«Զգացվում է՝ Քոչարյանը վախենում է. հարուստ մարդ է, կորցնելու բան ունի» 

«Զգացվում է՝ Քոչարյանը վախենում է. հարուստ մարդ է, կորցնելու բան ունի» 

Հրանտ Բագրատյանը 2-րդ նախագահի քննադատությունների, տնտեսության առողջացման առաջարկի ու մեռելոցների մասին 


«Լուրջ քննադատություն չկա,  զգացվում է՝ վախենում է»,- այսպիսի տպավորություն է ստացել ՀՀ նախկին վարչապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ իշխանություններին օրերս ուղղված հերթական քննդատությունից: 

Հաշվի առնելով, որ նախկին վարչապետը իշխանություններին կոշտ քննդատողներից է, Aravot.am-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է նա Քոչարյանի քննադատություններն ուղղված այս իշխանություններին, ինչին ի պատասխան Հ. Բագրատյանը նկատեց, որ Քոչարյանի քննադատությունը մեղմ է եղել, լուրջ բան չկա. «Զգացվում է՝ վախենում է: Հարուստ մարդ է Քոչարյանը, ոչ թափանցիկ ձեւով աշխատած։ Կորցնելու բան ունի։ Եվ ուրեմն վախենում է, շատ է վախենում»: 

Նկատենք, որ նախկին նախագահն նախորդ հարցազրույցներում, ի տարբերություն այս վերջինի, շատ ավելի կոշտ եւ անխնա է քննադատել թե՛ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, եւ թե՛ նախկին կառավարության անդամներին: 

ՌԴ-ում լույս տեսնող ռուսալեզու «Նոեւ Կովչեգ» լրատվամիջոցում օրերս հրապարակվել է  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը , որտեղ Քոչարյանը, գնահատելով Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակն, ասել է. «Ցավոք, մեր տնտեսության իրավիճակի եւ հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունեմ…»:   

Ինչ վերաբերում է նրան, կիսո՞ւմ է Քոչարյանի քննադատությունը, թե՞ ոչ, Հրանտ Բագրատյանն ասաց.«Ընդհանուր առմամբ որոշ դիտողություններ կան։ 2008-2013 թթ. Հայաստանի տնտեսական աճը կանգ է առել, արտագաղթն ավելացել է 4-5 անգամ՝ 2002-2007 թվականների համեմատ։ Կարծում եմ, սակայն, որ այս իշխանությունները մինչեւ հիմա արել են այն, ինչ Քոչարյանի օրոք։ 6 տարի վարչապետ եղած Տիգրան Սարգսյանին 2 անգամ ո՞վ էր Կենտրոնական բանկի նախագահ առաջադրել, ո՞վ էր դրամի փոխանակման արժեքը 595 դրամից դարձրել՝ 300.  Քոչարյանը։ Բա ուզում էր, որ դրանից հետո տնտեսություն աշխատե՞ր։ Իսկ հիմա՞: Արդեն 6 տարի տնտեսական ակտիվություն չկա։ Սպասենք մի փոքր էլ, եւ տեսնենք, այս նոր կառավարությունը մի բան կանի՞»։

2-րդ նախագահը այդ նույն հարցազրույցում, այսպես ասած՝ Հայաստանի փրկության իր տարբերակներն է ներակայացնում՝ տնտեսության առողջացման, արտագաղթը կանխելու միջոցներ է առաջարկում: Այս առնչությամբ էլ պարոն Բագրատյանն ասաց. «Կներեք, դրանք այնքան պարզունակ մտքեր են, որ հեռու են քննարկվելիք թեմա դառնալու որակական հատկություններից։ Ամոթ է, 10 տարի նախագահ ես եղել, 1 տարի էլ վարչապետ։ Կոնկրետ բան գրիր, ապացուցիր, որ ինչ-որ բան գիտես»։ 

Նախկին կառավարության՝ մեռելոցները ոչ աշխատանքային օր սահմանելու մասին որոշումը բազմիցս տարբեր գործիչների կողմից քննադատվել է, այդ թվում նաեւ՝ Հրանտ Բագրատյանի: 2-րդ նախագահն էլ առաջարկում է հանել մեռելոցների համար ոչ աշխատանքային օր սահմանելու մասին  որոշումը, ինչպես նաեւ վերադառնալ նախկին ժամային գոտուն: Պարոն Բագրատյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի այս առջարկի մասին, ինչի ի պատասխան նախկին վարչապետն ասաց.«Եթե դուք հարցն այսպես ձևակերպեիք՝ 2-րդ նախագահն առաջարկում է հանել մեռելոցների համար ոչ աշխատանքային օր սահմանելու որոշումը, ինչի մասին տարիներ ի վեր դուք ինքներդ եք խոսում, ի՞նչ կարծիք ունեք,  հավատացնում եմ՝ նման հարցադրման դեպքում պատասխանելու կարիք չէր լինի»։ 
Նելլի ԲԱԲԱՅԱՆ 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք