Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ

Օգոստոս 29,2014 10:59

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ տասնչորսերորդ

ԱՌԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ

Եվ Հավատացյալն ամոթխած ժպտալով ինձ ասում էր՝ «մի ժամանակ ես էի քեզ հույս տալիս, հիմա դու ես ինձ հանգստացնում», եւ ես Հավատացյալ Խորենին ասում էի՝ «դու անհանգստանալու բան չունես», եւ Հավատացյալն ինձ ասում էր՝ «փաստորեն, օր ծերության առեւտրով եմ զբաղվում», եւ ես զարմացած հարցնում էի՝ «ի՞նչ առեւտուր», եւ Խորենը նեղսրտած պատասխանում ու ասում էր՝ «սրբապատկերներ եմ վաճառում», եւ ես Հավատացյալին ասում էի՝ «բայց դրանք քո հալալ քրտինքի արդյունքն են», եւ Հավատացյալը մի քիչ մտածում ու նեղսրտած ասում էր՝ «բայց դրանք իմ ստեղծագործությունները չեն», եւ ես զարմացած հարցնում էի՝ «բա ո՞ւմ ստեղծագործություններն են», եւ Հավատացյալը մտահոգ պատասխանում ու ասում էր՝ «հիմնականում Ռուբլյովի իկոնաներն եմ կրկնօրինակում», եւ ես Խորենին ասում էի՝ «բայց դրանց վրա ահագին չարչարվում ու կյանք ես դնում», եւ Հավատացյալը մի քիչ մտածում ու ասում էր՝ «կապ չունի. փաստորեն, ուրիշի ստեղծագործության պտուղներն եմ յուրացնում», եւ ես ասում էի՝ «դրանք ջրի գնով ես տալիս», եւ Հավատացյալը բավական երկար մտածում ու ասում էր՝ «ամեն դեպքում՝ ինձ շահույթ մնում ա» եւ մի քիչ էլ մտածում ու ավելացնում էր՝ «մատերիալի գինը հանում եմ, որոշակի էլ շահույթ ա մնում», եւ ես Հավատացյալին ասում էի՝ «էդ շահույթդ էլ հիմնականում մուրացկաններին ես բաժանում» եւ մի քիչ մտածում ու ավելացնում էի՝ «քրոջդ ընտանիքին էլ ես ահագին օգնում» եւ մի քիչ էլ մտածում ու ասում էի՝ «էդ շահույթիցդ քեզ համարյա բան չի մնում», եւ Հավատացյալը բավական երկար մտածում ու ասում էր՝ «բայց դրանով եմ չէ՞ գոյությունս պահպանում», եւ ես Հավատացյալ Խորենին հուսադրելով ասում էի՝ «էդ շահույթիցդ ուրիշներին ավելի շատ ա հասնում, քան՝ քեզ», եւ Հավատացյալը ժպտալով ինձ հարցնում էր՝ «ի՞նչ գիտես, որ ուրիշներին ավելի շատ ա հասնում», եւ ես պատասխանում ու ասում էի՝ «աչքովս եմ տեսել», եւ Հավատացյալը հարցնում էր՝ «աչքովդ ի՞նչ ես տեսել», եւ ես պատասխանում ու ասում էի՝ «մուրացկաններին հազարդրամանոց ես տալիս», եւ Հավատացյալը մի քիչ մտածում ու ասում էր՝ «հազարից մեկ եմ հազարդրամանոց տալիս», եւ ես մի քիչ մտածում ու ասում էի՝ «ունեցածդ վախտ տալիս ես», եւ Խորենը մի քիչ մտածում ու թախծոտ ժպտալով ասում էր՝ «որ էդ զիբիլից ավելի շատ ունենայի, միշտ էլ հազարդրամանոց կտայի», եւ իսկապես՝ Խորենն իր աշխատանքի մեծ մասը մուրացկաններին ու քրոջ ընտանիքին էր տալիս եւ միայն չնչին մասն էր իրեն պահում՝ ամենաանհրաժեշտ ու պարտադիր ծախսերի համար, եւ էդ չնչին մասն իսկապես չնչին էր, որովհետեւ Հավատացյալն ընտանիք չուներ՝ ինքն ու իր չոր գլուխն էր, եւ հիմա՝ երբ վերստին Հավատացյալ Խորենին եմ հիշել, մամուլում ու զանազան կայքերում զանազան մարդիկ ու ֆեյսբուքահայեր կարծիքներ են հայտնում առ այն, որ մեր եկեղեցու բարձրաստիճաններին, ինչպես սովորական մահկանացուներիս, պիտի ամուսնանալու իրավունք տրվի, եւ նույնիսկ Ամենայն հայոց կաթողիկոսին պիտի էդ իրավունքը տրվի, եւ հիմա, երբ վերստին Հավատացյալ Խորենին եմ հիշել, Հավատացյալին հիշելով մտածում եմ, որ եթե ինքն ամուսնացած լիներ եւ իր սեփական ընտանիքն ունենար, դժվար թե իր քրոջ ընտանիքի ու մուրացկանների հանդեպ էդքան շռայլ ու առատաձեռն գտնվեր, եւ եթե ինքն ամուսնացած լիներ ու իր սեփական ընտանիքն ունենար, դժվար էլ էդքան ահռելի հավատք կարողանար իր մեջ ընդգրկել, եւ ամենահետաքրքիրն էն էր, որ իր մեջ էդքան ահռելի հավատ ընդգրկող ու պարունակող անձնավորությունն իմ ներկայությամբ իրեն անխնա հավատաքննության էր ենթարկում, եւ ամենից ավելի իր էդ տնական արտադրության սրբապատկերների պատճառով էր ինքն իրեն հավատաքննում ու կեղեքում, եւ երբ իրեն հիշեցնում էի, որ ինքն էդ սրբապատկերների ողջ հասույթը մուրացկաններին ու իր քրոջ ընտանիքին է նվիրաբերում, ինքը մեկեն խաղաղվում ու հանգստանում էր՝ հասկանալով, որ ես ոչ թե ընդամենը հաճոյախոսում եմ իրեն, այլ ընդամենը իրականությունն ու ճշմարտությունն եմ արձանագրում, եւ իսկապես դա էդպես էր, եւ դրա պատճառը ոչ միայն իր ահռելի ու անսասան հավատն էր, այլեւ՝ իր հստակ ու անսասան բանականությունը, որովհետեւ ինքը մենմենակ ու առանց ընտանիքի գոյատեւելով՝ հստակ հասկանում ու գիտակցում էր, որ ուրիշները դրամի կարիք ավելի ունեն, քան՝ ինքը, եւ չնայած ինքը ժամանակին ամենաթունդ հակասովետականն էր, Սովետի փլուզումից հետո Սովետի դեմ համարյա չէր խոսում, եւ չնայած նորելուկ կապիտալիզմի շնորհիվ իր չոր գլուխը պահում ու քրոջ ընտանիքին էլ հնարավորինս օգնում էր, եւ չնայած բազում մուրացկանների էլ էր կանոնավոր օգնում, այդուհանդերձ, մեր էս նորաթուխ ու կիսավայրենի կապիտալիզմով էլ առանձնապես ոգեւորված չէր, եւ երբ Սովետի մասին խոսք էր բացվում, հոգոց հանելով ասում էր՝ «հավատքի իմաստով Սովետը երեւի ավելի լավ էր, քան՝ էս նոր ու անհասկանալի սիստեմը», եւ երբ իրեն հիշեցնում էի, որ Սովետն աթեիստական երկիր էր, ինքը բավական երկար մտածում ու հոգոց հանելով ասում էր՝ «աթեիստականն աթեիստական էր, բայց Սովետի օրոք մարդիկ էսքան չարացած չէին», եւ երբ իրեն ասացի՝ «բայց Սովետի օրոք մարդիկ ավելի անհավատ էին», Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «էդ հըլը հարց ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առաջ մարդիկ ավելի բարի էին», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «Սովետի օրոք դու մուրացկաններին փող չէիր տալիս», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «Սովետի օրոք մուրացկաններ չկային» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համարյա չկային», եւ ես ժպտալով ասացի՝ «Սովետի օրոք նույնիսկ մուրացկանությունն էր արգելված», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սովետի օրոք մարկանց թոշակը հերիքում էր, որ ծերը ծերին հասցնեն», եւ ես ժպտացի ու ոչինչ չասացի, եւ Հավատացյալը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ինչի՞ ես ժպտում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մտքովս չէր անցնի, որ մի օր դու Սովետին կպաշտպանես»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031