Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն բոյկոտեց արտահերթ նիստը

Սեպտեմբեր 30,2014 18:58

Բազմաթիվ առևտրականներ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր Ազգային ժողովի դիմաց հավաքվել և սպասում էին, թե այսօր խորհրդարանն ինչ որոշում կկայացնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխության մասով: Հիշեցնենք, որ օրենքում փոփոխությունների առաջարկով այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է գումարում`ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ, 49 պատգամավորների ստորագրությամբ:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», առաջարկում են , որ օրենքը հոկտեմբերի 1-ից չկիրառվի, այլ մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը գործի ընտրանքային սկզբունքը: Այսինքն` այն տնտեսվարողները, ովքեր ցանկանում են 3,5 տոկոս հարկ վճարել եւ առանց փաստաթղթի աշխատել` աշխատեն այդպես, իսկ նրանք, ովքեր ցանկանում են աշխատել փաստաթղթերով` կվճարեն 1% շրջանառության հարկ:

Նաեւ` 58 միլիոն շրջանառության շեմը բարձրացվի 150 միլիոն դրամի, որպեսզի այն սուբյեկտները, ովքեր կաշխատեն փաստաթղթավորումով, մնան շրջանառության հարկի ռեժիմում, քանզի հաճախ կարող են գերազանցել այդ շեմը: Նման փորձ արդեն կա. ժամանակին ովքեր ցանկանում՝ պարզեցված հարկով էին աշխատում, ովքեր չէին ցանկանում` այլ տարբերակով: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ Կառավարության շենքի դիմաց իրենց դժգոհությունը հայտնած տարբեր տոնավաճառների աշխատողները պահանջում են օրենքը հետ կանչել, քննարկել իրենց պահանջները, և հետո միայն օրենքն ուժի մեջ մտնի: Նոր փոփոխությամբ առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

 

Սակայն, ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ն բոյկոտեց նիստը: 

Երբ հայտնի դարձավ, որ արտահերթ նիստը տապալվել է, Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված ցուցարարները սկսեցին բղավել «պայքար, պայքար, մինչեւ վերջ» եւ «պա-տաս- խան»: Հետագա գործողությունների ծրագրիր նրանք չունեին, սպասում էին ընդդիմադիր պատգամավորներին, որոնց հետ փորձելու են մշակել առաջիկա անելիքները:

Ցուցարարների մոտ դուրս եկած Քառյակի եւ ՕԵԿ-ի պատգամավորներին դիմավորեցին ծափերով, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ, չնայած հանրապետականների ջանքերին, համատեղ պայքարը շարունակելու են՝ վաղն առավոտյան նախատեսված Քառյակի նիստում կորոշվի, թե՝ ի՞նչ տարբերակով:

Չի բացառվում, որ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը վաղը եւս ստորագրահավաք կազմակերպեն ՝ նույն հարցի շուրջ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930