Հաջորդ դատական նիստին սպասվում է Վազգեն Խաչիկյանի ցուցմունքը

Հաջորդ դատական նիստին սպասվում է Վազգեն Խաչիկյանի  ցուցմունքը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ  «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ» քրեական գործով, թերեւս այսօր ամենալարված դատական նիստերից մեկն էր: Հրապարկվեցին սոցիալական ապահովության ծառայության երեք բարձր դիրքեր զբաղեցնող ամբաստանյալների` Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի եւ Վահագն Խաչատրյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, քանի որ նրանք հրաժարվեցին դատարանում ցուցմունքներ տալ:

S3370008

Սպասվում է, որ ամբաստանյալներից երկուսի` Վազգեն Խաչիկյանի եւ Վիգեն Գեւորգյանի ցուցմունքները կտրվեն հաջորդ դատական նիստին: Ինչ մարտավարություն կընտրեն նրանք, նորից հրաժարվե՞լ, հրապարկե՞լ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները:

Ի դեպ, եթե Աշոտ Աբրահամյանը ընդունեց իր բոլոր ցուցմունքները, ապա, Վահագն Խաչատրյանը ասաց, որ իր նկատմամբ սպառնալիք է եղել քննիչի կողմից, թե կկալանավորի, ոչ միայն իրեն, այլ հարազատներին:

Միջնորդությամբ հանդես կգա նաեւ մյուս ամբաստանյալի` Հովհաննես Գրիգորյանի պաշտպանը` Արա Զաքարյանը:

Վահագն Խաչատրյանը չընդունեց ցուցմունքի այն հատվածը, թե հիսուն տոկոս կենսաթոշակառուների գումարներից մնում էր իրենց վճարման ծառայությունում, ինչի մասին ասել էր ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանը:Վերջինը նաեւ ասել էր, որ դիմումներ գրելու համար նույնպես վճարել է Վահագն Խաչատրյանին, մասնավորապես, մեկ դիմումն արժեցել է հինգ հազար դրամ գումար:

Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի ցուցմունքներից մեկի համաձայն, ինքը տեղյակ չի եղել, թե Աշոտ Աբրահամյանին, որքան գումար է տվել Վազգեն Խաչիկյանը:Նա հայտնել էր, որ չորս տարի առաջ օգոստոսին Վ.Խաչիկյանի խորհրդակցության ժամանակ հանձնարարել էր իրենց, որ եթե կլինեն թոշակառուներ, որոնք անձամբ կգան ստանալու իրենց թոշակը, չխոչընդոտեն, այդ եղանակով իբր հավաքվել էր 2091 անձի անձնագրերի պատճենները, եւ լիազորագրերը:

Ըստ ցուցմունքի, Նոր Նորքի սոցիալական ծառայության պետի տեղակալ Արթուր Սուքիասյանն էլ դեպոնենտային գումարներ է ստացել, եւ որ այդ մասին տեղյակ է եղել անձամբ Վազգեն Խաչիկյանը: Սակայն նա չէր հիշել, թե Արթուրը քանի անգամ է ստացել դեպոնենտային գումարներից: Վկայի կարգավիճակում հարցաքննված ամբաստանյալն իր երրորդ ցուցմունքում ասում է, որ առաջին անգամ Վիգենից է իմացել, որ դեպոնենտ գումարները պիտի ստանա Արթուրը:

Իններորդ ցուցմունքի ժամանակ Հովհաննես Գրիգորյանի հետ Վ.Խաչատրյանի առերեսման ժամանակ,Հովհաննես Գրիգորյանը խոսել է վճարման ծառայության դրամարկղի պատասխանատու, հանգուցյալ Խաչիկ Հակոբյանի մասին, իբր նա է գումարները փոխանցել:Իսկ երբ քննիչը հարցրել է, ինչու եք նրա մահանալուց հետո հայտնում, ամբաստանյալը ասել էր. «Ինչ վերաբերում է առերեսման ժամանակ տված ցուցմունքին, ապա Հակոբյանը ոչ թե գումարը փոխանցել է, այլ վճարային ցուցակները պատրաստել է, տվել է ինձ, ես էլ Խաչիկյանին»:

Տվյալների բազայի պատասխանատու Վահանգն Խաչատրյանի լրացուցիչ ցուցմունքներում հայտնել էր, որ տեղյակ չի եղել դեպոնենտային գումարներից, ուսումնասիրել է ութսունյոթ միլիոն դրամի տարբերությունը եւ պարզել, որ դեպոնենտային գումարը համապատասխանում է «քանակագումարային» արժեքին:

Նա հայտնել էր, որ չորս տարածքային բաժինների պետերին Աշոտ Աբրահամյանի միջոցով , Վազգեն Խաչիկյանի հանձնարարությամբ տրամադրել է ծածկագրերը :

«Ես ջնջեցի անհիմն դեպոնենտային գումարների տվյալները», իր մի ցուցմունքում հայտնել էր նա, քանի որ Վազգեն Խաչիկյանը փոխանցել էր.«Արեք, որ չերեւա»:

Ծածկագրերի տրամադրումից հետո, թե ինչ մեխանիզմներով էին գումարները ստացվել, ամբաստանյալը տեղյակ չի եղել:

Ուշադրության արժանի է այն, որ ամբաստանյալներից շատերի հարազատներն ընդհանրապես դատական նիստերի դահլիճում չեն, չեն եկել, երբեւէ չեն մասնակցում իրենց հարազատների դատական քննությանը:Նիստերն ընթանում են կիսադատարկ դահլիճում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք