Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրներ կրթական ոլորտում՝ ԵՏՄ-ին միանալուց հետո

Հոկտեմբեր 23,2014 13:00

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վերջերս tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրոպական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալուց հետո կրթական ոլորտի բարեփոխումներին՝ ասել էր, թե չենք նահանջելու մեր արդեն ունեցած նվաճումներից, եւ որ բարեփոխումները, ապագա ԵՏՄ նախագծերը պետք է լինեն ընդհանուր կրթական նվաճումների եւ եվրոպական կրթական տարածքում մեր լինելուն չհակասող պրոյեկտներ: Արմեն Աշոտյանը նաեւ նշել է, որ 12-ամյա կրթական համակարգը որոշված համակարգ է, եւ մենք այլեւս հետ չենք գնալու:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ չի հասկանում Արմեն Աշոտյանի այն ասածը, ըստ որի՝ եթե ԵՏՄ անդամ երկրների պատմություն ուսուցանվելու նախագիծ լինի, ապա մենք կշահենք, քանի որ, օրինակ՝ Հայոց ցեղասպանության մասին դաս կարող է լինել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տասնմիլիոնանոց հանրակրթությունում։

«Եթե պարտադրվի, որ մեր հանրակրթական դպրոցներում ԵՏՄ անդամ երկրների պատմություն դասավանդվի, ես ի՞նչ իմանամ, ոնց կլինի, եթե նման կերպ մոտենան այս միությանը, որին այս տեսակետից ես էլ ավելի դեմ եմ, որովհետեւ երեխաները թե Ռուսաստանում, թե Ղազախստանում, թե Հայաստանում անցնում են պատմություն առարկա, որի մեջ բոլոր երկրների մասին է խոսվում: Եվ հանկարծ, ստացվի այնպես, որ ԵՏՄ-ն պարտադրի ղազախներին, օրինակ, հայոց պատմություն սովորելու, կամ ռուսներին՝ ղազախների պատմությունը, սրանով կրթական ոլորտի հարց չի լուծվում»,- կարծիք հայտնեց տիկին Բախշյանը:

Խնդիրներ կառաջանա՞ն ԵՏՄ-ին միանալուց հետո կրթական ոլորտում, թե՞ ոչ: Այս հարցի մասին էլ մեր զրուցակիցը նշեց. «Այո, հենց միայն այն, որ այնտեղ կրթությունը տասնմեկամյա է, իսկ մեզ մոտ տասներկուամյա՝ արդեն խնդիր է: Ճիշտ է, պարոն Աշոտյանն ասում է, թե փոխճանաչման համաձայնագիր ունենք Ռուսաստանի հետ եւ ԱՊՀ ձեւաչափով նույնպես իրավական ակտ կա, բայց ես չգիտեմ՝ ի՞նչ հիմքով է այդ փոխճանաչումը: Գուցե մի տեղ հանրակրթությանը տրվում է այսքան ժամ, մեզ մոտ այնքան… Չէ՞ որ փոխճանաչումը ենթադրում է որոշակի չափորոշիչներ, հումանիտար, բնագիտական եւ այլն: Տարբեր ուսումնական բնագավառների դասընթացներ քանի ժամով, որ անցնում են, դրան համապատասխան էլ փոխճանաչում է լինում»:

Դիտարկմանն էլ՝ մեր կրթական ոլորտի բարեփոխումները այնքան ճո՞խ են, որ կարող ենք կիսվել այլ երկրների հետ, ինչպես որ նախարարն է ասում, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Նայած՝ որ տեսանկյունից: Համենայնդեպս, տասներկուամյա կրթությունը, իմ կարծիքով, ձեռքբերում էր այն իմաստով, որ մեր երեխաները եվրոպական կրթական համակարգ էին ինտեգրվելու, այս տեսակետից՝ կողմ էի, իսկ հիմա Եվրոպայից պոկվեցինք՝ գնացինք մտանք ԵՏՄ, այ, իրենց համար մեկ է՝ տասնմեկամյա ես սովորել, թե տասներկու, որովհետեւ վերջինը Եվրոպայում էր ընդունելի»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031