ծրագիրը։ Եվ երկրորդը, կարելի էր օգտվել Քաղաքական խորհրդի առաջարկած բավական մանրամասն եւ մեխանիզմներ պարունակող ծրագրից։ Ինչ-որ չափով օգտվել էլ են, բայց մեր կարծիքով՝ կարելի էր դա ավելի լավ անել։

Եթե ըստ էության դիտարկենք, ծրագրում ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պահեր կան։ Նախաբանում ասվում է, որ պիտի գտնվեն տնտեսության առաջնայնությունները, խթանեն արդյունաբերությունը, բայց հետո ծրագրի հիմնական հատվածներում հարկային բոլոր արտոնությունները վերացնելու խնդիր է դրվում եւ ոչ մի բառ չի ասվում պետական հովանավորչությունը վերացնելու կամ մաքսային եւ այլ այնպիսի օրենքների ընդունման մասին, որոնք առավելություն կտային տեղական արտադրողին։ Ուրեմն պարզ չէ, ինչպե՞ս պիտի խթանենք տեղական արտադրողին, եթե այս ամենը բացակայում է։ Տնտեսական առաջնայնություններ ասվածը ենթադրում է, որ կարեւոր համարվող ուղղություններին պիտի հարկային ու վարկային արտոնություններ տանք, բայց եթե նաեւ հայտարարվել է դրանց վերացնելու մասի՞ն…

Էներգետիկ ոլորտի առնչությամբ էլ ընդհանուր ֆրազներ են ասված՝ առանց որեւէ որոշակիության։ Չկա հիմնական հարցի պատասխանը, թե պիտի՞ վերանայենք սակագները եւ դրանք համապատասխանեցնենք իրական ինքնարժեքին, թե՞ նորից պիտի խաբենք բոլորին եւ արտադրողներին ստիպենք այդ ֆանտաստիկ գինը մուծել, որի պայմաններում ոչ մի արտադրություն, իհարկե, չի կարող լինել։

Այնպիսի տպավորություն է, որ գեղեցիկ խոսքերի հետեւում էլի նույն բագրատյանադարբինյանական մոնետարիստական ծրագիրն է։

Որպես հումոր կամ անհեթեթություն հատուկ կարելի է առանձնացնել ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժինը: Այն ընդամենը մեկ նախադասություն է, որի մեջ էլ մի քանի հակասական մտքեր կան։ Էությունն այն է, որ պետք է կատարելագործել արտաքին քաղաքականության հայեցակարգը եւ սահմանադրությամբ նախատեսված կարգով այն ներկայացնել նախագահին։ Նախ, նման հայեցակարգ գոյություն չունի եւ չի կարելի կատարելագործել այն, ինչ չկա (կա ինչ-որ նախագիծ՝ «Օրակարգը», բայց հայեցակարգ որպես այդպիսին չկա)։ Հետո, Սահմանադրությամբ նախատեսված այդ ի՞նչ կարգ է. ես ուշադրությամբ ընթերցել եմ Սահմանադրությունը՝ նման բան գոյություն չունի։ Եվ վերջինը, արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելն ընդհանրապես գործադիր իշխանության խնդիրը չէ, այլ ավելի շուտ՝ նախագահի աշխատակազմինը։ Գործադիր իշխանությունը՝ արտգործնախարարությունը պիտի ուղղակի իրագործի այն։

Ի դեպ, ազգային անվտանգության վերաբերյալ էլ որեւէ բաժին չկա։ Չնայած, ե՛ւ արտաքին քաղաքականության, ե՛ւ ռազմական հայեցակարգերը պիտի բխեին ազգային անվտանգության հայեցակարգից։ Այսինքն, խնդիրը լրիվ գլխիվայր են փորձում լուծել եւ անհասկանալի ձեւով։

Ոչ միայն այս ծրագիրն է ոչ լուրջ տպավորություն թողնում (քանի որ այն, իհարկե, կարող է հետո ուժեղացվել ու հարստացվել), այլ նաեւ կառավարության կազմը։ Այն մեծ հույսեր չի ներշնչում, որ թեկուզ այն, ինչ գրել են այս ծրագրում, կարող է իրագործվել։

Գրի առավ

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930