Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարիք չկա հորս դիմելու»

Հուլիս 24,2014 14:00

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական
ղեկավար Սերգեյ Սմբատյանի դիտարկումները

Սերգեյ Սմբատյանի ղեկավարած՝ ութամյա կենսագրություն ունեցող Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պատմությունը եթե փորձենք հակիրճ ներկայացնել, չի ստացվի՝ պարզ պատճառով. այս նվագախումբը իր «մանկահասակ» տարիքում հայաստանյան մշակութային կյանքում արեց այն, ինչը չեն արել նույնիսկ տասնամյակների կենսագրություն ունեցող որոշ պետական կոլեկտիվներ: Ստեղծման առաջին իսկ օրվանից նվագախումբը սերտ հարաբերություններ ունի աշխարհահռչակ վարպետների հետ, այդ թվում՝ Վլադիմիր Սպիվակով, Վալերի Գերգիեւ, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուեւ, Բորիս Բերեզովսկի եւ այլն: Այս կոլեկտիվը մշտապես մասնակցություն է ունենում միջազգային փառատոների: Հիշեցնենք, որ միայն 2013-14թթ. համերգաշրջանում Երիտասարդականը մասնակցեց հեղինակավոր միջազգային երկու փառատոների՝ Իտալիայում անցկացվող Musica Riva եւ լիբանանյան Al Bustan, հանդես գալով ճանաչված երաժիշտներ՝ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Անտոնիո Մենեսեսի եւ դիրիժոր Ջիանլուկա Մարչիանոնիի հետ: Գերգիեւի հրավերով անցյալ համերգաշրջանում նվագախումբը ելույթ ունեցավ Մարիինյան թատրոնում եւ համերգներից մեկը ղեկավարեց ինքը՝ Գերգիեւը: Նվագախումբը կարծես ոչ մի օր հանգիստ չունի նաեւ տանը՝ Հայաստանում: Միայն հունիսին կայացած խաչատրյանական մրցույթին տեսնում էինք, թե ինչպես կոլեկտիվը օրական 4 փորձ է անցկացնում ու նույնքան էլ ելույթ…

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Սերգեյ Սմբատյանը հաստատեց մեր այն դիտարկումը, թե նվագախմբի երաժիշտներն աշխատում են գերհագեցած գրաֆիկով եւ հավելեց, թե օգոստոսին պատրաստվում են շուրջ մեկամսյա փառատոնային շրջագայության ասիական երկրներ: Երիտասարդ արվեստագետը, ի տարբերություն իր որոշ գործընկերների, ողջ զրույցի ընթացքում ոգեւորված խոսում էր ոչ թե արտերկրյա, այլ հայաստանյան համերգների մասին: Օրինակ, հիշեց դեռեւս 2 տարի առաջ նվագախմբի կողմից իրականացրած Hollywood non stop նախագիծը: «Անցյալ համերգաշրջանում Երիտասարդականը ելույթներ է ունեցել հայաստանյան 9 մարզերում: Օրինակ, Գյումրիում կայացած համերգից հետո մենք հաճելիորեն ստիպված էինք կրկնել այն…»,- ասաց Սմբատյանը: Դիրիժորի հավաստմամբ՝ պետք չէ ամեն ինչ տեսնել մռայլ գույների մեջ, անհրաժեշտ է աշխատել ու աշխատել: «Օրինակ, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացած համերգը, որին ներկա էին մեր մանուկները, հավատացած եմ՝ գուցե ամպագոռգոռ հնչի, բայց այդ միջոցառմամբ մենք ձեռք բերեցինք, արդեն 20 տարի հետո, դասական երաժշտության երկրպագուներ»,- հավատացած է դիրիժորը:

Սերգեյ Սմբատյանը գտնում է, որ եթե մշակութային դաշտում կա խնդիր, դրանց մասին բարձրաձայնողները պետք է իրենց լուծումներն առաջարկեն: Դիտարկմանը, թե հաջողությունները կախված են նաեւ տեղական եւ արտերկրյա հովանավորներից, դիրիժորը պատասխանեց. «Դրսում մենք ունենք ընդամենն աջակիցներ: Իսկ Երիտասարդականի գլխավոր գործընկերն է «ՎիվաՍելլ- ՄՏՍ»-ը, որը ոչ միայն ֆինանսական, այլեւ մշակութային խորհուրդներով է մեզ աջակցում… Յուրաքանչյուր կոլեկտիվ պետք է այն աստիճան լինի պրոֆեսիոնալ, որ իր շուրջը ստեղծի հետաքրքրություն, սեր ու հարգանք: Ցավոք, որոշ նվագախմբերի համերգներ անցնում են կիսադատարկ դահլիճներում»:

Հարցին, թե մշակութային դաշտի խթանման առիթով ի՞նչ հարցեր կուղղեր իր հորը՝ ՀՀ նախագահի նորանշանակ խորհրդական Արմեն Սմբատյանին, որդին պատասխանեց. «Սիրում ենք «դրսից» լավ օրինակներ բերել, իրականում հայաստանյան մշակութային կյանքը լավ է աշխատում: Ի դեմս մշակույթի նախարարի՝ ունենք ոլորտը կառավարող լիդեր: Այնպես որ, կարիք չկա հորս դիմելու»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031