Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը երեխաների աչքի առաջ առանձնակի դաժանությամբ, դանակի 21 հարվածով սպանելու համար՝ ընդամենը 12 տարի

Հուլիս 31,2014 17:18

2012 թվականի դեկտեմբերին իր փաստացի ամուսնու կողմից առանձնակի դաժանությամբ սպանված 35- ամյա Դիանա Նահապետյանի դատական գործը թեւակոխել է դատական վիճաբանությունների փուլ:

Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում իր մեղադրական ճառը կարդաց մեղադրողը: Մինչ այդ սակայն, դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը նկատեց, որ նիստին ներկա չէ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, եւ դա առաջին անգամ չէ: Ներկա չէր նաեւ տուժողի իրավահաջորդն ինքը:

Ամբաստանյալը՝ Դիանայի փաստացի ամուսին Վոլոդյա Մուրադյանը, դատարան էր եկել վիրակապված ձեռքով եւ արժանացավ դատավորի հեգնանքին՝ «էս ի՞նչ է, ինքնասպանության փո՞րձ ես արել», ինչին պատասխանեց՝ չէ, ցավում էր:

Ամբաստանյալն իր պաշտպանի հետ լսեց մեղադրողի ճառը, որից հետո՝ դատավորի հարցին՝ պատրա՞ստ է պաշտպանական ճառով հանդես գալու, պատասխանեց, որ՝ ոչ: Նրա պաշտպանն էլ չէր պատրաստել իր խոսքը՝ ծանրաբեռնվածության պատճառով եւ 10 աշխատանքային օր ժամանակ խնդրեց՝ ճառը պատրաստելու համար: Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 15-ին:

Հետեւողականորեն նիստին ներկա էին նաեւ սպանության առաջին իսկ օրերից այս գործի մասին բարձրաձայնող եւ արդարություն պահանջող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպությունները, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը:

Մեղադրողը տեղեկացրեց, որ Վոլոդյա Մուրադյանին առաջադրված մեղադրանքը՝ Քր. Օր.-ի 104.1 հոդվածի հիման վրա՝ «դիտավորությամբ կյանքից զրկելը», փոխարինվել է Քր. Օր.-ի 104. 2. 5-ի՝ «առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն»: Ընդ որում, առանձնակի դաժանությունը այստեղ ոչ միայն Դիանայի գլխին ծաղկամանով հարվածելը, մազերից քաշ տալով մի քանի սենյակ տանելը, ապա դանակի 21 հարված հասցնելն էր, այլեւ՝ Դիանայի երեխաների ներկայությունը՝ սեփական մոր այս կարգի դաժանությամբ կատարված սպանությանը:

Դատական նախորդ փուլերի ընթացքում ամբաստանվող կողմն ամեն ինչ արեց, որպեսզի շեշտադրում արվի Դիանայի իբրեւ՝ ոչ պատշաճ վարքի վրա, ինչի պատճառով էլ, իբրեւ 51-ամյա Վոլոդյան խանդի հողի վրա սպանել էր կնոջը: «Ամուսնական անհավատարմության» մասին անընդհատ շեշտվող վարկածը, ըստ ամբաստանյալի, հավանաբար մեղմացնում է երկու երեխաների մոր կյանքը աննկարագրելի դաժանությամբ խլելը: Կարծես թե բաժանվելու (ամուսնալուծություն ասելը փաստացի, ոչ օրինական ամուսնության դեպքում սխալ կհնչի) մասին ոչ լսել էր, ոչ գիտեր:

Դիանայի 17 եւ 14 տարեկան աղջիկները սկզբից մինչեւ վերջ տեսել են մոր խոշտանգումը, փորձել են ամեն ինչ անել՝ սպանությունը կանխելու համար, սակայն չեն կարողացել, ոտաբոբիկ վազել են դուրս, հարեւաններին օգնության են կանչել, սակայն՝ ապարդյուն, եւ այդպես վազելով հասել են մինչեւ ոստիկանություն… Ոստիկանները տեղ են հասել, երբ կինն արդեն մահացել էր՝ դանակի բազմակի հարվածներից արնաքամ լինելով եւ գլխի կոտրվածքների արդյունքում:

Մեղադրողը նկատեց, որ թեեւ պաշտպանական կողմը նպատակ ուներ հիմնավորել, որ սպանությունը կատարվել է աֆեկտի վիճակում, սակայն դատաբժշկական փորձաքննությունները ցույց են տվել, որ ոչ մի աֆեկտ էլ չի եղել:

«Կյանքը դա ի վերուստ տրված բարիք է, սոցիալական արժեք, անգնահատելի է կյանքը եւ կորուստն անդառնալի, եւ ոչ ոք իրավունք չունի խլելու մյուսի կյանքը՝ անկախ սեռից, տարիքից, առողջական վիճակից, բարոյական հատկանիշներից»,- հնչեց մեղադրական ճառի ընթացքում:

Ու թեեւ շեշտվեց, որ այս ծանրագույն հանցագործությունը կատարվել է երեխաների ներկայությամբ, ինչի արդյունքում նրանց հոգեկան տառապանքներ են պատճառվել, որն առաջացել է մոր դաժան սպանության սարսափից եւ նրան օգնել չկարողանալու անզորության զգացումից, սակայն, ըստ մեղադրողի, դատարանում բոլորն էլ համոզվեցին, որ Մուրադյանը չի ցանկացել դիտմամբ հոգեկան տառապանք պատճառել երեխաներին, բայց գիտակցաբար դա թույլ է տվել:

Վ. Մուրադյանի մեղքը, ըստ մեղադրողի, Քր. օր.-ի 104.2.5 հոդվածով հանցագործության մեջ լիովին ապացուցված է: Այս հոդվածով նախատեսվում է 12 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Որպես մեղմացուցիչ հանգամանք՝ մեղադրողը նշեց, որ հիմնավորվել է այն փաստը, թե կատարած հանցանքը պայմանավորված է հակաբարոյականության հետ, ինչը «կարող է դիտվել մեղմացնող հանգամանք», իսկ ծանրացնող հանգամանքներ չկան, մեղադրյալը բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, եւ պահանջեց 12 տարվա ազատազրկում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031