Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Թովմասյան. «ԶԼՄ-ների մի ողորմելի տեսակ կա, որ ունեն իրենց ֆեյքերը»

Մարտ 06,2014 16:42

«Մի առիթով ես հիշում եմ, որ իմ հյուրն էր Արամ Աբրահամյանը: Տարիներ առաջ մի լրատվամիջոց էր հայտնվել, որ աջուձախ զրպարտանքներ, վիրավորանքներ ու հայհոյանքներ էր տարածում, մենք խոսում էինք, թե դրա դեմ ինչ պիտի արվի: Արամ Աբրահամյանը շատ հետաքրքիր բան ասաց՝ ժամանակին մարդիկ կային, որ զուգարանի պատերին փորփրում էին հայհոյանքներ ու դրանով հագուրդ էին տալիս իրենց ներքին աննորմալ վիճակներին: Հիմա քանի որ մի լայն դաշտ է ստեղծվել՝ ֆեյսբուքը, շատերը ոչ իրենց դեմքերով՝ ֆեյքերով  տարածում են իրենց հայհոյանքները: Դրա դեմ, իհարկե, պետք է պայքարել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագիծն այսպես մեկնաբանեց Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանը:

Օրինագիծը պատասխանատվություն է նախատեսում այն լրատվամիջոցների համար, որոնք ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի վիրավորական, զրպարտչական գրառումներն ու մեկնաբանությունները հրապարակում են եւ տարածում:

Անժելա Թովմասյանի խոսքերով՝ «Ես համաձայն  եմ, իհարկե, հայհոյանք, զրպարտանք որեւէ պարագայում չի կարելի հրապարակել: Ե՛վ հրապարակողը, ե՛ւ տարածողը պարզ է, որ դրա համար պատասխանատու են: Մեծ հաշվով որեւէ մեկը դրանից ապահովագրված չէ: ԶԼՄ-ները պետք է շատ ուշադիր լինեն հայհոյախառն մեկնաբանությունները տարածելիս: Hayeli.am-ում եթե ինչ-որ հոդված է լինում, ներքեւում կարծիք հայտնելու, մեկնաբանություն թողնելու հնարավորությունը կա: Ես ասել եմ, որ ուշադիր լինեն, եթե հայհոյանք լինի, վիրավորանք լինի՝ չտարածեն: Ես համաձայն եմ, որ այս դաշտը պետք է կանոնակարգվի: Եթե ֆեյսբուքյան գրառման մեջ լինում է վիրավորական բառ, մենք չակերտ ենք դնում եւ բազմակետեր, ես պահանջել եմ խմբագրից, որ այդ հարցերում շատ ուշադիր լինի: Եթե որեւէ վրիպում էլ լինում է, ես դա համարում եմ իմ մեծ բացթողումը»:

Ինչ վերաբերում է ռիսկին, որ ԶԼՄ-ն որեւէ ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը վերահրապարակում է իր կայքում , հետո պարզվում է, որ նա զրպարտել է որեւէ մեկին, ապա, ըստ Անժելա Թովմասյանի, եթե խոսքը կոնկրետ կազմակերպության, կոնկրետ անձի մասին է, բնականաբար, ԶԼՄ-ն չպետք է պատասխանատվություն կրի դրա համար. «Ես կողմ եմ միայն վիրավորական բառերին, հայհոյանքներին, իսկ եթե խոսքը կարծիքի, մոտեցման մասին է, որեւէ սահմանափակման ես, իհարկե դեմ եմ»:

Անժելա Թովմասյանը նաեւ նշեց, որ որոշ լրատվամիջոցներ «զզվելի մեթոդների» են դիմում՝ օգտվելով սոցցանցերի ընձեռած հնարավորություններից. «PR-շիկ ԶԼՄ-ների մի ողորմելի տեսակ կա, որ ունեն իրենց ֆեյքերը: Ինչ ուզում են գրեն, ֆեյքով գրում են, հետո իբր վերցնում են ու դնում ԶԼՄ-ում: Սա լավ պայքար է դրանց դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31