Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու մարդ ես, պոետ, իսկ քաղաքացի՞»

Հունիս 04,2014 23:59

Լույս է տեսել «Գրանիշ» գրական հանդեսի նոր՝ «Գրանիշ քաղաքացի» համարը, որտեղ տեղ են գտել ինչպես հայ ժամանակակից հեղինակների, այնպես էլ արտասահմանյան գրականության թարգմանություններ, հետազոտություններ:

Նշենք, որ «Գրանիշ» գրական հանդեսի յուրաքանչյուր համար թեմատիկ է և ամփոփում է գեղարվեստական կամ հասարակական որոշակի խնդիր:

«Գրողի քաղաքացիական դիրքորոշման թեմային անդրադառնալու «Գրանիշի» այս ձեռնարկը պայմանավորված է ձևակերպումներ ու վերաձևակերպումներ անելու հանրային իրական պահանջարկով,- պարզաբանում է «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր, բանաստեղծ Կարեն Անտաշյանը: Հատկապես վերջերս, երբ հանրային հնչեղության որևէ հարց է լինում, թե´ լրագրողները, թե´ որոշ մարդիկ շատ հաճախ այսպիսի հարց են բարձրացնում, թե ո՞ւր են մեր գրողները, ո՞ւր է մեր մտավորականությունը, ինչո՞ւ չեն արտահայտվում այս հարցի շուրջ և այլն:

Բայց կա նաև հակառակ տեսակետը. կան բավականին մեծ թվով գրողներ, որոնք կարծում են, որ գրականությունը տարածաժամանակային ավելի մեծ ընդգրկում ունի, և բոլորովին պարտադիր չէ, որ այստեղ և հիմա ստեղծվող տեքստն անմիջական փոխազդեցություն ունենա օպերատիվ լրահոսի հետ, և շատ հավանական է, որ այդ տեքստը նախատեսված է, ասենք, հիսուն տարի հետո իրականություն մտնելու համար»:

Որպես նման իրողության օրինակ՝ բանաստեղծը հիշեց Ֆ. Կաֆկայի գրականությունը, որը նրա մահից շատ տարիներ անց միայն դարձավ հանրությանն հասկանալի ու գնահատված:

«Երկու կողմն էլ ճիշտ են, բայց հարցի մեկ այլ կողմ էլ կա,- ասում է Կ. Անտաշյանը,- մեր հասարակությունը, որքան էլ ցավալի է, գրական արդյունքի սպառող չէ: Եվ որքանո՞վ է ազնիվ, երբ դու որևէ գործչի շնորհում ես գրողի սոցիալական կարգավիճակ, այսինքն՝ նրանից խոսք ես ակնկալում՝ իբրև գրողի, բայց դու նրա գրականությունը չես կարդում»:

«Գրանիշ քաղաքացին», որի կարգախոսը չարենցյան հայտնի տողերի խաղարկմամբ ձևակերպված հարցադրումն է՝ «դու մարդ ես, պոետ, իսկ քաղաքացի՞», Կ. Անտաշյանի խոսքով՝ վերջնական ինչ-որ լուծումներ չի տալիս գրողի քաղաքացիական դիրքորոշման հետ կապված. «Համարը, պարզապես, փորձում է ավելի ընդգրկուն պատկերացում տալ հարցի մասին՝ եզրահանգումները թողնելով ընթերցողին, և, ինչու չէ, նաև ապագա թեժ քննարկման հարթակ դառնալ»,- ասում է նա:

«Գրանիշ» գրական ակումբի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանն էլ, «Գրանիշի» նոր համարը ներկայացնելուց առաջ, մի դիտարկում արեց «քաղաքական» և «քաղաքացիական» հասկացությունների ընկալման հետ կապված. «Քաղաքացիական ասելով մենք հաճախ քաղաքական ենք հասկանում, գնում ենք դեպի քաղաքականություն, այնինչ, համարն ավելի ընդգրկուն է, ավելի լայն հարցեր է շոշափում՝ քաղաքացիական դիրքորոշում հասկացության մեջ նկատի ունենալով նաև սոցիալական տարաբնույթ թեմաներ:

Ոչ պակաս քաղաքացիական դիրքորոշմամբ են համարում ներկայացել, օրինակ, Արմեն Շեկոյանն ու Համբարձում Համբարձումյանը, որոնք սոցիալական բնույթի խնդիրներ են վեր հանում»:

Ինչպես նշեց Հ. Հակոբյանը, համարում ընդգրկել են այնպիսի թարգմանություններ, որոնք տարբեր երկրների օրինակով ցույց են տալիս, թե ինչպես կարող է գրողը, առանց քաղաքացիական հարցեր վեր հանելու, դառնալ իր երկրի դեմքը, ինչպես է գրողը, նույնիսկ չխոսելով քաղաքականության մասին, դառնում իր երկրի դեսպանը՝ ընդամենը ստեղծելով լավ գրականություն:

«Ես դժվարանում եմ ասել՝ այսօր բնության մասին գրած մի բանաստեղծությո՞ւնն է ավելի քաղաքացիական, թե՞ ակտիվ, ամենօրյա ցույցից եկած մարդու տրամադրությամբ գրված բանաստեղծությունը,- ասում է Հ. Հակոբյանը: Ի վերջո, լավ գրականությունն է, որ ողջ աշխարհին ներկայանում է որպես տվյալ երկրի դեմք, և ես կցանկանայի, որ մենք նման գրականություն ունենայինք, և որ մեր գրողներին էլ այդպես ճանաչեին, մեր գրողներն էլ մեր երկրի դեմքը դառնային՝ անկախ նրանից, թե ինչ սկզբունքով են մոտեցել և հասել այդ հարցին»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30