Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ժամանակ ասում էին Մաշտոցի պուրակը Սերժ Սարգսյանի ծրագիրն է». ակտիվիստը` պատվեր կատարելու մեղադրանքի մասին

Օգոստոս 25,2014 21:33

Ճարտարապետ Լեւոն Վարդանյանը հուշարձանների պահպանության համար եւ Մաշտոցի պուրակի համար պայքարող երիտասարդ ակտիվիստներին մեղադրում է պատվեր կատարելու մեջ: Այս տարվա հուլիսի 3-ին «Թեքեյան» կենտրոնում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած`հուշարձանների պահպանության վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ Լեւոն Վարդանյանը դիմելով ակտիվիստներին ասել էր` «Դուք պատվեր ունեիք, ես պարզ եմ ասում, բացահայտ, խայտառակ, ամենամեծ փաստն է, Ծածկած շուկայից հանրության ուշադրությունը շեղեցիք Մաշտոցի պուրակի վրա: Էսօր դրոշակով ասում եք քաղաքացիական հասարակություն, չէ, ուղղակի Շուկայի ծրագիր կար` հանրության ուշադրությունը շեղվեց պուրակի վրա, որը տենց լուրջ խնդիր չէր ու մի հատ մեծ թատրոն սարքեցիք: Իսկ շուկան քանդվեց, այլանդակվեց, որը այդ բոլոր կառույցների մեջ ամենաունիկալն էր…»:

Լեւոն Վարդանյանի այս մեղադրանքի մասին Մաշտոցի պուրակի պահպանման համար ակտիվ պայքարողներից էր Աննա Շահնազարյանը, որը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Բացարձակ մեկնաբանություն չունեմ նրա նման ոչ պրոֆեսիոնալ մարդու որեւէ խոսքի մասին, բացարձակ, ոչինչ ոչ ուզում եմ ասել, ոչ էլ` իրեն մարդատեղ դնել ու իր ասածներին արձագանքել: Նրա նմանները ծառայում եմ այս իշխանություններին: Ես` որպես քաղաքացի, իմ էներգիան ուզում եմ ուղղել ավելի կոնստրուկտիվ, Հայաստանի համար ինչ-որ լավ բանի, իսկ իրենք այդ էներգիան ինձանից խլում են: Ինքն ու իր նմաններն այն  մարդիկ չեն, որպեսզի իմ միջավայրը, պայքարի իմ գաղափարախոսությունն իրենց ներկայացնեմ»:

Պուրակի պահպանման համար ակտիվ պայքարողներից էր նաեւ Եղիա Ներսիսյանը, որը ճարտարապետի` պատվեր կատարելու մասին ակտիվիստներին ուղղված մեղադրանքը համարեց ապուշություն. «Նա ոչ առաջին, եւ ոչ էլ վերջին մարդն է, որ  մեղադրում է մեզ: Այն ժամանակ էլ ասացին` Մաշտոցի պուրակը Սերժ Սարգսյանի ծրագիրն է, բայց Մաշտոցի պուրակն ու Փակ շուկան ի՞նչ կապ ունեն իրար հետ, ընդհանրապես ոչ մի կապ չունեն, առավելեւս այն ժամանակաշրջանում չէին, որ  ինչ-որ կապ ունենային եւ պատվեր կատարվեր: Բայց նման հայտարարություններին ինչ-որ արձագանք տալը արժեւորում է նման ապուշ հայտարարությունը: Հիմա այս մարդը մտածում է, որ մենք պատվեր ենք կատարում, խնդրեմ, թող տենց մտածի, մենք իրեն ոչինչ չունենք ապացուցելու»:

Aravot.am-ի այն դիտարկմանը` պուրակի համար պայքարի ժամանակաշրջանում արդեն լուրեր կային, որ Փակ շուկան ձեռք է բերել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու այն պետք է սուպերմարկետի վերածվի, Եղիա Ներսիսյանն ասաց. «Տենց բան չկա, ամիսներ անց սկսվեցին, այդ ժամանակ աղմուկ չկար, կարող է քաղաքապետարանում խոսակցութուններ կային, բայց աղմուկ, որպես այդպիսին, ուշ սկսվեց»:

Նշենք, որ Մաշտոցի պուրակի համար պայքարը մեկնարկել է 2012 թվականի փետրվարի 11-12-ին, եւ միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` պուրակ այցից ու հրահանգից հետո խնդիրը լուծվեց, ապամոնտաժվեցին բուտիկները:

Իսկ Փակ շուկայի` «Երեւան Սիթիի» վերածվելու մասին լուրեր էին սկսել շրջանառվել պուրակի պայքարի մեկնարկից առաջ, 2012 թվականի հունվարից: Ընդ որում, «Հետքի» հետ զրույցում պարոն Ալեքսանյանն արդեն խոստովանել էր, որ ինքն է ձեռք բերել եւ վերանորոգման աշխատանքներ է իրականացվելու, իսկ հունվարի 1-ից արդեն շուկան փակ էր: 2011 թվականից էլ որոշ լրատվամիջոցներում երբեմն լուրեր էին պտտվում, որ «Փակ շուկան» վաճառվել է Ալեքսանյանին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031