Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիլնյուսում ոչ մի փաստաթուղթ էլ չենք ստորագրելու». Բագրատ Ասատրյան

Հոկտեմբեր 31,2013 20:00
Bagrat Asatryan

«Նոյեմբերին Վիլնյուսում մենք ոչ մի փաստաթուղթ էլ չենք ստորագրելու»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված բանավեճի ժամանակ վստահեցրեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որի համոզմամբ, Մաքսային միությունը մշուշոտ, ապագա չունեցող միավորում է:

«Ինչ է շահում Հայաստանը տնտեսապես՝ միանալով Մաքսային միությանը» թեմայով բանավեճի ժամանակ, որը հեռարձակվում էր «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ եթերով, պարոն Ասատրյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Հայաստանն իրենից տնտեսական արժեք չի ներկայացնում ո’չ Ղազախստանի, ո’չ էլ Բելառուսի համար, եւ այդ էր պատճառը, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կոչ արեց Ղարաբաղի հարցը լուծել եւ նոր միայն ՄՄ-ին անդամակցելու հարց բարձրացնել:

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը համամիտ չէր, որ մեր երկիրը արժանիքներ չունի Ռուսաստանի կամ ՄՄ անդամ մյուս երկու պետությունների հետ նույն սեղանի շուրջ նստելու եւ վստահեցրեց, որ Մաքսային միությանն անդամակցելու դրական կողմերից մեկն էլ հենց լիիրավ անդամ լինելն է այդ միավորման մեջ` մյուս երկրների պես, ինչը Հայաստանին չէր սպասվում Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում, որը միայն խորը եւ համապարփակ առեւտրի հնարավորություններ էր ընձեռելու:

Բանավեճի մեկ այլ մասնակից, տնտեսագետ Արտակ Մանուկյանի համար նույնպես ՄՄ-ն մշուշոտ հեռանկարով միություն է եւ չկա որեւէ մի ուսումնասիրություն, թե օրինակ ՄՄ-ին անդամակցելու դեպքում ինչ կշահի, տնտեսության որ ճյուղերը կզարգանան մեր երկրում: Տնտեսագետ Մանուկյանը վստահեցրեց, որ Եվրոմիության համաձայնագիրը վավերացնելու պարագայում  մեր տեքստիլ արտադրանքը կդառնա ավելի մրցունակ, չվավերացնելու դեպքում էլ, մինչ այս, բարեփոխումների նպատակով Հայաստան եկեղ դրամաշնորհները կուղղվեն դեպի Մոլդովա, որն արդեն հստակ կողմնորոշված է Եվրոպայի հարցով:

Բագրատ Ասատրյանի խոսքերով, Եվրոպայից մեծ օժանդակություն էինք ստանում տնտեսությունը, ՓՄՁ-ները զարգացնելու համար. «Իսկ ՄՄ-ն շատ հեռու է այն տնտեսական ազատական արժեքներից, որոնք այսօր իրականում գործում են եվրոպականում»:

Երկու տնտեսագետներն էլ այն կարծիքին էին, որ եվրոպական օժանդակությամբ մեր երկրում շատ լուրջ բարեփոխումներ են իրականացվել, մասնավորապես` գնումների ոլորտում: Ըստ նրանց, ավելի մրցունակ ապրանքներ ունենալու եւ եվրոպական շուկաներին ինտեգրվելու առումով ավելի նպատակահարմար է Եվրամիության համաձայնագիրը:

Կարինե Մինասյանը գտնում է, որ ՄՄ-ին միանալու դեպքում մեր տնտեսության համար բացվել է մեծ պատուհան եւ կախված է, թե մենք այդ հնարավորություններն ինչպես կօգտագործենք: Բացի այդ, էկոնոմիկայի փոխնախարարը վստահեցրեց, որ ՄՄ-ին միանալով, չենք դադարեցնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. «Համագործակցությունը շարունակվելու է եւ կարող է խորանալ»: Ինչ վերաբերում է մեր երկրում առկա ներքին խնդիրներին`կոռուպցիային, արտագաղթին եւ այլն, որը չի լուծվի ՄՄ-ին միանալու պարագայում, Էկոնոմիկայի փոխնախարարը նկատեց, որ մեր ներքին խնդիրները ինքներս պետք է լուծենք. «Նույն Եվրոպան մեր առաջ խնդիր է դրել, որ լուծենք մեր ներքին խնդիրները, նույնը եւ Մաքսային միությունը: Մենք անկախ երկիր ենք եւ մեր խնդիրները ինքներս պետք է լուծենք»:

ՄՄ-ին միանալու պատճառներից մեկն էլ, մեծ թվով միգրանտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, փոխնախարարի այս դիտարկմանը Բագրատ Ասատրյանը եւ Արտակ Մանուկյանը կոչ արեցին միգրանտների հարցը չշահարկել, քանի որ ըստ պարոն Ասատրյանի. «Ռուսաստանն ինքն իր քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում, քանի որ չձեւավորված միավոր է, չգիտի ուր է գնում: Երբ խալաթով բերեցին մեր հայրենակցին որեւէ մի պաշտոնյա ծպտուն չհանեց»:

ՄՄ-ին միանալու առավելություններից մեկն էլ տիկին Մինասյանը համարում էր մաքսատուրքերի բացառումը` օրինակ բերելով գազի 30 տոկոս մաքսատուրքը, որն ըստ փոխնախարարի էական ազդեցություն է ունենում գազի գնի մեջ: Ի պատասխան Արտակ Մանուկյանն ասաց, որ գազի գինն իրականում սոցիալական գործոն է, քանի որ գազը հիմնականում սպառում են Հայաստանի բնակչությունը, իսկ արտադրության մեջ շատ քիչ է այն օգտագործվում: Տիկին Մինասյանը նկատեց, որ գազը օգտագործվում է էլեկտրաէներգիայի  արտադրության մեջ, ինչն էլ իր հերթին օգտագործվում է արտադրության համար եւ գազը էլեկտրաէներգիայի արժեքի մեջ իր ազդեցությունն է ունենում:

Բագրատ Ասատրյանին զայրացնում էր այն, որ շրջապատում 100 կիլոմետրի վրա գազի հանքեր լինելով, նկատի ունենալով իրանական գազը, Հայաստանը շատ թանկ է գազը գնում Ռուսաստանից:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031