Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Աբրահամյան. «Ես հոսքագծի բանվորներից մեկն եմ»

Հուլիս 27,2014 20:30

Հարցազրույց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ:

– «Առավոտի» խմբագրի աշխատանքը ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս է Ձեզ առաջարկել:

– Դրա նախապատմությունը բավականին դրամատիկ էր: 94 թվականի հոկտեմբերի 19-ին տանս շքամուտքում ինձ վրա հարձակվեցին, վնասվածքներ պատճառեցին, եւ ես բավականին երկար ժամանակով հայտնվեցի հիվանդանոցում: Այնտեղ եկավ այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, ասաց, որ նոր թերթ է լույս տեսնում՝ «Առավոտ», ու առաջարկեց ինձ դառնալ այդ թերթի խմբագիրը: Ես, չնայած գրում էի թերթերի համար, բայց իմ հիմնական զբաղմունքը հեռուստատեսությունն էի համարում: Խիստ կասկածում էի, որ կարող եմ թերթի խմբագիր լինել: Բայց Վանոն, այսպես ասած, տեսավ իմ մեջ այն, ինչը ես ինքս չէի տեսնում: Ընդհանրապես, այդ մարդն օժտված է փայլուն ինտուիցիայով, ինչպես եւ բոլոր լավ գրողները: Թերթի խմբագրի պաշտոնը ստանձնեցի նույն թվականի դեկտեմբերի 6-ից:

– «Առավոտն» արդեն մի քանի ամիս էր՝ թողարկվում էր, հետեւո՞ւմ էիք օրաթերթին, ինչպիսի՞ն էր տպավորությունը, որպես ընթերցող, «Առավոտի» մասին՝ նախքան Ձեր՝ խմբագիր դառնալը:

– Ես այն ժամանակ հեռուստատեսությամբ վարում էի «Մամուլի տեսություն» հաղորդումը եւ կարդում էի բոլոր թերթերը՝ այն ժամանակ դրանք այսօրվա չափ շատ չէին: Իհարկե, արդեն առաջին իսկ ամիսներին սաղմնավորվում էին հիմնական սկզբունքները՝ զուսպ, կիրթ տոնայնությունը, խնդիրների անկողմնակալ լուսաբանումը, քարոզչություն չանելը:

– Օրաթերթի մասին Ձեր պատկերացումները, ու ի՞նչ էիք ցանկանում այն ժամանակ փոխել «Առավոտում»՝ որպես խմբագիր:

– Իմ պատկերացումները ձեւավորվել էին այն ժամանակվա ռուսական օրաթերթերի՝ «Իզվեստիա»-ի եւ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ազդեցության տակ: Դրանք կարդում էի ամեն օր: Նաեւ որոշակի պարբերականությամբ ինձ բերում էին «Շպիգելը», «Նյուսուիքը» եւ «Ինթերնեյշնլ գերալդ տրիբյունը»: Ռուսական մամուլն ավելի վերլուծական, կարելի է ասել՝ «քնարական» էր, արեւմտյանը՝ ավելի «չոր»: Ես «չորության»՝ հատու, սեղմ ոճի կողմնակիցն էի՝ այդ հիմա է, որ թերթն իր «վերլուծականությամբ» պիտի տարբերվի կայքից: 20 տարի առաջ կայքեր, ըստ էության, չկային: Թերթի առաջին խմբագիր՝ լուսահոգի Իգնատ Մամյանը գրող էր, բանաստեղծ՝ նա, բնականաբար, ավելի հակված էր գեղարվեստական խոսքին: Հետագայում՝ բազմիցս շփվելով Իգնատի հետ, միշտ հիացել եմ նրա գեղեցիկ խոսքով. նրա ամեն մի պատմություն նովել էր՝ իր ավարտուն կառուցվածքով: Բնականաբար, այն տարիներին բուռն զարգացում ապրող լրագրությունն իր պահանջներն էր դնում, եւ մենք 90-ականների երկրորդ կեսին փորձում էինք դրան համապատասխանել:

– Կհիշե՞ք Ձեր առաջին օրը խմբագրությունում, հանդիպումը աշխատակազմի հետ, նրանց հետ զրույցը:

– Դա Մամուլի շենքի 10-րդ հարկում էր, մենք ունեինք ընդամենը 4 սենյակ: Մի կես ժամ զրուցեցինք չորս հոգով՝ Խաչատուր, Սարիբեկ Սուքիասյանները, Իգնատը եւ ես: Հետո ծանոթացա մնացած կոլեկտիվի հետ եւ միանգամից հարազատություն զգացի: Մինչեւ հիմա էլ շարունակում եմ զգալ: Իհարկե, այս 20 տարվա ընթացքում շատ մարդիկ են գնացել-եկել, բայց բոլոր գնացածների հետ շարունակում եմ պահպանել ջերմ հարաբերություններ: Մի քանի տասնյակ մարդկանցից միայն երկուսի հետ եմ ունեցել կոնֆլիկտ, այն էլ ոչ թե մասնագիտական, այլ մարդկային հողի վրա: Մարդկայինն ինձ համար առաջնային է:

– Ժամանակաշրջանի մամուլը ինչպիսի՞ն էր, ինչո՞վ պետք է տարբերվեր «Առավոտը»:

– Մամուլը կուսակցական էր՝ հստակ արտահայտված քաղաքական կուրսով: Ընդ որում, ընդդիմադիր կուսակցությունների տեսակետը մամուլում գերակշռում էր եւ, ինչպես եւ հիմա, ավելի մեծ ժողովրդականություն էր վայելում: Մարդկանց հաճելի է լսել եւ կարդալ, որ իրենց կյանքը վատն է, անտանելի, եւ դրա պատասխանատուն, իհարկե, իշխանավորներն են: Այդպես էր 20 տարի առաջ, այդպես է նաեւ հիմա: Կուսակցական մամուլի կարծրատիպն առաջինը կոտրեց «Լրագիրը»՝ շնորհակալություն Հայկազ Ղահրիյանին: Մենք էլ՝ առավոտցիներս, գնացինք եւ շարունակում ենք գնալ էժանագին հեղինակություն ձեռք չբերելու ճանապարհով եւ փորձում ենք ներկայացնել կյանքը՝ ինչպես որ կա, չմասնակցելով կուսակցական թայֆաների՝ հաճախ անպտուղ վեճերին:

– Ինչպե՞ս էին ընդունվում «Առավոտի» հրապարակումները, եւ Դուք, որպես խմբագիր, որքանո՞վ էիք ճնշումների ենթարկվում:

– Ոչ միայն մեր, այլեւ բոլոր թերթերի հրապարակումներն առաջ շատ բուռն էին ընդունվում՝ լրագրողների ծեծով-ջարդով, խմբագրությունների վրա հարձակումներով, սպառնալիքներով, վրեժ լուծելով: Հիմա էլ, ցավոք, լրագրողների հանդեպ բռնությունների դեպքեր լինում են: Բայց, համաձայնեք, մի բան է, երբ փողոցում, միջոցառման ժամանակ ոստիկանները քաշքշում են լրագրողին (ինչն, անշուշտ, դատապարտելի է), մեկ այլ բան է, երբ «լավ տղերքը» հատուկ գալիս են խմբագրություն՝ հաշվեհարդար տեսնելու: Հիմա այդ «տղերքը» եւ նրանց ուղարկողները՝ իշխանավորները, ավելի անտարբեր են դարձել լրատվամիջոցների հանդեպ: Դա եւ լավ է, եւ վատ:

– Ինչպիսի՞ մասնագիտական եւ մարդկային հատկանիշներ պետք է ունենան «Առավոտի» լրագրողները:

– Կարող եմ խոսել լրագրողների մասին ընդհանրապես: Այս հարցին կարող եմ պատասխանել հենց ձեր կուրսի օրինակով, որտեղ դասավանդել եմ: Մի քանի դասից հետո ինձ համար պարզ դարձավ, որ մի 4-5 հոգի, այդ թվում եւ դու, կարող եք դառնալ լրագրողներ: Մնացածը գուցեեւ ավելի գեղեցիկ են գրում, ավելի տպավորիչ ձայներ եւ արտաքին ունեն, բայց լրագրող չեն դառնա: Լրագրողը մի մարդ է, որը վառվում է պատմություն պատմելու ցանկությունից: Մնացածը կարելի է սովորել: Գումարած դրան՝ լրագրողը չպիտի տրտնջա, երբ նրան առաջադրանք են տալիս, եւ լրագրողը պետք է լինի թիմային խաղացող: Միայնակ գայլեր լրագրության մեջ չեն լինում:

– Ձեր մասին «Առավոտի» լրագրողները, նույնիսկ նրանք, ովքեր Ձեր ղեկավարությամբ չեն աշխատել, դրական են խոսում եւ համարում են, որ Ձեր շնորհիվ է «Առավոտը» կայացել: Ինչպե՞ս է դա ստացվել:

– Ես էլ նրանց բոլոր-բոլորի մասին եմ շատ դրական խոսում եւ, ամենակարեւորը, մտածում: Եթե ինչ-որ բան հաջողվել է անել, դա նրանց՝ բոլոր առավոտցիների շնորհքն է: Ես ոչ մի առանձնահատուկ «պաշտոն» կամ շնորհք չունեմ՝ ընդամենը հոսքագծի բանվորներից մեկն եմ: Ինչպես է ստացվո՞ւմ: Խորհուրդ եմ տալիս բոլորին դիտել կամ, եթե դիտել են, վերհիշել Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմը: Վերջին նովելում մի պատանի, իր կյանքը փրկելու համար, ձեւացնում է, թե գիտի եկեղեցու զանգերը ձուլելու գաղտնիքը եւ խանդավառությամբ լծվում է գործի: Եվ այդ աշխատանքի ընթացքում նրա առջեւ իսկապես բացվում է այդ Գաղտնիքը: Երբ սպասում ես, որ քո առաջ գաղտնիք կբացվի, ոչ մի բան տեղի չի ունենում, իզուր ժամանակ ես կորցնում: Գաղտնիքն ի հայտ է գալիս ամենօրյա լարված աշխատանքի ժամանակ:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031