Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես շենքի հարսները որոշեցին ստեղծել Զորայր Խալափյանի հուշաքարը

Օգոստոս 07,2014 17:45

Երևանի Շարուրի (նախկին Շահվերդյան) փողոցի 20 շենքի բակում այսօր տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ Զորայր Խալափյանի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը:

Զորայր Խալափյանն այս շենքում ապրել է 15 տարի՝ 1963-1978 թթ.։

Դիզայներ Թեմիկ Խալափյանը, որը գրողի եղբայրն է և հուշաքարի հեղինակը, կարծում է, որ Զ. Խալափյանն այստեղ է գրել իր լավագույն գործերը՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Երիցուկի թերթիկներ, Ձեր դիմանկարը», «Մեռնող հառնող» և այլն:

Aravot.am-ի հետ զրույցում Թ. Խալափյանն ասաց, որ հուշաքարի ստեղծման գաղափարը շենքի բնակիչներինն է. «Իհարկե, լավ կլիներ, որ Գրողների միության նախաձեռնությունը լիներ, որովհետև Զորայրը գրականության մեջ իր ուրույն տեղն ունեցող գրող է, բայց և շատ ուրախալի է, որ շենքի բնակիչների մտահղացումն է, ու ամենահետաքրքիրն այն է, որ նախաձեռնողները այս շենքում ծնվածները չեն. հարսներն են, որոնք Զորայրին գրքերով գիտեն և հանկարծ որոշել են դիմել քաղաքապետարան թույլտվություն ստանալու համար: Քաղաքապետարանն իր համաձայնությունը տվեց, և ես իմ միջոցներով պատրաստեցի հուշաքարը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Հուշաքարի բացմանը ներկա էին նաև Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանն ու գրող Ղուկաս Սիրունյանը:

Պետրոս Դեմիրճյանը, կարևորելով Զ. Խալափյանի՝ որպես մեծ գրողի հուշաքարի ստեղծումը, մի դեպք հիշեց իր և Զ. Խալափյանի՝ «Պիոներ կանչ» թերթում աշխատելու տարիներից. «Ես հիշում եմ Վարդգես Պետրոսյանի առաջին հանձնարարությունը մեզ՝ կգնաք, կշրջեք Երևանում և կարձանագրեք բոլոր հուշարձաններն ու հուշատախտակները: Մենք կատարեցինք հանձնարարությունը և տեսանք, թե մեր քաղաքը որքան հարուստ է արժեքներ ստեղծած մարդկանցով, և շատ ուրախալի է, որ այսօր այդ հուշատախտակների թիվն ավելանում է ևս մեկով»:

Զ. Խալափյանի քույրը՝ Միլետա Խալափյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբոր հետ կապված շատ հիշողություններ ունի, բայց մեզ պատմեց դրանցից մեկը. «Մի անգամ Զորիկը տուն եկավ և զարմանք արտահայտող ձայնով սկսեց պատմել, որ Թումանյան փողոցում տրամվայով տուն գալիս իր դիմաց նստած են եղել Մ. Խորենացին, Ե. Չարենցը, Նարեկացին ու էլի հայ մեծանուն մարդիկ:

Աիդան (Զ. Խալափյանի կինը) շատ էր զարմացել այս պատմությունից, բայց ոչ թե Խորենացու, Չարենցի՝ տրամվայով երթևեկելու փաստից, այլ ընդամենը՝ «Զոր, բա Թումանյան փողոցով տրամվայ գնո՞ւմ է»…

Հասկանալի է, Աիդան ռուսական դպրոց էր ավարտել, այն էլ՝ Բաքվում, բայց գոնե Չարենցի մասին լսած կլիներ…

Դա մեր մշտական կատակների թեման էր, երբ Զորիկն Աիդային դնում էր նման իրավիճակների մեջ»:

Թեմիկ Խալափյանն էլ մի ուրիշ հիշողությամբ կիսվեց մեզ հետ. «Ես 7-8 տարեկան երեխա էի, բայց հիշում եմ՝ մի տպարան կար, որտեղ գիշերները հավաքվում էին երիտասարդ գրողները՝ Հրանտ Մաթևոսյանը, Լյուդվիգ Դուրյանը, Ռազմիկ Դավոյանը, Զորայրը… Գրական մեծ բանավեճեր էին լինում այդ հանդիպումների ժամանակ, տուրուդմփոց, այնպես, որ լսողներին թվում էր, թե դրանից հետո այդ մարդիկ էլ երբեք չեն հաշտվի: Բայց այդ բանավեճերից մեծապես շահում էր գրականությունը, որովհետև տվյալ ստեղծագործությունը տպարան մտնելուց առաջ արդեն հղկված էր: Ցավոք, հիմա այդպես չէ. հիմա գրպանում ով մի քանի կոպեկ ունի, բանաստեղծություն է գրում և տանում տպարան: Դրանից արժեզրկվում է գրականությունը, դրա համար էլ մարդիկ չեն կարդում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031