Լրահոս
Օրվա լրահոսը

Կենաթոշակային բարեփոխումնե՞ր. մի քիչ զսպեք «երկար» փողեր ունենալու ձեր ախորժակը

Նոյեմբեր 10,2012 15:03

Դեռ 19-րդ դարավերջին մասոնական օթյակները մշակել էին երկրները քանդելու կարգ (այն տեսնել ցանկացողներին կարող եմ ինքս տրամադրել կամ դիմեն հարգարժան արքեպիսկոպոս՝ հայր Կոմիտասին), իսկ սեփական երկրները քանդելու մասին, կարծում եմ, դեռ մշակված կարգ չկա, բայց լավ էլ քանդվում են: Դրանք հավանաբար կատարվում են ակամայից՝ առանց երկար մտածելու, քայլ առ քայլ, երբեմն էլ՝ դրսի թելադրանքով…
2011թ. սկզբից ՀՀ քաղաքացիները (մինչեւ 1974թ. ծնվածները) կարող էին դիմել արտոնագիր ունեցող որեւէ ֆինանսական կառույցի եւ կատարել ապագա թոշակի առաջին վճարումները: Իսկ 1974թ. եւ հետո ծնվածներն այդ պետք է անեն պարտադիր 2014թ. հունվարից: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունում սկսվում են կենսաթոշակային «բարեփոխումները»: Շատ գործարարներ, օգտվելով այս հում օրենքից, արդեն իրենց աշխատողների (մինչեւ 1974 թ. ծնվածների) 40-50 հազարանոց աշխատավարձերից 4-5 հազար դրամ պահում են՝ չունենալով նրանց համաձայնությունը (անուններ չեմ հրապարակում, բողոքողներին չվնասելու համար): Ասել է թե՝ կրկին գործում է ՀՀ-ում հայտնաբերած պարտադիր-կամավոր սկզբունքը (դպրոցներում հավաքվող ֆոնդի փողերի նման): Ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ նոր համակարգն արդար է, ֆինանսապես կայուն ու թափանցիկ: Ի դեպ՝ ՀՀ որ ոլորտում կիրառեցին «բարեփոխում», «առողջացում», «օպտիմալացում», «ազգային» բառերը, այդ ոլորտները հիմնովին ավերեցին, վկան՝ կրթական ու գիտական համակարգը (Գիտությունների ազգային ակադեմիան նախկինում՝ ԳԱ էր), անընդունելի, «Կատվի Դրախտ» փնտրող, վարկաբեկված ազգային-հանրային «Հ1»-ը, ապազգային օրենքներ ընդունող ԱԺ-ն:
Ինչեւէ… Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Կենսաթոշակային» փաթեթը, եւ այն անցել է մի քանի ընթերցում: Ընդունվելուց հետո, 2014 թ. սկզբից ամեն աշխատող իր ցանկությամբ՝ կամավոր կկարողանա գործող՝ «բաշխողական» համակարգից անցնել «կուտակայինի»: Այս գործընթացը ենթադրում է շուկայական նոր գործիքների ծնունդ. այն է՝ ստեղծվում են մասնագիտական կենսաթոշակային հիմնադրամներ: Պարտադիր կուտակային համակարգի ներդրմամբ թոշակի չափն այդուհետ հաշվարկվելու է իբր առավել արդար տարբերակով՝ կախված քաղաքացիների աշխատավարձից եւ աշխատելու տարիներին կենսաթոշակային ֆոնդին փոխանցած գումարի չափից: Ընդ որում՝ մինչեւ 500.000 դրամ աշխատավարձ ստացողները վճարումները կկատարեն իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով, եւս 5 տոկոս կփոխանցի պետությունն այդ աշխատողների անհատական հաշվին (500.000 դրամից ավելի աշխատավարձ ունեցողներին պետությունն 25.000 դրամից ավելի չի վճարի): Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ լավ է ասված, մինչդեռ այսօր պետության կողմից ներդրած գումարները հավելյալ բեռ չե՞ն դառնում մեր խղճուկ բյուջեի վրա, որն անզոր է սոցիալական շատ ու շատ հարցեր լուծելու: Չի լուծված անօթեւանների եւ չափահաս դարձած որբ երեխաների բնակարանների տրամադրման խնդիրը, բնակարանների բարելավման ու նվազագույն զամբյուղի խնդիրներին մոտ չենք գալիս, կենսաթոշակներին ու կենսաթոշակառուներին նայելիս՝ մարդու լացն է գալիս, շուրջ 4-5 տարի է՝ չի բարձրացվում աշխատած 1 տարվա համար սահմանած 450 դրամ ապահովագրական գումարը, չնայած՝ այդ տարիների ընթացքում գների թռիչքային զարգացմանն ու դրամի արժեզրկմանը: Անկախության տարիներից ի վեր՝ 90-ականների վերջում (սոցապնախարարն էր տկն Հր. Հակոբյանը) խեղաթյուրվեցին առողջության համար, «վտանգավոր» ու «հատուկ վտանգավոր» կատեգորիաները, մինչդեռ Հայաստանը լավ զարգացած քիմիական արդյունաբերություն ունեցող երկիր էր: Նույն թունավոր արտադրամասերում, նույն աշխատանքը կատարած Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի աշխատողներն այսօր մի քանի անգամ ավելի թոշակ են ստանում մեր քաղաքացիներից, քանզի նրանց վճարում են արժանապատիվ, պահպանելով խորհուրդների ժամանակ սահմանած նախկին նորմերը. իսկ ի՞նչ արեցին մերոնք՝ խեղաթյուրեցին արտոնյալ պայմաններով թոշակի անցնելու պայմանները, մեկ տվեցին, հետո խլեցին, ապահովելով մեր դատավորներին անիմաստ դատական վարույթներ, ԱԺ-ում մասամբ էլ կարկատեցին օրենքը, թոշակի տարիքն էլ փուլերով այնպես բարձրացրին, կարծես աշխատատեղի պակաս չունենք… ո՞րը թվեմ… Նոր ծրագրի ֆինանսական մասով պատասխանատուները հավաստիացնում են, որ նոր համակարգը լրացուցիչ բեռ չի առաջադրելու գործատուներին, ավելին՝ նախկին մի քանի հարկերի փոխարեն գործելու է միասնական մեկ հարկ՝ 26%-ի չափով (սա հավասար է գործող համակարգի գումարային հարկերին), բայց ո՞վ է երաշխավորում, որ գործատուն չի օգտագործի առիթն ու պահումներն ավելացնի, երբ մեզանում անառիթ առիթներն են շահարկվում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի հավաստմամբ (ըստ ԶԼՄ-ների նախկին հրապարակումների)՝ խթաններ են ստեղծվելու, որպեսզի գործատուն հարկի բեռը չդնի աշխատողի վրա, եթե մարդը վաստակում է 100.000 դրամ, ապա նոր համակարգի անցնելուց հետո կրկին այդքան կստանա: Հասկանալի է, որ սա «ազնիվ խոսքի» հիման վրա է: Մեր իրականությունում հնարավո՞ր է նման բան, որ խնդրին նոր մոտեցում ցուցաբերվի ու այն չդառնա աշխատողի գլխին մի նոր փորձություն: Հազիվ թե… Գուցե ոլորտի պատասխանատուներն իրենց ասածներն ամրագրեն, որ հակառակ պարագայում՝ աշխատողը կարող է դիմել իրենց կամ ինչ-որ մարմնի… այսինչ հեռախոսահամարով կամ այնինչ հասցեով: Այստեղ է, որ մեր քաղաքացիները անպաշտպան են, քանզի չունենք կենսունակ արհմիություններ, նրանց դերը, ինչպես ժողովրդի, եւս նսեմացված է: Այսօր կենսաթոշակները վճարում են պետբյուջեից, նոր համակարգը ենթադրում է, որ այն վճարելու են մասնավոր կենսաթոշակային ֆոնդերը, ուր կուտակվելու են աշխատավարձից պահվող, հետագայում որպես կենսաթոշակ վճարվելիք գումարները (կարծես թե հիվանդանալու պարագայում, ոչինչ չեն ստանալու): Նախ՝ այս համակարգը գուցե կենսունակ լինի կայացած, բարձր աշխատավարձեր ունեցող, տնտեսապես զարգացած երկրներում, իսկ մեր երկիրը որքանո՞վ է պատրաստ, որ գնում է նման քայլի: Մեր երկրում, օր օրի թանկացող կյանքի պայմաններում, շատերի աշխատավարձը չի համապատասխանում նվազագույն զամբյուղին, իսկ նվազագույն աշխատավարձը բարձրացվում է ընդամենը 2,5 հազար դրամով, դառնում 35 հազար դրամ, մի ծիծաղելի գումար, որով ընտանիք պետք է գոյատեւի… Այո, միտումնավոր չի ընդունվում նվազագույն զամբյուղի մասին օրենք: Հիմա ինչո՞ւ ենք առաջ ընկնում, չէ՞ որ ամեն ինչ հերթով պետք է անել: Անգամ հայտնի են եվրոպական երկրներ, որ հրաժարվել են այս համակարգը ներդնելուց: Մենք անվերջ ոտք ենք մեկնում ամերիկաների, եվրոպաների ու զարգացած այլ երկրների հետ, տեղայնացնում նրանց համար գրված օրենքները, մոռանալով, որ մեր խղճուկ աշխատավարձով քչերը կարող են ապրել՝ բնակարան վարձել կամ գնել, մեքենա ձեռք բերել, երեխաներին ուսման տալ, բանակում զինվոր պահել… այն դեպքում, երբ խորհուրդներից ժառանգել ենք անշարժ գույքի հզոր կապիտալ: Դեռ 2 տարի առաջ էին ոլորտի պատասխանատուները հավաստիացնում, որ ֆոնդերի կառավարիչներն այդ գումարները ներդնելու են արժեթղթերի շուկաներում:
«Ստացվում է՝ ապագա թոշակառուն այդպես նաեւ մասնակցելու է տնտեսության զարգացմանը՝ մի կողմից նրան տալով «երկար փողեր» ունենալու հնարավորություն, մյուս կողմից էլ՝ ինքն է ձեռք բերում տոկոսային եկամուտներ»,- հավաստիացնում են պատասխանատուները: Այն, որ «երկար փողեր» տնօրինելու հնարավորություն են տալիս ֆոնդերի կառավարիչներին, փաստ է, իսկ ո՞վ է դառնալու երաշխավորը, որ այդ ֆոնդերը մտացածին չեն լուծարվի- վերանա, կամ մի նոր այլանդակություն չի ստեղծվի, որ օրենքով կամրագրեն, թե նախորդի իրավահաջորդը չէ… Չէ՞ որ բազմաթիվ օրինակներ ունենք, որ այս կերպ վերանվանված շատ հիմնարկներ հրաժարվեցին տալ արտադրությունում խեղված-հաշմված մարդկանց հասանելիք ամսական փոխհատուցումները: Չնայած վերջիններս՝ դանդաղ մահվան դատապարտվածները, փորձեցին իրենց դատը պաշտպանել առաջին ատյանի, հետո տնտեսական դատարաններում, այդուհանդերձ, լուծարվող հանձնաժողովները կամ չնչին գումար էին հատկացնում, կամ ոչինչ՝ սնանկ ճանաչելով համապատասխան ձեռնարկությունը: Փոխարենը՝ դրության տերերը օրենքը վերաձեւեցին ժամանակի մեջ կամ ենթաօրենսդրական ակտերով ոչնչացրին շատ թե քիչ աշխատող կարգը: Սա է մեր այսօրը, մենք դառը, չմոռացվող փորձ ենք ձեռք բերել անկախության տարիներին, այդ տուժածների մի մասը դեռ քարշ է տալիս իր խղճուկ գոյությունը: Ուրեմն վաղ է «երկար փողեր» տնօրինելու մասին երազելը, սպասել է պետք… Եվ ինչ խոսք կարող է լինել արժեթղթերի շուկաների մասին, երբ այն այդպես էլ չի կայանում… Դարձյալ հավաստիացումերի շարքից՝ իբր աշխատողը շուրջօրյա կարող է հսկել, թե կառավարիչն ինչպես է տնօրինում իր փողերը՝ տվյալ օրվա դրությամբ որքան գումար ունի կուտակած իր հաշվին: Եթե կառավարիչը թերանա իր գործում, ապա քաղաքացին կարող է փոխել նրան տարվա մեջ մեկ անգամ՝ անվճար: Աշխատողը կարող է ընտրել նաեւ բաժնետոմսերի եւ պարտատոմսերի այն տեսակները՝ ըստ ռիսկայնության եւ եկամտաբերության աստիճանի, որոնք կառավարիչն իրավունք ունի գնել… Ճիշտ ու ճիշտ՝ սՈտՔՌ վՈ ցՔպռ… հետո ստացվում է, որ աշխատողը կառավարչից ավելի գիտակ պետք է լինի, այսքան գիտակներ որտեղի՞ց գտնել: Դեռ ծրագրվում է, որ աշխատողին առաջարկվելու է շահույթի տոկոսադրույք ընտրել՝ 4-5% կայուն եկամուտ, թե առավել ռիսկային՝ 15%, այս վերջինը երեւի պայթող ֆոնդերն են լինելու: Ու կրկին՝ վՈ փպրՑվՏպ րսՏՉՏ… Երկրի գլխավոր դրամատունը հսկելու է, որ կառավարիչները չչարաշահեն իրնեց դիրքերը, չպայթեցնեն ֆոնդերը՝ դատարկաձեռն չթողնեն մարդկանց: Իսկ թե ինչպե՞ս են հսկելու, դա հայտնի է միմիայն իրենց՝ «երկար փողեր» տնօրինել երազողներին: Չէ՞ որ այդ պաշտոններին լինելու են իրենց դրածո մարդիկ, ում համար էլ մոգոնվում է նոր համակարգը: ԿԲ խորհրդի երբեմնի անդամ Ահարոն Չիլինգարյանն էլ 2 տարի առաջ ասում էր, որ երաշխիքային հիմնադրամից բացի, Կենտրոնական բանկում կլինեն վերահսկումն ու կարգավորումն ապահովող բազմաթիվ գործիքներ, իսկ ինչպիսի՞ք՝ դարձյալ հայտնի էր միայն իրեն: Եվ այսպես՝ բազմաթիվ լյա լյա լյա լյա-ներ, միայն թե ունենանք «երկար փողեր»… իսկ որտեղի՞ց նման փողեր, երբ չունենք միջին խավ, նորմալ աշխատավարձ, կենսամակարդակ, երբ երկրիս բնակչության մոտ 80%-ը աղքատ է (այդ թվում՝ 20%-ը ծայրահեղ աղքատ է), հազիվ է ծայրը ծայրին կպցնում, գոյատեւում է արտերկրից հարազատների ուղարկած գումարների շնորհիվ: Ուրեմն արժե՞ 2-3%-ի համար օրենք ընդունել, ծախսեր անել, որ վաղն էլ մեծամասնությանն ասեն, թե ինչո՞ւ է իրենց թոշակը ցածր, քանզի չեն կուտակել (ճպուռն ու մրջյունը առակից՝ չաշխատեցի՞ր ամառը…), իսկ որտեղի՞ց կուտակեն, որ այսօր հազիվ են ապրում: Այսօր մեր աշխատողների 80%-ի աշխատավարձը, ավելի ճիշտ՝ աղքատավարձը նվազագույն կենսազամբյուղից ցածր է, էլ ինչպե՞ս կուտակեն, թե առաջիկա 1,5 տարում տնտեսական հրաշքներ են տեղի ունենալու մեր երկրում:
Սա մեր երկրի համար գրված օրենք չէ՛, հրաժարվե՛ք դրա ընդունումից, այլապես նոր թափ կառնի արտագաղթը, քանզի այսօր արդեն ուրվագծվում է վաղվա օրը: Այսօր ՀՀ 45-60 տարեկան քաղաքացիներն են դառնում ընտանիքով արտագաղթելու նախաձեռնողները, քանզի չունեն եւ չեն ունենալու արժանապատիվ թոշակ, երեխեքի ապագան էլ մշուշված են տեսնում: Սա չէր մեր երազած անկախությունը, մենք երազում էինք երկրի անկախության մասին, դուք՝ կարճ ու երկար փողերի: Մի առիթով, 1999թ. հոկտեմբերի 27-ից առաջ, սփյուռքահայ հայտնի մտավորական, պատվելի Մանվել Գազանճյանն ասաց՝ «մեր թիկունքում ունենալով եղեռնը, մենք օտար երկրներում՝ Սուրիո եւ Լիբանանի մեջ, ճահճուտները չորացնելով, 10 տարվա մեջ դարձանք միլիոնատերեր: Իսկ դուք՝ ունենալով խորհուրդների 70 տարվա ապահով կյանքը, ահա 10 տարի է՝ դեգերում եք անորոշության մեջ»: Այո, այն ժամանակ մեր ժողովուրդը 10 տարվա քաղցած էր, հիմա՝ 20 տարվա: Եթե մի քանի հոգու համար ամեն ինչ շատ լավ է, ապա մնացածի համար՝ շատ վատ է: Դրա համար էլ կամովին նախընտրում են Ալթայի երկրամասն ու ՌԴ-ի խուլ, չերեւացող գյուղերն ու քաղաքները, բայց ոչ սեփական, երազած, դրախտավայր հայրենիքը… ու չմեղադրենք ՌԴ դեսպան Կովալենկոյին, թե «Հայրենակիցներ» ծրագրով դատարկում են Հայաստանը՝ հայերից: Վերջինս լավ էլ, համոզիչ պատասխան տվեց՝ այլ երկրներ ավելի շատ են գնում: Մեր մեջ մեր դժբախտության պատճառներն որոնելու, գտնելու փոխարեն, ուրիշներին ենք մեղադրում: Հարկ է մեզանում ապրելու պայմանները լավացվեն, որ ժողովուրդը չփախչի, իսկ դրա առաջին գրավականը ժամանակին, ճշմարիտ, ճկուն օրենքներ ընդունելն է, ոչ թե ժողովրդի վզին փաթաթելը, արդարամտության եւ վաղվա օրվա հանդեպ հավատի վերականգնումն է: Պարոնայք կառավարիչներ, վաղն այստեղ մարդ չի մնա, որ հավերժ կառավարողներդ ղեկավարեք… գոնե դրա մասին մտածեք:
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
անկախ փորձագետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930