Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Ամեն երկուշաբթի զեկուցվում է, թե այսքան թափառող կենդանի է վնասազերծվել, սակայն այդ աշխատանքների արդյունքում կենդանիները քանակն էապես չի նվազում»

Հոկտեմբեր 20,2014 17:50

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2015 թվականին մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման, անտառային գոտիների և նոր այգի-պուրակների ստեղծման նպատակով կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, որոնցից ելնելով ներկայացվել են ավելի քան չորս տասնյակ նոր տարածքների ստեղծման և վերականգնման առաջարկներ:

Անդրադառնալով աշնանային առաջիկա շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպմանը՝ պատասխանատուները զեկուցել են, որ նախապատրաստական հիմնական աշխատանքներն ավարտված են: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում:

«Պետք է գույքագրել վարչական շրջաններում առկա ազատ բոլոր տարածքները, այդ թվում մայթերի բնաբաժակներն ու ծառատունկի շրջանակում դրանք ևս լրացնել տարբեր ծառատեսակներով: Բնապահպանների և մասնագիտացված կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում ծառատունկի համար ընտրվել են հիմնական ծառատեսակները՝ սոսիներ ու գնդաձև ակացիաներ, որոնցով էլ պետք է հարստացնենք մայրաքաղաքի կանաչ տարածքները»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև հանձնարարել է կանաչապատ տարածքների աշնանային խնամքի շրջանակում նոյեմբերի 1-ից սկսել չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտման և ծառերի ձևավորման աշխատանքները:

Զեկուցվել է, որ շարունակվում է փողոցների, մայթերի ու այգիների սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին, այդ թվում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքներն ու հատուկ ուշադրություն դարձնել հասարակական ու արտադրական օբյեկտների տնտեսվարողների կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու նկատմամբ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր քայլերը:

Հանձնարարվել է նաև աշխատանքներ տանել փողոցները, մայթերն ու այգի-պուրակները տերևաթափից մաքրելու ուղղությամբ՝ բացառելով կուտակված տերևների այրման դեպքերը: Անդրադառնալով ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներին՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ 18 փողոցներում հիմնանորոգումն ավարտված է: Զուգահեռ շարունակվում են ընթացիկ նորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման և մասնավորապես ճաքալցման ու փոսալցման աշխատանքները:

Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագրով ընթացող աշխատանքների հետ կապված՝ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի 568 շենքերի հարթ և 597 շենքերի թեք տանիքներն արդեն վերանորոգվել են, ընդ որում՝ թվով 37 շենքերում դրանք հիմնանորոգվել են:

Զեկուցվել է, որ մրցույթով հաղթող ճանաչված «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից շարունակվում է աշխատանքը թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ: Քաղաքապետը, անբավարար գնահատելով տարվող աշխատանքները, հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել և վերանայել համապատասխան կազմակերպության ու հանձնաժողովի աշխատանքը:

«Ամեն երկուշաբթի զեկուցվում է, թե այսքան թափառող կենդանի է վնասազերծվել, սակայն այդ աշխատանքների արդյունքում կենդանիները քանակն էապես չի նվազում: Այս ուղղությամբ մեծ փոփոխություն եմ ակնկալում: Եղեք շատ խիստ, հետևողական ու բացթողումների մասին անմիջապես բարձրաձայնեք: Եվ քանի որ այժմ մենք 2015 թվականի բյուջեն ենք քննարկում, ներկայացրեք հանձնաժողովի նոր կազմի առաջարկություն, որում ներգրաված լինեն նաև Երևանի ավագանու անդամները, իսկ գնումների գործընթացում ներգրավեք նաև համապատասխան հասարակական կազմակերպություններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման մասով քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում իրականացված ամենօրյա հսկողության հետևանքով հայտնաբերվել և արձանագրվել է 18 դեպք: 12 հասցեներում էլ կատարվել են քանդման աշխատանքներ:

Անդրադառնալով հանգստյան օրերին Կարմիր բլուր 5 հասցեում բնակիչների միջամտության հետևանքով գրանցված կոյուղատար համակարգի խցանման վթարավերականգնման աշխատանքներին՝ զեկուցվել է, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, արագ արձագանքելով խնդրին, տեղում կատարել են ուսումնասիրություններ և ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Շնորհակալ եմ ԱԻՆ-ին, ոստիկանությանը, որ արագ արձագանքել և տեղում են եղել: Վարչական շրջանի ղեկավարը՝ աշխատակազմի պատասխանատուների հետ, ինչպես նաև «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցներն ու քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետն՝ իր աշխատակիցների հետ, ոչ աշխատանքային օրով օպերատիվ արձագանքել են և տեղում անմիջապես ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր՝ լուծումներ են տվել: Մեզ համար կարևոր է, որ երևանցիները համոզված և վստահ լինեն, որ նույնիսկ ոչ աշխատանքային օրերին, գիշերվա ցանկացած ժամի, անգամ լուսադեմին քաղաքապետարանի բոլոր ծառայություններն իրենց կողքին են»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցության շրջանակում «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031