Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները ժողովրդին վերաբերում են կթու կովերի նման»

Հունիս 30,2014 23:10

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ, իշխանությունները հերթական գրպանահատությունն են սկսել՝ էլեկտրաէներգիայի սակագինը 32 դրամից դարձնելով  42 դրամ:

«Ոչ մի լուրջ հիմնավորում չի բերվում՝ ինչից ելնելով են 4 դրամով թանկացնում:

«Ցանկացած նմանատիպ քայլի մեջ երեւում է իշխանությունների գրպանահատության փորձը, չի հիմնավորվում՝ որտեղից առաջացավ 20 միլիարդ դրամի տարբերությունը, պարտքը: Գազի գնի հետ կապված նույնպես հայտարարեցին, որ առաջացել է 300.000 միլիոն դոլար պակասորդ ու էլի չհիմնավորվեց: Այսինքն, տեսնում ենք, որ ռեժիմը կուտակում է պարտքեր ու որեւէ ձեւով չի հիմնավորում  այդ պարտքերի գոյացման աղբյուրը»,- Aravot.am-ին ասաց այսօր Ազատության հրապարակում էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին քաղաքացիներին իրազեկող ակցիայի մասնակից Արգիշտի Կիվիրյանը:

Նա նաեւ նկատեց, որ էլեկտրացանցեր ընկերության կուտակած պարտքերն անհիմն են. «Հիմա փորձում են այդ պարտքերը դնել քաղաքացիների ուսերին: Ու փորձում են հեքիաթ ներկայացնել, թե պարտքերը մարելուց հետո կկատարենք այս կամ այն քայլերը, սակագինը կնվազեցնենք: Դա կարելի է որակել որպես հեքիաթ: Հայաստանը ունի այն ռեսուրսները, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է կտրուկ իջնի, ոչ թե թանկանա: Բայց, քանի որ իշխանությունները սեփական քաղաքացիներին վերաբերում են որպես կթու կով, որին կարելի է  կթել, նրանք շահագրգռված են գրպանահատական շահերով, ոչ թե քաղաքացիների շահերով»:

Նրա խոսքով, վաղը առավոտյան հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց նախատեսված բողոքի ակցիայի ժամանակ, մինչ հանձնաժողովը կքննարկի սակագնի բարձրացման հարցը, մի խումբ քաղաքացիներ  նախատեսել են ներս մտնել եւ մասնակցել քննարկմանը, թեեւ քաղաքացիների մուտքը հանձնաժողով թույլատրված չէ:

Պարոն Կիվիրյանի համոզմամբ, եթե վաղը նախատեսված ակցիայի մասնակիցները թվաքանակով շատ չլինեն, ապա չի բացառվում, որ ոստիկանները կրկին փորձեն բիրտ ուժ գործադրել, ինչպես նախորդ ակցիայի ժամանակ. «Իսկ եթե լինի պատկառելի քանակ լինի, ապա ոստիկանությունը ընկրկելու է, չի հանդգնելու գնալ որեւէ գործողության: Նրանք սոված գայլերի պես հարձակվում են, երբ տեսնում են մարդկանց թվաքանակը քիչ է, իսկ երբ նկատում  են պատկառելի քանակ, վախենում են հարձակվել քաղաքացիների վրա: Նրանք գործում են սոված ոհմակի օրենքով»:

Ակցիայի մասնակիցները այսօր թռուցիկներ են բաժանել անցորդներին՝ տեղեկացնելով ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումների, այլեւ վաղվա ակցիայի մասին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30