Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյանը, Գագիկ Ծառուկյանը, Առաքել Մովսիսյանը՝ մտավորականնե՞ր

Դեկտեմբեր 10,2014 12:03

«Այսօր Սերժ Սարգսյանը տրվում է պուտինիզմին»,-այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ընդդեմ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) պայքարողների սակավաթվության մասին պարոն Հայրիկյանը նշեց. «Դա չեն տեսնում միայն մեր բթամիտները, ՀՀ դրամի արժեզրկումը, աղքատացումը և այլն: Կա պուտինյան Ռուսաստանի ճգնաժամ»:

Ըստ պարոն Հայրիկյանի՝ Պուտինի հետ էրդողանի մարզումները, Չինաստանի հետ բոլոր ծրագրերը, որոնք ուղեկցվում են տիրոջ բարեհաճությամբ, ապագա չունեն:

Դիտարկմանը, թե շատերն ասում են, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը կողմ են ԵՏՄ-ին, պարոն Հայրիկյանն արձագանքեց. «Այդ բոլոր ասողներին ասենք՝ դուք սրիկա եք: ՀՀ-ում, երբ կար քաղաքական ուժ, այդ բոլորը չկային, այդ քաղաքական ուժը ԱԻՄ-ն էր: Եթե ես նույնիսկ մենակ լինեի, անգամ այդ դեպքում պարկեշտ պիտի լինեին ու ասեին, որ բոլոր ուժերը կողմ են, բացի ԱԻՄ-ից»:

Aravot.am-ի հարցին՝ ինչու՞ Նախախորհրդարանը ԱԻՄ-ի և ԱԺ-ի դիմաց ԵՏՄ-ի դեմ պայքարողների կողքին չէր, մինչդեռ առանձին իրենք էլ էին պայքարում ԵՏՄ-ի դեմ, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Նախախորհրդարանում կան զգալի թվով ԱԻՄ-ականներ, նրանք այնտեղ չեն գնացել՝ որպես հինգերորդ շարասյուն: Նախախորհրդարանի հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք, պարզապես մենք ընդունում ենք պայքարի բոլոր ձևերը, իսկ իրենք ընդունում են հեղափոխական ձևը: Մենք ունենք հստակ կողմնորոշում, ոչ Մաքսային միությանը և համագործակցություն քաղաքակիրթ աշխարհի հետ, նրանք ունեն հստակ կողմնորոշում ոչ Մաքսային միությանը: Բայց համագործակցության առումով բաց են թողնում համագործակցության հնարավորությունները ոչ քաղաքակիրթ աշխարհի հետ: Այսինքն՝ դա է մեր հիմնական տարբերությունը: Անհրաժեշտության դեպքում համատեղ կաշխատենք»:

Մեր հարցին, ինչպիսի՞ պատկեր է բացում ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացման քվեարկությունը, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Ես նրանց կոչ եմ արել՝ դուք կարող եք ձեր ժառանգների համար գրել, որ այսինչ տարվա այսինչ օրը եղել եմ լավը: Հատուկ ուղերձով դիմել եմ բոլոր պատգամավորներին, որտեղ նշել եմ, որ շատ լուրջ պատասխանատվություն եք կրում և մտածում եք, թե ժառանգներին ինչ պիտի ասեք ու նշել, որ հանուն ձեր բարոյական նկարագրի՝ ընդհանրապես չմասնակցեք այդ քվեարկությանը: Չեմ բացառում, որ այդ կոչը իր դերը կատարել է»:

«Հերոսաբար» կողմ քվեարկողների մասին պարոն Հայրիկյանն ասաց. «Այդ մարդիկ այլևս Աշոտ Նավասարդյանի անունը չպետք է տան: Իրենք իրենց քվեարկությամբ իրենց վրա խարան դրեցին: Հիմա կրկին ճոռոմաբանում են ԵՄ-ի հետ համագործակցության մասին, որ հետո խոսելու համար տեղ թողնեն: Իսկ ինչ վերաբերում է ձեռնպահ քվեարկողներին, կամ չքվեարկողներին, ապա անգամ դպրոցականը հասկանում է, որ ձեռնպահ նշանակում է դեմ: Քաղաքացին քեզ ընտրում է նրա համար, որ դու հստակ վերաբերմունք արտահայտես: Բայց խորհրդարան եմ գալիս ու ես վերաբերմունք չեմ արտահայտում: Ձեռնպահ կքվեարկեն, թե չեն մասնակցի, դրանք բոլորը դեմ են»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ «ձեռնպահ» քվեարկելու մասին, պարոն Հայրիկյանն ասաց. «Դաշնակցականները գեղեցիկ ասացին, որ ինքը մտավորական է: Այն պահից, երբ պատգամավորները հայտնվել են խորհրդարանում, նրանք դարձել են մտավորական»: Մեր դիտարկմանը, Գագիկ Ծառուկյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը և այլք և՞ս մտավորականներ են, պարոն Հայրիկյաննն ասաց. «Այո, խորհրդարանը մտավոր գործունեության ասպարեզ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031