Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Աբրահամյան. «Եթե «մեռնեն» թերթերը, ապա դրանք կմեռնեն, երբ կմեռնի 20-րդ դարում ծնված վերջին մարդը»

Օգոստոս 02,2013 15:10
Aram Abrahamyan

1994 թվականի օգոստոսի 1-ն էր, երբ հիմնադրվեց «Առավոտ» օրաթերթը՝ Վանո Սիրադեղյանի աջակցությամբ: Այն ժամանակ  թերթը ֆինանսավորում էր Սուքիասյանների ընտանիքը, իսկ խմբագիրն էր Իգնատ Մամյանը: Նույն թվականի դեկտեմբերի 6-ին Արամ Աբրահամյանը դարձավ «Առավոտ» օրաթերթի խմբագիրը: Նա այսօր Մամուլի ազգային ակումբի հյուրն էր եւ խոսեց «Առավոտի» ու մեդիադաշտի մասին: 
«Առավոտը» սկզբում տպագրվում էր շաբաթը երկու անգամ, 1995 թվականի մայիսից՝ շաբաթը հինգ անգամ: Լրագրողական կազմն էլ քիչ էր, բայց Արամ Աբրահամյանը հիշում է այն 3 մարդկանց, որ 19 տարի «Առավոտ»-ի հետ են. «Իմ տեղակալը`Վոլոդյա Պետրոսյանը, նրա կինը Կարինեն՝ որպես սրբագրիչ, և սպորտի բաժնի պատասխանատու` Աշոտ Հակոբյանը»:
1997 թվականից ձևավորվեց աշխատակազմը, որ մինչև այսօր էլ ներկայացնում է «Առավոտի» դեմքը:
19 տարիների ընթացքում թերթում վերափոխումներ եղել են, և վերջին լուրջ վերափոխումը եղավ 2011-ին, երբ թերթն ունեցավ նաեւ իր օնլայն տարբերակը: Խմբագիրը վստահեցնում է, որ մեդիա շուկան շատ բարդ է, դա էլ գալիս է նրանից, որ հազարավոր կայքերը կան, որոնք աշխատում են քոփի փաստի վրա: Եթե ինչ-որ մի բան էֆեկտիվ է, եթե կա գովազդատու, եթե կան քլիքեր, ապա քոփի փասթ անող կայքերը գոյություն կունենան՝ կարծում է «Առավոտի» խմբագիրը: Նա որպես օրինակ բերեց կայքերի կողմից հաճախ օգտագործվող խորամանկ քայլերը: «Օրինակ, դնում են վերնագիր, ասենք` Արամ Աբրահամյանը երեկ մորթել է հինգ հոգու: Հետաքրքրում է, ուզում ես բացել նյութը, հուշում է, որ պետք է նախ հավանես այդ կայքը, որ կարդաս` լայքում ես, և տեսնում, որ նյութում ոչ Արամ Աբրահամյան կա, ոչ էլ սպանություն»,-ներկայացրեց նա եւ հավելեց, որ կայքերը շտապում են առաջինը լինել ամեն հարցում, անգամ՝ մահամերձ մարդու մահվան լուրը հայտնելու հարցում: Իրենց մրցակիցներից բոլոր անթույլատրելի մեթոդներով առաջ անցնելու մոլուցքը խմբագիրը համարում է ոչ պրոֆեսիոնալիզմի դրսեւորում:
«Շատ արագ ամեն ինչ փոխվեց: Ընդամենը 20 տարի առաջ, երբ ես նախագահ`Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարն էի, բերեցին առաջին համակարգիչները, ես ասացի՝ եկեք ինտերնետ անցկացնենք: Բոլորը դժգոհեցին`ինչ ինտերնետ, ինչ բան»,-հիշում է Ա.Աբարհամյանը և մեջբերում իտալացի ժամանակակից փիլիսոփա Ումբերտո Էկկոյի խոսքերը. «Ամենացածր խավը այն մարդիկ են, ովքեր հեռուստացույց են նայում, միջին խավը`ովքեր ինտերնետում են, իսկ ամենավերին խավը, ովքեր ձևավորում են հեռուստատեսության և ինտերնետի բովանդակությունը»:
«Եթե «մեռնեն» թերթերը, ապա դրանք կմեռնեն, երբ կմեռնի վերջին մարդը, որ ծնվել է 20-րդ դարում»,-կարծում է «Առավոտի» խմբագիրը: Խմբագիրը հստակ է պատկերացնում ժամկետը, իսկ իրենց սերունդը սովորել է թղթային մշակույթին. «Իմ դպրոցական տարիներին փետուրով էինք գրում, և շատ կարևոր էր ձեռագիրը»: Վստահ է, որ իր համար մոնիտորի վրայի տեքստը չի կարող գերակա լինել թղթի վրա շարված տեքստի նկատմամբ:
«Առավոտի» առավելությունը Արամ Աբրահամյանը համարում է այն, որ իրենց համար չկան սահմանափակումներ, փակ թեմաներ, իսկ որպես թերություն նշեց. «Իմ լրագրողները կարող են լինել ավելի օպերատիվ»: Իսկ վերջում է վստահեցնում է, որ բարեխիղճ լրագրությունը պահանջարկ ունի Հայաստանում

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031