Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո փոփոխվելու են մաքսատուրքերը, ինչն էլ հանգեցնելու է գնաճի. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 27,2014 12:41

Որքան շատ են իշխանությունները խոսում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին, այնքան ավելի է ամրապնդվում տեսակետը, որ տնտեսական այս միությանն անդամակցելուց հետո Հայաստանին մռայլ օրեր են սպասվում, ավելին՝ սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշում էր։

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո փոփոխվելու են մաքսատուրքերը, ինչն էլ հանգեցնելու է գնաճի։ Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում կառավարությունը հաշվարկել է 4 տոկոս գնաճ։ Սա այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, 2015թ. պետական բյուջեում նախատեսված չեն եղել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետեւանքները, քանի որ բյուջեն կազմելիս դե յուրե չի եղել այդ պայմանագիրը։ Իսկ սա նշանակում է, որ հաջորդ տարի գնաճը լինելու է ավելի շատ, քան կանխատեսել է կառավարությունը։՝

Եվս մեկ հանգամանք. Հայաստանից ԵՏՄ անդամ երկրներ արտահանումը, պարզվում է, այնքան էլ հեշտ գործ չէ։ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը երեկվա կլոր-սեղանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքում եւս գործելու են ԵՏՄ կանոնակարգերը, այսինքն՝ այստեղ արտադրված ապրանքը պետք է համապատասխանի որոշակի կանոնակարգերի։ «Եթե արտադրանքը չի արտահանվելու ԵՏՄ երկրներ եւ սպառվելու է Հայաստանում, ապա գործելու են Հայաստանի տեխնիկական կանոնակարգերը, իսկ եթե արտադրանք արտահանվելու է ԵՏՄ այլ երկրներ, ապա այն պետք է բավարարի ԵՏՄ տեխնիկական կանոնակարզին»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով. որ ներկայումս ԵՏՄ-ի համար մշակվել է 34 տեխնիկական կանոնակարգ եւ նախատեսված է այն հասցնել 66-ի։ «2016 թվականից պահանջը կխստանա»,- հայտարարել է նա։ Այսինքն, ԵՏՄ անդամ երկրներ պետք է արտահանվեն որոշակի չափանիշներին համապատասխանող ապրանքները։ Այսինքն՝ այս առումով հայ գործարարները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն, ինչն էլ իր հերթին կհանգեցնի արտադրանքի ինքնարժեքի բարձրացման։

Այստեղ, թերեւս, տեղին է հիշել, թե ինչպես էին Սերժ Սարգսյանի իշխանության ներկայացուցիչները ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորազրելուց հրաժարվելուց հետո հայտարարում՝ «Եվրոպան Հայաստանի համար չէր կարող շուկա լինել», քանի որ պետք է տեղական արտադրանքը համապատասխանեցնեինք եվրոպական չափանիշներին, իսկ դա լրացուցիչ դժվարություններ էին։ Հիմա, փաստորեն, նույն գործընթացը պետք է անցնենք ԵՏՄ-ին անդամակցելուց հետո՝ մի քիչ ավելի, կամ պակաս։ Բայց հայկական արտադրանքի՝ նոր չափանիշներին համապատասխանեցման գործընթացը, միեւնույն է, լինելու է։ Այդ համապատասխանեցումը կարող է դրական հետեւանքներ էլ ունենա, միայն թե՝ պետք չէր այս առնչությամբ երկակի ստանդարտներ կիրառել։ Ի դեպ, հայ գործարարներին մտահոգում է արտահանվող ապրանքների սերտիֆիկացման պահանջը, եւ նրանք այդ մասին խոսել են երեկվա կլոր-սեղանի ժամանակ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930