Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինձ «ջրեն», ես միայն ուրախ կլինեմ». քահանան Վարդավառի մասին

Հուլիս 26,2014 16:45

Վաղը՝ հուլիսի 27-ին, մենք տոնում ենք հնուց ի վեր նշվող ամենասիրված տոներից մեկը՝ Վարդավառը, որը Հայ առաքելական եկեղեցին անվանում է Հիսուս Քրիստոսի պայծառակերպության օր:

«Հիսուսն աղոթում էր Թաբոր լեռան վրա: Նրա հետ էին նաև իր առաքյալներից երեքը` Պետրոսը, Հակոբոսն ու Հովհաննեսը: Հիսուսը սիրում էր աղոթել լեռների վրա, որովհետև իրեն այդպես ավելի մոտ էր զգում Աստծուն: Եվ պատահական չէ, որ հայ միջնադարյան եկեղեցիները հիմնականում կառուցում էին լեռների վրա: Հանկարծ առաքյալները տեսնում են տիրոջ դեմքն ու հագուստն ամբողջովին ճերմակ, պայծառացած: Ասում են` աշխարհում այդպիսի ճերմակություն չկար: Տեսնելով այդ պահը՝ նշանավոր մարգարեներ Մովսեսն ու Եղիան ասում են՝ ինչ լավ է, որ մենք այստեղ ենք, Տե´ր, քեզ համար տաղավար պատրաստենք: Հետո ամպ է իջնում այդ տեսարանի վրա, ու լսվում է հայր Աստծու խոսքը` նա է իմ սիրելի որդին, լսեք նրան… Մինչև պայծառակերպությունը Հիսուսը խոսում էր իր չարչարանքների, խաչելության և հարության մասին, իսկ պայծառակերպությամբ նրա երեք առաքյալները տեսան տիրոջ փառքն ու համոզվեցին, որ նա աստված է»,- սա է տոնի հոգևոր խորհուրդը, որի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

Ինչպես իր խոսքում նշեց քահանան, Հիսուս Քրիստոսի պայծառակերպության օրը` Վարդավառը, Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը հավատացյալները դիմավորում են մեկշաբաթյա պահքով, իսկ բուն տոնակատարությունն սկսվում է պատարագով:

Տեր Կարապետն ասում է, որ պայծառակերպության խորհրդով մենք՝ քրիստոնյաներս, թե´ որպես անհատ, թե´ որպես ժողովուրդ, կոչված ենք անընդհատ պայծառանալու, բարեփոխվելու` տիրոջ ճանապարհով քայլելու համար:
Ինչ վերաբերում է միմյանց վրա ջուր ցողելու հին ավանդույթին` քահանան ասաց, որ եկեղեցին դեմ չէ դրան, միայն թե դա պետք է չափի մեջ լինի. «Հայ առաքելական եկեղեցին ազգային ավանդույթների կրողը, պահպանողն ու փոխանցողն է, և եկեղեցին ջուր ցողելու մեջ վատ բան չի տեսնում, որովհետև այն նաև ջրհեղեղի խորհուրդն ունի: Ջուրը փրկող ու մաքրագործող ուժ ունի, ի վերջո, մենք ջրով ենք մկրտվում: Ինձ փոքր ժամանակ «ջրել» են և հիմա էլ եթե «ջրեն», ես միայն ուրախ կլինեմ»,- ասում է քահանան:

Եվ վերջում Տեր Կարապետը հորդորեց տոնի օրը գերեզմանոց չգնալ, որովհետև, նրա խոսքով, խիստ արգելված է տոնական օրերին հանգուցյալներին այցելելը: Նրանց այցելության օրը տոնի հաջորդ օրն է՝ երկուշաբթին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031