Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «մեդիան մանկատան երեխաների շուրջ ստեղծում է ծուռ հայելիների իրականություն»՝ առավել խորացնելով կարծրատիպերը

Փետրվար 17,2014 11:34

Երբ 2010 թվականին ամուսնու և սկեսրոջ դաժան ծեծի հետևանքով մահացավ երկկողմանի ծնողազուրկ, մանկատան սան Զարուհի Պետրոսյանը՝ որբ թողնելով երկամյա դստերը, փորձագետներն ահազանգեցին մանկատան սաների նկատմամբ հասարակական վերաբերմունքի բացասական տեղաշարժի մասին։ Զարուհին ոչ միայն ընտանեկան բռնության զոհ էր, այլ նաև կարծրատիպերի: Սա, չնայած բացառիկ դեպք էր, սակայն մանկատան սաների նկատմամբ անվստահությունը, խտրական վերաբերմունքը հաճախ օրինաչափ է դարձել:

Հասարակության ընկալման, մանկատանը մեծացած անձանց խնդիրների մասին զրուցեցինք երկու տասնամյակ մանկատան երեխաների խնդիրներով զբաղվող, որբության թեման տեսականորեն ու գործնականում մանրամասնորեն ուսումնասիրած, երեխայի պաշտպանության փորձագետ Աննա Մնացականյանի հետ:

Սոցիալմշակութային փոփոխությունների, արժեքների խառնաշփոթում մանկատան սաները՝ լինելով խոցելի խումբ, հայտնվեցին ոչ միայն սոցիալական դժվարությունների կիզակետում, այլև մշակութային, ավանդութային խեղված իրականության մեջ՝ առավել օտարվելով ու մեկուսանալով.

–         Հայաստանում ու նաև ողջ աշխարհում տեղի ունեցավ արժեքների հեղափոխություն, որը չէր կարող չազդել ընտանիք սոցիալական ինստիտուտի վրա և այդ փոփոխության արտացոլումը անմիջապես երևաց մանկատներում։ Այստեղ հայտնվեցին սոցիալական որբեր, որոնք ոչ միայն հետևանք են սոցիալ տնտեսական դժվար պայմանների, այլ նաև այդ արժեհամակարգի փոփոխության:

Քանի որ մեզ համար չափազանց կարևոր երևույթ է ընտանիքը, ապա բնական է, որ այն երեխան, ով դուրս է դրանից և չի դաստիարակվել այդ միջավայրում, ընկալվում է ոչ յուրային, եթե չասեմ՝ օտար: Հասարակության այդ ընկալումը ես համարում եմ օբյեկտիվ, քանի որ եթե դու տալիս ես սերունդ, միշտ ձգտում ես քո երեխային ապահովագրել հնարավորինս լավ կյանքով և չես ուզում, որ քո զավակի կողքին լինի խոցելի մեկը, քանի որ դա ենթադրում է որոշակի պատասխանատվություն, ծանր բեռ և այլն:

Այսինքն՝ միանշանակ ֆետիշացնել խոցելի խմբերին և մեղադրել հասարակությանը՝ սխալ է: Օրինակ, եթե քո զավակը ցանկանա ամուսնանալ հաշմանդամություն ունեցող մարդու հետ, բնական է որ կմտահոգվես, քանի որ նա դժվարությամբ աշխատանք կգտնի և այլն: Սրանք բնական ռեակցիաներ են: Հասարակությունը խոհեմ և իմաստուն է, երբեք չի ունեցել դաժան, ագրեսիվ վերաբերմունք։ Զարուհի Պետրոսյանի դեպքը բացառություն է: Սակայն երբ այդ բնական ռեակցիաները որոշ ազդեցություններից փոխակերպվում են կարծրատիպերի, արդեն մտահոգիչ է:

Հասարակության կողմից վերաբերմունքի ձևավորման մեջ ավելի մեծ դեր է ունենում ծնողի օբյեկտիվ մտահոգությունը, թե՞ կարծրատիպերը:

–         Իսկ ինչպե՞ս են ձևավորվում այդ կարծրատիպերը։ Պատմական հիշողությամբ մեր մեջ որբերը մաքուր, լուսավոր այն երեխաներն են, որոնց ծնողները եղեռնի զոհեր են եղել, կամ էլ՝ Հայրենական մեծ պատերազմի: Մինչդեռ հիմա, այդ կարծրատիպերը փոխվել են մեդիայի ազդեցությամբ։ Լրատվամիջոցներում ես չեմ տեսնում և կարդում դրական պատմություններ։ Հիմնականում մատուցվում է, որ մանկատան շրջանավարտները մարմնավաճառ են, հակասոցիալական վարք ունեցողներ և այլն: Նախկինում այսպես չէր, անգամ կային ընտանիքներ, որոնք ինչ-որ խնդրի համար ուխտ էին կնքում ու երեխա որդեգրում, բազմաթիվ նման դեպքեր կան, այսինքն` ծայրահեղ չի եղել վերաբերմունքը:

Իսկ հիմա մանկատան երեխաների շուրջ ստեղծվել է ծուռ հայելիների իրականություն, սերիալները, մեդիան ընդհանրապես, անընդհատ փորփրում են այս երեխաների ներաշխարհը: «Որբերը» սերիալի ցուցադրման օրերին մանկատան երեխաները տասնյակներով, լացելով գալիս էին մեր գրասենյակ, ասում էին. «Ի՞նչ են ուզում մեզնից, թող հանգիստ թողնեն մեզ »: Այո, հասկանալի է, սա ցնցող թեմա է, բայց եթե գոնե դրամատուրգը դներ խնդիր որևէ կերպ օգնելու այդ երեխաների սոցիալականացման հարցում, գուցե ընդունելի լիներ, բայց ի՞նչ արեցին, գնացին արխիվները բացեցին, սոցպատմությունները դարձրին սյուժե՝ մամային բռնաբարեց, սիգարետը հանգցրեց վրան, մայրը կախվեց… ահասարսուռ սյուժե արեցին ու վերջ, չդրվեց խնդիր, միակ խնդիրը գովազդ վաճառելն ու հանդիսատես գրավելն էր և հիմա շարունակաբար դա տեսնում ենք եթերում:

Բայց այս գործիքն էլ պետք է ճիշտ օգտագործվի, քանի որ մարդիկ կան հենց այս սերիալային կարծրատիպերով են ապրում, եթե հիմա այս մեխանիզմն է աշխատող, ապա օգտագործենք դա՝ ճիշտ, նպատակային: Բայց «Որբերի» ժամանակ երբ փորձեցինք միջամտել, խնդրել, որ փոխվի, ասացին մեկ տարվա գովազդի գումարներն արդեն ստացել ենք, ոչինչ չենք կարող անել՝ վերջ:

Ինչո՞ւ է դժվարացել մանկատան սաների սոցիալականացումն ու ինտեգրումը.

–         Մանկատունը պետության սոցիալական, մշակութային խնդիրների հայելին է, որն այնքան զգայուն է ու իր մեջ արտացոլում է տվյալ հասարակության մեջ առկա բոլոր խնդիրները, օրինակ, մենք ունեինք Նաիրիտի, ատոմակայանի հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ, Խարբերդի մանկատանը կտրուկ աճեց ֆիզիկական արատներով երեխաների թիվը:

Տարբեր ժամանակներում երեխաների խնամքն իրականացնող հաստատություններն ունեցել են նպատակ՝ լավ թե վատ, չենք քննարկում, բայց երեխան պետք է լինի պահանջված: Օրինակ, վաղ քրիստոնեական շրջանում այս երեխաները ծառայում էին հենց քրիստոնեության տարածմանը և եթե հետահայաց դիտարկենք՝ մեր կաթողիկոսների մեծ մասը եղել են հենց որբեր:

Խորհրդային Միությունն ուներ որոշակի սոցիալ-տնտեսական քաղաքականություն և մանկատան երեխաները ապագա արդյունաբերության զարգացման հաշվարկներում էին, դպրոցից՝ պրոֆտեխուսումնարան, հանրակացարան ու գործարան, այս շղթայում նրանք պահանջված էին ու սոցիալականացման խնդիրներ գրեթե չէին ունենում: Մինչդեռ հետխորհրդային շրջանում մանկատան երեխայի առաջ չդրվեց որևէ խնդիր, նա պահանջված չէր ու դուրս մնաց սոցիալ-մշակութային համատեքստից: Չստեղծվեցին մեխանիզմներ, երեխայի դաստիարակման քաղաքականություն, չկա արժեհամակարգ, որից ծնվեր այդ քաղաքականությունն ու հակառակը։ Օրինակ, եթե մեր հայեցակարգի մեջ դրվի ժողովրդագրական խնդիրն ու ողջ քաղաքականությունը դրա շուրջ մշակվի, ապա երեխան կդառնա գլխավոր արժեք, մենք կդողանք նրա վրա, նա այլևս բեռ չի դառնա ու մանկատան երեխաներն էլ կտեղավորվեն հենց այդ արժեհամակարգի մեջ:

Մանկատան երեխաների խնդիրները շատ են ինստիտուցիոնալ բացերի, թե՞ անձնական դժվարությունների, հիշողությունների, լքված լինելու հոգեբանական բարդույթի պատճառով, ո՞րն է հիմնականը

–         Եռոտանու սկզբունքը մարդու կայացման կարևոր պայմաններից է, որը հետագա զարգացման հնարավորություն է տալիս։ Այդ եռոտանու հենման կետերն են՝ անցյալը, կենսաբանական պատմությունը՝ քանզի անցյալի ու ներկայի կապը պարտադիր է, մասնագիտական հմտությունները և ազգային պատկանելությունը, որը ևս կարևոր գործոն է: Եթե անձը չունի ընտանեկան պատմություն, ապա այս դեպքում նրա ինքնության համար կարևոր դեր է խաղում ազգային ինքնության հիմքը, դրան համահունչ տեղավորվում ես որոշակի սոցիալական խմբերում:

Մանկատան երեխաների համար բավական բարդ է, քանի նրանք կայացման այս երեք կարևոր բազիսներից որևէ մեկը չունեն: Այժմ երեխաները մասնագիտական խնդիրները չլուծած, ընկնում են սոցիալական դժվարությունների մեջ ու դեռ չկայացած կոտրվում են, սովորական ընտանիքի երեխաներն անգամ այս դժվար մասնագիտական մրցակցության մեջ կորչում են, իսկ մանկատան շրջանավարտն, իհարկե, շատ ավելի խոցելի է:

Աշխատանքի ընդունելու դեպքում կարծրատիպերը որոշի՞չ են, մանկատան սաները ենթարկվո՞ւմ են խտրականության:

–         Մեծ մասն աշխատանք գտնելու խնդիր չունի, սակայն հիմնականում աշխատում են անօրինական և որպես կանոն՝ շահագործվում են և այստեղ կրկին գործում է «անտեր» լինելու գործոնը: Մանկատան երեխաները սովորաբար աշխատաշուկայում ունենում են ընտրություն վատի ու վատթարագույնի միջև:

Կարծրատիպերն, անշուշտ, ազդում են։ Օրինակ, երբ ես փորձեցի միջնորդել մեկի համար, տնօրենն ասաց. մի քանի օր կաշխատի, կստուգենք, եթե գողություն չանի՝ կպահենք։ Այսինքն, խոսքը չէր գնում լավ կամ վատ աշխատելու մասին, այլ միանգամից մտածում էր, որ եթե մանկատնից է անպայման գողություն կանի։ Ցավոք, այդ կարծրատիպերը դեռ կան: Մինչդեռ, ես որքան շփվել եմ, այնքան համոզվել եմ, որ քրեածին տարրը նրանց մեջ շատ ավելի քիչ է, քան նորմալ ընտանիքների երեխաների մեջ: Անհավատալի արժանապատիվ են ու հպարտ:

Մանկատնից դուրս եկած շրջանավարտների և հակասոցիալական վարք ունեցող ընտանիքում հայտնված երեխաների պաշտպանության ինչոր մեխանիզմներ կա՞ն, գործո՞ւմ են:

–         Սա լուրջ խնդիր է, որին բախվել եմ անձամբ: Մանկատներից մեկում մի շատ պայծառ, լուսավոր, բարձր առաջադիմությամբ երեխայի մասին խոսելիս մանկատան տնօրենն ասաց, որ վարքի տարօրինակ փոփոխություն է տեղի ունենում, երբ մայրը տանում է տուն: Բոլորովին պատահական իմացանք, որ մեր բակում ապրող մի մուրացիկ, որն արտաքինից սովորական կեղտոտ, փնթի մարդ էր՝ մանկապիղծ է և այդ երեխայի խորթ հայրն է: Փորփրեցինք, երեխայի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ երեխային բռնաբարում է, տարանք բժշկի, բայց երբ դիմեցինք ոստիկանություն՝ այստեղ ամեն ինչ կանգ առավ: Ամեն ինչ բարդացվեց, որպեսզի գործ հարուցվեր քննիչն ասաց, որ պետք է լուսանկարենք, ապացույցներ բերենք, հետո էլ ասացին հոտ է գալիս այդ մարդուց, չենք կարող հարցաքննել ու վերջ: Գործը ձգձգվեց, հետո մի օր մայրն ասաց, թե տղային ուղարկել է Արմավիրի մարզ, ինչ-որ գոմերում աշխատելու ու պարզվեց տղան մահացել է, թե ի՞նչ պայմաններում այդպես էլ չպարզվեց:

Այսինքն` ես, որ 20 տարուց ավել է այս համակարգում եմ, ունեմ փորձ ու գիտելիքներ, ծանոթներ, չկարողացա այդ երեխային փրկել, քանի որ համակարգը, մեխանիզմները ոչ միշտ են գործում: Սա լուրջ խնդիր է:

90-ականներին մանկատան շրջանավարտները բավական բարդ իրավիճակում հայտնվեցին՝ զրկվելով պետական աջակցությունից, հայտնվելով բառացիորեն փողոցում: Այդ տարիների վերաբերյալ ձեր ուսումնասիրությունները, որոնք փաստական տվյալներով ու խորը վերլուծություններով ամփոփվել են ձեր «Հայաստանի մանկատները» գրքում, փաստում են, որ նրանց 30 տոկոսը եղել է անօթևան, գիշերել է շենքերի նկուղներում, ձեղնահարկերում, 90 տոկոսը չի ունեցել մշտական աշխատանք և արձանագրվել են թրաֆիքինգի, մարմնավաճառության, գողության դեպքեր, գուցե այս իրավիճա՞կն էր, որ ձևավորեց առավել բացասական վերաբերմունք, կարծրատիպեր հասարակության շրջանում:

–         Մանկատան շրջանավարտները՝ որպես խոցելի խումբ, այդ սոցիալական խառնաշփոթի օրերին հայտնվեցին իսկապես դժվարին իրավիճակում ու շատ հաճախ դարձան զոհ: Բայց երկու սերունդների միջև ահռելի տարբերություններ կան՝ 90-ականներին հասարակության վիճակին համահունչ՝ նրանք ևս հնարավոր բոլոր միջոցներով փորձում էին գոյատևել: Այո, հենց այդ տարիներին եղան թրաֆիքինգի դեպքերը, 10-15 աղջիկների, հիմնականում անչափահաս՝ անձնագրերը կեղծելով, երկրից հանեցին: Եվ անշուշտ, այս հանգամանքը իր ազդեցությունն ունեցավ մանկատան երեխայի շուրջ կարծրատիպերի ձևավորման հարցում: Սակայն կային նաև ոչ վաղ անցյալում՝ 1970-80-ականներին ձևավորված կարծրատիպերը, երբ մանկատուն հանձնված երեխաների մի մասը միայնակ մայրերի երեխաներն էին, իսկ միայնակ մոր կատեգորիան, ելնելով մեր ազգային հոգեկերտվածքից, միանշանակ չէր ընկալվում հասարակության կողմից: Երեխան էլ հետագայում կրում էր այդ պիտակը իր ողջ կյանքի ընթացքում:

Սակայն, ինչպես ողջ երկրում իրավիճակը փոխվեց, այնպես էլ՝ այս ոլորտում: Անհամեմատ բարձրացավ վերահսկողությունը, բարձրացավ մանկատան երեխաների կրթական ցենզը, որը նաև հետագա կայացման կարևոր նախապայման է: Մանկատան երեխաներն այսօր կրթության բոլոր հնարավորություններն ունեն, և խնդիրները հաճախ հոգեբանական են։ Օրինակ, նրանք հաճախ ունեն սովորական խոսքի ձևակերպման դժվարություններ և հոգեբանները դա մանկատան ֆենոմեն են համարում, քանի որ հաստատության մեջ նրանք ունեն շփման խնդիր։ Թվում է, երեխաները շատ են, բայց իրական շփումը կայանում է միայն փոքր խմբերում: Ընտանիքում օրվա ընթացքում դու քո երեխային հազարավոր կենցաղային նկատողություններ ես անում ու չես էլ գիտակցում, որ կենցաղավարության բարդ համակարգ ես սերմանում: Հաստատության մեջ դա չկա, այնտեղ չեն յուրացնում միջանձնային հարաբերությունները, ապրելու հմտություններ չեն տրվում և երեխաները մեղավոր չեն, պարզապես հայտնվել են նման իրավիճակում և հենց այս ու շատ այլ հետևանքներ հաշվի առնելով է, որ Երեխայի Իրավունքների մասին կոնվենցիայի առանցքային միտքը պնդում է, որ երեխայի դաստիարակման լավագույն ինստիտուտը ընտանիքն է, եթե հնարավոր չէ կենսաբանական ընտանիքը, ապա գոնե՝ որդեգիր, խնամակալ կամ խնամատար:

Ինչու՞ Հայաստանում այդպես էլ չի կայանում խնամատար ընտանիքների ինստիտուտը: Եթե անգամ անտեսենք երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ու դրա կարևորությունը, զուտ ֆինանսական տեսանկյունից պետության համար ավելի շահավետ են խնամատար ընտանիքները, քան հաստատությունները, քանի որ մանկատանը կամ խնամքի այլ հաստատություններում մեկ երեխայի համար ծախսվում է մոտ 4000 դոլար, խնամատար ընտանիքներում ՝ 2500 դոլար, բայց 2006-ից ի վեր Հայաստանում կա 21 խնամատար ընտանիք և թիվը չի ավելանում հենց ֆինանսների անբավարարության պատճառաբանությամբ:

–         Դա անելու համար անհրաժեշտ են մարդիկ, ոչ միայն ֆինանսական ներդրումներ, այլ հենց մարդկային ռեսուրս, ովքեր կունենան ոլորտի պատկերացում, հմտություններ, կարողություններ ու ամենակարևորը՝ ցանկություն: Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մի քանի նախարար փոխվեց միայն վերջին հինգ տարում, մարդկային գործոնը շատ կարևոր է, քանի որ համակարգը դեռ ձևավորված չէ, իսկ այդ անկատար համակարգում շատ դժվար է բարեփոխումներ անել:

 

 

 «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ.հասցե: [email protected]

Ֆեյսբուք:  https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր:   https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728