Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրիժոր Զավեն Վարդանյանը մեկ տարով առաջ է անցել

Հունիս 06,2014 14:02

Նա արդեն սկսել է 2014-15թթ. համերգաշրջանը

Ճանաչված դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Զավեն Վարդանյանի վերջին շրջանի համերգների հայտագրերում նշվում է ոչ թե ընթացիկ՝ 2013-14թթ. համերգաշրջան, այլ 2014-15թթ.: Այս առիթով «Առավոտի» հետաքրքրությանն ի պատասխան՝ դիրիժորը հայտնեց, որ ինքը սեփական նախաձեռնությամբ սկսել է իր ծննդյան 70 եւ ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանների միջոցառումների շարքը: Մանրամասնեց, որ, օրինակ, ապրիլին ղեկավարել է Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռ. Մլքեյան), հունիսի 20-ին կկանգնի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) դիրիժորական վահանակի առջեւ: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին՝ իրենց կոլեկտիվները մեկ երեկո ղեկավարելու խնդրանքով ու հույս ունի՝ մերժում չի ստանա: Արվեստագետը նշեց, որ արդեն համաձայնություն է ձեռք բերել «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի հետ՝ աշնանը հիշյալ կոլեկտիվների հետ մեկական երեկո անցկացնելու նպատակով:

Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին, թե իր հոբելյանների առիթով հավանաբար հույսեր չի փայփայում մշակույթի նախարարության հետ, Զավեն Վարդանյանը հակադարձեց. «Խնդրում եմ սա «չքաղաքականացնել»: Ի վերջո, այս կոլեկտիվները գործում են մշակույթի նախարարության ենթակայությամբ եւ ստեղծագործական հարաբերություններս այս կոլեկտիվների ու նրանց ղեկավարների հետ բարիդրացիական են…»:

Զավեն Վարդանյան դիրիժորի անունը մասնագետները հիմնականում կապում են 1980-ականների հայկական կամերային եւ անսամբլային երաժշտության «բումի» ու հաջողությունների հետ: Ժամանակին նրա գլխավորությամբ են անցել հայաստանյան բազմաթիվ փառատոներ ու մրցույթներ: Ստեղծագործական չորս տասնամյակների ընթացքում Զավեն Վարդանյանի մեկնաբանմամբ հայաստանցի ունկնդիրն առաջին անգամ է ծանոթացել Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի եւ կոմպոզիտորական արվեստի համաշխարհային դասական այլ հեղինակների գործերին: Նա, որպես հրավիրյալ դիրիժոր, հանդես է եկել Ռուսաստանում, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում… Դիրիժորի կարիերան սկսվել է 1975թ., այդ տարի նա հիմնեց Մենակատարների անսամբլը, որը միայն 2008թ. ստացավ պետական կարգավիճակ: Իսկ Կամերային նվագախմբի հիմքի վրա ստեղծվեց Երեւանի պետական կամերային նվագախումբը, եւ մաեստրոն 1979-90թթ. հանդիսացավ վերջինիս գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Այսօր Զավեն Վարդանյանի ղեկավարած Մենակատարների պետական անսամբլը իր նվագացանկում ունի միայն 28 հայ կոմպոզիտորների շուրջ 50 ստեղծագործություն: Հայ դիրիժորը Էկվադորի կառավարության հրավերով 2003-07թթ. աշխատել է տեղի համալսարանում եւ ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը: 1992-2010թթ. դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես շնորհակալ եմ Զավեն Վարդանյանից, որի շնորհիվ էր նաև, որ ես դարձա մոնումենտալիստ կոմպոզիտոր: Եթե պարոն Վարդանյանը 80-ական թվերին իմ գործերը ևս կատարեր (այդ ժամանակվա ազդագրերում չեք հայտնաբերի իմ ազգանունը), հնարավոր է, որ ես էլ իմ սերունդակիցների նման տարվեի մանր-մունր կամերային ժանրերով և չստեղծեի մոնումենտալ գործեր… Այսօր, ես հպարտանում եմ, այդ ժամանակվա ստեղծածս, մի քանի տասնյակի հասնող օրատորիաներով, կանտատներով, սիմֆոնիաներով և երեք ,,Ռեքվիեմ,,-ներով՝( բոլորն ել մեծակտավ, բազմամաս, մայրենի լեզվով): Այդ ժամանակ, որպես երիտասարդ կոմպոզիտոր շատ էի նեղվում, ընկճված էի: Այսօր՝ շնորհակալ եմ Զավեն Վարդանյանից և շնորհավորում եմ նրա հոբելյանը… Հարգաբքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30