Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Արի տուն 2014» ծրագիրը. ծրագրի 8-րդ փուլի փակումը

Օգոստոս 30,2014 12:34

Օգոստոսի 29-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2014թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման արարողությունը:

2014թ. «Արի տուն» ծրագիրն ընթացավ 8 փուլով՝ հունիսի 16-ից մինչեւ օգոստոսի 30-ը, ծրագրին մասնակցեցին 13-18 տարեկան 1071 պատանի եւ աղջիկ՝աշխարհի 35 երկրից:

ari tun1

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշտապես հանդիպելով ծրագրի բոլոր փուլերի մասնակիցներին եւ ողջունելով նրանց այցելությունը Հայրենիք, կարևորում էր այն հանգամանքը, որ Հայրենիքում գտնվելու կարճ ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներում ապրող եւ տարբեր լեզվամշակութային արժեքներ կրող հայ պատանիներն ու աղջիկները հաղորդակցվում են հայերենով, նրանց մեջ նկատելի են դառնում ջերմ զգացումներ եւ ոգեւորություն ազգային արժեքների՝ մեր պատմության, մշակույթի, երգ ու պարի հանդեպ:

2014 թ. ծրագրի 2-րդ փուլի մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կարևորելով ծրագրի դերը հայապահպանության գործում եւ վստահեցնելով, որ առաջիկայում ծրագիրն առավել կընդլայնվի եւ կկատարելագործվի: 2-րդ փուլը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության յուրահատուկ խորհուրդ ունեցավ. այս տարի առաջին անգամ ծրագրին մասնակցեց Արցախից 80 եւ երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիանից 16 պատանի եւ աղջիկ:

«Արիտունցիները» հյուրընկալեցին նաև ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և պաշտոնատար այլ անձանց: Ծրագրի մասնակիցները հյուրերին ներկայացրին ճամբարային օրերի ընթացքում պատրաստած համերգային ծրագիրը. կատարեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, ինչպես նաև հանդես եկանազգային պարերով:

ari tun2«Արի տուն» ծրագրի մասնակիցները, ինչպես նաեւ հյուրընկալող ընտանիքների երեխաներն առաջին 9 օրերի ընթացքում ծանոթացան Հայաստանի պատմական և արդի տեսարժան վայրերին, ունեցան բազմաբնույթ հանդիպումներ հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր ստացան Հայրենիքում, սովորեցին ազգային պարեր և երգեր: Երեւանի Ստ. Շահումյանի թիվ 1 դպրոցում արիտունցիների համար իրականացվեց Մայրենիի ուսուցման 5-օրյա դասընթաց:

Նախորդ տարիների նման ծրագրի վերջին 4 օրերը ճամբարային ակտիվ հանգստի օրեր էին: Այս անգամ ճամբարը գեղատեսիլ Ծաղկաձորում էր:

2014 թ. եւս սփյուռքահայ երիտասարդների հետ շփվելու, ճանաչողական, ուսուցողական եւ մշակութային ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունեցան նաեւ հյուրընկալած ընտանիքների երեխաները՝ մասնակցելով ճամբարային օրերի ծրագրին:

Արիտունցիներին հյուրընկալելու գործում մեծ ակտիվություն դրսևորեցին Երևանի Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները և երևանամերձ՝ Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերն ու գյուղական համայնքները:

«Արի տուն» ծրագրի բոլոր փուլերի առաջին շաբաթվա ուրբաթը հայրենասիրական դաստիարակության օր է. մասնակիցներն այցելում են Եռաբլուր պանթեոն, որտեղ նրանց ծանոթացնում են Արցախյան ազատամարտի պատմությանն ու ներկայացնում են հերոսներին: Երեխաները ծաղիկներ են դնում զոհված ազատամարտիկների շիրմներին,  եկեղեցում մոմ վառում, այցելում են Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝  հնչեցնելով «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը: Այնուհետև նրանք հյուրընկալվում են Հայաստանի զորամասերից մեկում:

«Արի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասում, որտեղ նրանց ողջունեց զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանը՝ փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խոսքը: Արիտունցիները ծանոթացան զորամասի առօրյային, ականատես եղան զինավարժանքների: Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոսների եւ զորամասի զոհված ծառայողների հուշապատի մոտ: Նրանք մոմ վառեցին զորամասի Սբ. Մարիամ Աստվածածին մատուռում:

«Արի տուն 2014»-ը նշանավորվեց նաև նրանով, որ Սփյուռքից ժամանած խմբերը ձևավորվեցին նախապես արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական ծառայությունների, Սփյուռքի համայնքների տարբեր կառույցների, կրթական հաստատությունների հետ համակարգված աշխատանքի պայմաններում: Խմբերում կային նաեւ պարային համույթներ, ստեղծագործող եւ տաղանդաշատ երեխաներ, ովքեր իրենց ելույթներով էլ ավելի գեղեցիկ դարձրին «Արի տուն 2014» ծրագիրը:

8-րդ փուլով Հայրենիք ժամանած աշխարհի 10 երկրից 45 մասնակիցներին եւ հյուրընկալող ընտանիքների երեխաներին ողջունեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը եւ հանդես եկավ ազգային երգերի կատարմամբ:

«Հրաժեշտ՝ վերադարձի ակնկալիքով» հրաժեշտի խարույկին «արիտունցիները» հանդես եկան շնորհակալական խոսքով, կատարեցին ազգային երգեր ու պարեր:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031