Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարան կորցրած սպիտակցիները դեռ սպասում են

Փետրվար 15,2013 13:57

Bn_1 Bn_3Նրանք պնդում են, որ աղետի գոտու բնակարանների հատկացման հարցերով հանձնաժողովը մինչ օրս անկատար է թողել դատական ակտերը:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովը, ըստ քաղաքացիների, մինչ օրս թղթի վրա է թողել ՀՀ դատարանների՝ ամիսներ առաջ կայացրած դատական ակտերը: Թեեւ ՀՀ դատարաններն արդեն քանի ամիս է՝ որոշում են կայացրել վերացնել 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Սպիտակ քաղաքում կայացած վերոնշյալ հանձնաժողովի արտագնա նիստի ընթացքում ընդունված թիվ 20 արձանագրային որոշման հավելվածը, համաձայն որի՝ Սպիտակ քաղաքի քաղաքացիներ Արմեն Ղոչիկյանի ու Վովա Գասպարյանի ընտանիքները հանվել են բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակից, պատճառաբանելով, որ ընտանիքի անդամներից մեկի բնակարանային պայմանները բարելավվել էին, այնուամենայնիվ, բնակարան կորցրած սպիտակցիները դեռ սպասում են:

«Այսքան տարի վագոն-տնակում ենք ապրում, ամուսնուս մայրն էլ ժամանակավոր կացարանում՝ իր անվամբ, մեզ հետ չի բնակվում, բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակում չկար, դա համարել էին բարելավում: 2011 թվականի նոյեմբերին դատարանը բավարարեց մեր հայցը եւ վերացրեց այդ որոշումը, մինչ օրս ոչ մի ձայն, եթե հանձնաժողովը նիստ էլ անում է, քննարկում են ոչ թե մեզ նորից հերթացուցակներում ընդգրկելու հարցը, այլ իրենք իրենց մեջ վիճարկում են կայացված դատական ակտերը, թե դատավորը լավ չի հասկացել ինչ ա արել եւ այլն»,- ասում է Արմեն Ղոչիկյանի կինը՝ Արուսյակ Հովսեփյանը, ում պատմելով՝ 2011 թվականի նոյեմբերից հետո հանձնաժողովի հրավիրված 4 նիստերից հրավիրվել է միայն մեկին: Վովա Գասպարյանի կինն էլ՝ Գեղեցիկ Կարապետյանը փաստում է, որ մինչ հանձնաժողովը առաջիկա նիստում կքննարկի բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակում իրենց ընդգրկել-չընդգրկելու հարցը, արդեն քանի տարի ստիպված են վարձով ապրել:

«Ասացին՝ գնացեք, հերթում մնացեք ինչքան ուզում եք, մնացեք, եթե դատարանը որոշել է՝ դուք էլ մնացեք: Ասում են՝ նորից կմերժենք, նորից գնացեք դատարան: Այն դեպքում, երբ բնակարանները սարքած-պատրաստ են, բայց մենք վարձով ենք ապրում»,- վրդովված «Առավոտին» պատմում է տիկին Գեղեցիկը՝ հիշելով, որ վերջին նիստի ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարարն անձամբ ասել է, թե մեկ շաբաթ անց ձեզ նորից կհրավիրենք՝ քննարկելու համար, սակայն մինչ օրս նորից լռում են:

«Այդ նիստին ինձ էլ ասացին, որ մի շաբաթ հետո կհրավիրենք, ասացին, որ եթե չգաք, գրավոր կպատասխանենք, բայց մինչ օրս ես ոչ մի պատասխան չեմ ստացել: Երբ էլ զանգում եմ՝ ասում են՝ առաջիկա նիստում կքննարկենք: Օրերս էլ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից հեռախոսազանգիս պատասխանեցին՝ «հո մի հոգու համար նիստ չե՞նք անի»: Ինչո՞ւ, մեկ հոգին մարդ չէ՞, այն դեպքում, երբ ես գիտեմ, որ նման խնդրով շատերն են: Սա էլ այն դեպքում, երբ դատարանների կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո մեկամսյա ժամկետում պիտի մեր հարցը լուծվեր: Մենք համապատասխանում ենք բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկվելուն եւ պահանջում ենք մեզ անհապաղ բնակարան տրամադրեն»,- ասում է Գեղեցիկ Կարապետյանը:

Դատարաններում այս ընտանիքների շահերի պաշտպան, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան Արթուր Հարությունյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ արդեն քանի տարի է, զբաղվելով նաեւ հենց այս կարգի խնդիրներով, գործնականում եկել է համոզման, որ նշված հանձնաժողովը իր պրակտիկայում ուժի մեջ մտած, անգամ պարտավորեցման դատական ակտերը աչքաթող է անում՝ ընտանիքներին թողնելով, ըստ էության, անորոշության մեջ. «Հանձնաժողովը պարտավոր է նորից քննարկել այս ընտանիքների հարցը, քանի որ բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակից նրանց հանելու որոշումը դատական կարգով անվավեր է ճանաչվել եւ վաղուց օրինական ուժ ստացել»: Նա տեղեկացնում է, որ խախտվել է ՀՀ քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված բնակարան ունենալու իրավունքը. «Պետությունը չի կատարում իր պարտավորությունը: Վճռի ուժի մեջ մտնելուց մեկամսյա ժամկետում պիտի լուծեին այս հարցը: Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 46 հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է։ Կամ պետք է նիստ հրավիրեն ու այս մարդկանց ընդգրկեն ցուցակում, կամ էլ, եթե նոր հանգամանքներ կան, որ կարող են մերժել, թող մերժեն, վերջ դնեն այս անորոշությանը, որպեսզի այս մարդիկ էլ իմանան՝ ինչ անեն»: Հակառակ սրան՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը մեզ հետ զրույցում նշում է, որ թեեւ իրենց եւս հուզում է այս ընտանիքների հարցը, այնուամենայնիվ, իրենք կաշկանդված չեն ժամկետների հարցում: «Կաշկանդված չենք ժամկետների հարցում, մեկամսյա ժամկետի հարցում՝ առավել եւս: Այս ընթացքում նոր փաստարկներ են ուսումնասիրվում, քննարկման ընթացքում է այս հարցը, նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Մեզ էլ է հուզում տվյալ ընտանիքների հարցը: Կոնկրետ չեմ կարող ասել երբ, սակայն առաջիկայում հրավիրվելիք նիստի ընթացքում կքննարկվի այս հարցը»,- եզրափակում է Եվգենյա Աթայանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728