Ինչո՞ւ է Կարմիր խաչը ուշացումով փոխանցել հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի նամակները

Ինչո՞ւ է Կարմիր խաչը ուշացումով փոխանցել հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի նամակները

«Կարմիր խաչից մեզ ասացին, որ Հակոբի հետ հանդիպել են, բայց նամակ չկա, ու երեք օր հետո ասում են, թե նամակ կա, եկեք տարեք: Մի քիչ կասկածելի է, այդպիսի բաներ մինչև այժմ չէր եղել: Կարմիր խաչից չեն էլ կարողանում բացատրություն տալ այդ ամենին»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց 2013-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանում գերի ընկած ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությունը հանդիպել է Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանի և գերի ընկած հինգ քաղաքացիական անձանց հետ:

Հակոբ Ինջիղուլյանի նամակները ընտանիքին են փոխանցվել երեկ՝ օգոստոսի 12-ին:
Այս առիթով Հարություն Ինջիղուլյանն ասաց. «Կարմիր խաչից մեզ ասացին, որ չեն կարող բացատրել, թե ինչու են ուշացրել, ասացին՝ այդպես ստացվեց, կարևորը, որ դրանք ձեզ մոտ են»:

Հիշեցնենք, որ նամակների ուշացման առիթով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել էր. «Մենք ըմբռնումով ենք մոտենում Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքին և մշտապես պատրաստ ենք քննարկելու այս առնչությամբ ընտանիքին հուզող բոլոր հարցերը, սակայն գոյություն չունեն որևէ սահմանված ժամկետներ՝ այցելություններ կազմակերպելու համար, իսկ նամակները ԿԽՄԿ-ն փոխանցում է հարազատներին, ըստ իր ընթացակարգերի՝ հնարավոր արագ ժամկետներում»:

Հարություն Ինջիղուլյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նամակում Հակոբը նշել է, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, հուսով է, որ այստեղից դուրս կգա: Իսկ Հայաստան վերադառնալու մասին ոչինչ չի գրել. «Ինքն էլ է տեղյակ, որ թույլ չեն տալիս նման բաներ գրել: Ինքն իրավունք ունի միայն իր անձնականի, իր վիճակի մասին նամակում գրել»:

Հարություն Ինջիղուլյանից հետաքրքրվեցինք՝ եղբոր նամակների՝ ուշացումով հանձնելու փաստի և գերեվարված ու սպանված Կարեն Պետրոսյանի հետ կատարվածի մեջ կապ տեսնո՞ւմ է: Նա պատասխանեց. «Չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչ կապ կարող է ունենալ Կարենի մահվան հետ, եթե նամակներն իրենց մոտ էին ու չէին ուզում հանձնել: Նամակները երեք օր եղել են Կարմիր խաչում, բայց չգիտենք՝ ինչու չեն տվել մեզ: Հետո այնպիսի աննորմալ վիճակ է ստեղծվել, որ ստիպված հանձնել են: Ինչ վերաբերում է Կարենի հետ կատարվածին, ապա ցավում եմ այդ դեպքի համար, համենայնդեպս չեմ հասկանում՝ ինչու են ադրբեջանցիները նման կերպ իրենց պահում»:

Մեր հարցին՝ նման դեպքերը կարծես շարունակական են դառնում, արդյոք դա այն պատճառով չէ՞, որ Ադրբեջանին ոչ ՀՀ իշխանությունները, ոչ էլ միջազգային հանրությունը կատարվածի համար պատասխանատվության չի ենթարկում, Հարություն Ինջիղուլյանը պատասխանեց. «Իրավիճակին գնահատական տալու համար պիտի ունենաս հստակ տեղեկություն: Եթե չունենք տեղեկություն, թե եղբորս անհետացման, թե Կարենի, թե Մանվել Սարիբեկյանի, թե Մամիկոն Խոջոյանի դեպքերի առնչությամբ, ապա չենք կարող հստակ ասել կամ դիրքորոշում հայտնել, թե ով է մեղավոր»:

Հետաքրքրվեցինք՝ Հակոբի անվտանգության և Հայաստան վերադարձի համար ՀՀ ղեկավարությունն առավելագույնն անո՞ւմ է, Հարությունը պատասխանեց. «Մեր երկրի ղեկավարության կողմից ամեն ինչ արվել ու արվում է մինչև հիմա: Դիվանագիտական կապեր Ադրբեջանի հետ չունենք և չենք կարող դեմ առ դեմ հայտարարի գալ, բայց տեսնում եմ՝ մեր երկրի ղեկավարությունը եղբորս գործով հնարավորինս զբաղվում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք