Լրահոս
Օրվա լրահոսը

«Էնքան կձգձգեն, որ արդեն էս կիսակառույցն էլ կդառնա ավերակ». 4 տարի է՝ դադարեցրել են դպրոցի շինարարությունը

Նոյեմբեր 22,2013 13:55

«Առավոտ» օրաթերթը 2011 թվականի հունիսի 11-ին անդրադարձել էր Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի (ՈԿՖ-ի) բանավանում նոր կառուցվող դպրոցի շինարարությանը: Այն սկսվել էր 2007 թվականին եւ դադարեցվել 2009-ին:
Սա բնակչության մտահոգությունն էր առաջացրել, քանի որ շինարարության համար բյուջեից բավական շատ գումար էր ծախսվել:

2011 թ. «Առավոտն» անդրադարձել էր խնդրին. այն ժամանակ քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության բաժնից Գոռ Քամալյանը նշել էր, որ շենքի կառուցումը ծախսատար էր. տարածքը ճահճային էր, պետք է չորացվեր, գումար էլ շատ էր պահանջվել` 100 մլն դրամ: «Այդ պատճառով էլ մի քանի տարի դուրս մնաց կառուցվող օբյեկտների շարքից»,- ասել էր նա եւ դեռ այն ժամանակ ավելացրել, որ նաեւ բանակցում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ իրենց բյուջեի միջոցներով շարունակելու դպրոցի կառուցումը: «Այդքան ծախս է արված, իհարկե, շինարարությունը չենք դադարեցրել: Այն կշարունակվի, եթե ոչ 2012թ.-ին, ապա 2013թ.-ին՝ հաստատ»,- հավաստել էր պարոն Քամալյանը:

«Էլ չի էլ շարունակվելու, էդ փողերն արդեն ծախսվել են, քի՞չ ա պետությունը սխալ տեղեր վատնում մեր փողերը,- ասում է ՈԿՖ-ի բնակիչներից 27-ամյա Սուսաննան,- էնքան կձգձգեն, որ արդեն էս կիսակառույցն էլ կդառնա ավերակ, էլ դրա վրա էլ չեն կարողանա նոր բան կառուցել»:

Խնդրի մասին նորից ցանկացանք պարզաբանում ստանալ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից: Այստեղ մեզ ասացին, որ գրավոր հացում ուղարկենք: Մեր հարցադրումները երկուսն էին.
1. Ինչո՞ւ դպրոցի շինարարությունը չշարունակվեց 2013թ., ինչպես նշել էր նախարարության աշխատակիցը:
2. Արդյոք նախատեսվո՞ւմ է շարունակել դպրոցի շինարարությունը: Եթե այո, ապա ե՞րբ: Եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ:
Նախարարությունից ստացված պատասխանը ներկայացնում ենք ներքեւում.
«Տեղեկացնեմ, որ ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով իրականացվել են 2012 թվականի շարունակական համարվող օբյեկտների շինարարական աշխատանքները, ինչպես Դուք էիք նշել, տվյալ կրթական օբյեկտի շինաշխատանքները դադարեցվել էին դեռեւս 2009 թվականին, հետեւաբար այս կրթական օբյեկտի շինաշխատանքները շարունակական համարվել չէին կարող:
Կարեւորելով կրթական, մշակութային, մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների արդյունավետ կազմակերպումը` ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրվել են «Առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման եւ արդիականացման ենթակա կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտների ցանկերը»: Հետագա տարիներին պետական բյուջեներով շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի որոշմամբ ամրագրված ցանկում ընդգրկված շինարարական օբյեկտներում:

Առաջնահերթությունները սահմանելու նպատակով, համապատասխան գերատեսչություններից եւ մարզպետարաններից ստացված տվյալները ամփոփվել են քաղաքաշինության նախարարության կողմից:

Առանձնացվել են հետեւյալ սկզբունքները` առաջնահերթ հիմնանորոգման օբյեկտներն ըստ առաջնահերթության բաժանվել են 3 փուլի. ներկայացվել է օբյեկտներում անհրաժեշտ շինարարական աշխատանքների տեսակների, ծավալների եւ ֆինանսական միջոցների խոշորացված գնահատականները, հնարավորինս ճշտվել է օբյեկտների գերբեռնվածությունը եւ թերբեռնվածությունը, շահառուների թիվը եւ բնակավայրը:

Նշված կիսակառույց շինության կառուցումն ավարտին հասցնելու հարցը կքննարկվի նաեւ անավարտ շինարարության օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի նիստերի ժամանակ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930