Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթանակ» զբոսայգին`«ուտուշ-խմուշի» այգի. (Ֆոտոշարք)

Ապրիլ 28,2014 22:32

«Հաղթանակ» զբոսայգուց մոտ ապագայում բան չի մնա. երբեմնի ծառաշատ ու երեւանցիների հանգստի ու զբոսանքի սիրելի տարածքից` նախկինում մոտ 120 հեկտարից այժմ ընդամենը 25 հեկտարն է մնացել: Տարիներ առաջ կառավարության տարբեր որոշումներով այգու տարածքից «յուղոտ կտորներ» օտարվել են եւ  տրվել տարբեր գործարարների` հյուրանոցներ, սեփական տներ ու զվարճանքի օբյեկտներ կառուցելու համար:

PrevPhoto
NextPhoto

Օրերս էլ երգիչ Արթուր Իսպիրյանն ահազանգել էր, որ զբոսայգում նորից հյուրանոց է կառուցվում` կանաչ տարածքի հաշվին, ընդ որում, երգչի պնդմամբ` այգու մի հատված վերածվել է «Սովետաշենի աղբանոցի», քանի որ օբյեկտատերն ու շինարարություն իրականացնողները աղբը թափում են տեղանքում: Մեր այցելության պահին արդեն աղբ կամ աղբանոց չկար, հավանաբար երգչի ահազանգելուց հետո տարածքը մաքրվել էր:

Իսկ ինչ վերաբերում է հյուրանոցի շինարարությանը՝ նշենք, որ շինարարությունն իրականացվում է «Գոլդեն Փելիս» հյուրանոցին կից եւ արդեն բավականին մեծ աշխատանք էր կատարված. ծառեր հատվել են, թե` ոչ, դժվար է ասել, քանի որ շենքի մի քանի հարկն արդեն կառուցված է, եւ եթե ծառեր էլ հատվել են, ապա հետքերը վերացված են:

«Գոլդեն Փելիս» հյուրանոցի գլխավոր տնօրեն Կարեն Ջանոյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ շինարարության հենց սկզբից ոչ մի ծառ չի տուժել. «Մենք դեկտեմբերից սկսել ենք շինարարությունը, որի թույլտվությունը ստացել ենք անցյալ տարվա աշնանը, շինարարության սկզբին էլ աղմուկ բարձրացրեցին, թե ծառեր ենք հատել, լրատվամիջոցներ, տարբեր մարդիկ այդ ժամանակ եկան տեսան, որ ես ոչ մի ծառ չեմ կտրել: 3 ծառ է եղել, 3-ն էլ` տեղափոխել եմ: Տեղյակ եմ, որ Արթուր Իսպիրյանը խնդիրը բարձրացրել է, գրել է, որ «Սովետաշենի աղբանոց ենք դարձրել: Ես էլ ասում եմ` նույն հաջողությամբ Արթուր Իսպիրյանը կարող էր «Սովետաշենի աղբանոցը» նկարել ու տեղադրել իր էջում, իբր մեզ մոտ է եւ տպավորությունն այնպիսին էր, թե հյուրանոցն իր կողքին աղբանոց է սարքել: Գիտեք ի՞նչ` աղբանոցի տարածքի հետ մենք ընդհանրապես կապ չունենք, եւ աղբահոտը մեզ ձեռք չի տալիս, ես ինչպե՞ս կարող եմ զբոսաշրջիկ բերել գարշահոտի մեջ, մարդ կմնա մի հյուրանոցում, որտեղ գարշահոտ է»:

Մեր այն հարցին, թե նոր շինարարության համար, ե՞րբ է հողատարածքը ձեռք բերվել, պարոն Ջանոյանն ասաց. «2005 թվականից հետո ոչինչ չի փոխվել, այս տարածքը ընկերությունը ձեռք է բերել տարիներ առաջ, իսկ անցյալ տարվա աշնան էլ շինթույլտվությունն ենք սկսել, եւ սա նույն հյուրանոցի շարունակությունն է»:

Հիշեցնենք, որ հենց 2005 թվականին էլ  մեծ շուքով բացվեց այս հյուրանոցը, որի սեփականատերերի մի քանի անունների հետ շրջանառվում էին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի եւ էկոնոմիկայի ներկայիս նախարար Կարեն Ճշմարիտյանի անունները:

Երբ շրջում էինք «Հաղթանակ» զբոսայգու տարածքում այն, կարելի է ասել բարձիթողի վիճակում էր. այգում ժամանցի տարատեսակ ծառայություններ կազմակերպող ընկերությունների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ ամբողջ տարածքում հազիվ 4 հոգի մարդ է աշխատում` որպես ծառերը խնամող, էտող, բայց խողովակներն էլ այնքան հին են, որ նորմալ ոռոգում էլ չի կատարվում. «Այգուն նորմալ տիրություն անող չկա, մի օր էս եղածն էլ չի լինի, որ նայեք կտեսնեք` «կռուգոմ» կամ հյուրանոց ա, կամ սեփական տուն ու «ուտուշ-խմուշի» տեղեր» են: Անունը փոխելու ենք դնենք «ուտուշ-խմուշի» այգի»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930