Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյանը համաձայն չէ եռյակի հետ «ընկերովի մահվան». «Ընկերովի մահը ո՞նց կարող է հարսանիք լինի, մահը մահ է»

Դեկտեմբեր 18,2014 20:40

Եռյակի եւ ՕԵԿ-ի՝ Կառավարության հրավիրած արտահերթ նիստը բոյկոտելը ՀՅԴ-ն անհեթեթություն եւ անիմաստ էր համարում՝ ասելով, որ եռյակի ուժերը ԵՏՄ-ին կողմ են քվեարկել, բայց դրանից բխող օրենսդրության քննարկումը բոյկոտում են:

Եռյակի ուժերն էլ իրենց հերթին բացատրեցին, որ հանձնաժողովներում իրենց տեսակետն արդեն հայտնել են եւ ե իրենք նիստին գային-չգային՝ ՀՀԿ-ն դրանք անցկացնելու էր, այսինքն, անիմաստ էր այդ դեպքում մնալը:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեր հարցին՝ ասում են՝ ընկերովի մահը հարսանիք է, եւ եթե ձեր ներկայությունն այդ նիստին ոչինչ չէր տալու ինչո՞ւ Դուք էլ չբոյկոտեցիք նիստը՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բայց ընկերովի մահը ո՞նց կարող է հարսանիք լինի, մահը մահ է նախ, ուրիշ բան, որ մենք հասկանանք, թե ինչի համար ենք գնում ինքնազոհության: Կարեւոր է ամեն անձի համար, որ ճիշտ հասկանա՝ երբ է պետք պայքարել, երբ է պետք հարմարվել: ԵՏՄ-ն էլ դրա նման հարց է: Ես սա համարել եմ փորձություն, որը պետք է հայ ժողովուրդը հաղթահարի: Ես համարում եմ, որ եթե չունես այլընտրանք, դու պետք է կատարես այն, ինչ քեզ հնարավորություն է տալիս ժամանակ շահելու: Դա պետք է օգտագործես ի շահ քեզ, այսինքն, նախ ժամանակ շահես, եւ ռեսուրս պահես, որ եթե հաջորդ անգամ այդպիսի վիճակ առաջանա, ավելի ամուր դիրքեր ունենաս: Պետք է պայքարել նրա համար, որտեղ քո տեսակն է դրվում կասկածի տակ: Դրա համար դու պետք է կյանքի ու մահու պայքար տանես: Ես շատ ուրախ եմ, որ շատերը ՀՅԴ-ի կարգախոսին են հանգել՝ մահ կամ ազատություն: Ավելի լավ է մեռնել, քան թե քո տեսակը կորցրած ստրուկի կյանքով շարունակես ապրել: Այդտեղ ես համաձայն եմ, բայց արդյո՞ք սա այդ դեպքն է: ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված մեր տեսակի ոչնչացման խնդիր չկա դրված: Ավելին ասեմ, այն եվրոպական արժեհամակարգը, որ մենք ընդունել ենք, ոչ ոք չի  խանգարում, որ մենք հիմա էլ շարունակենք: Դա մեզնից է կախված»:

Ինչ վերաբերում է քվեարկությանը, Արմեն Ռուստամյանն ասաց. «Բազմաթիվ քվեարկություններ կան, որ առանց մեզ էլ կարող են անել: Բայց քվեարկությամբ դու դրսեւորում ես քո դիրքորոշումը, որը կարեւոր է հասարակության համար: Ոչ թե խաբես մարդկանց, ժողովրդահաճո հայտարարություններ անես, բայց իրականում ուրիշ բան մտածես, ուրիշ բան անես: Դա է, որ չի կարելի թույլ տալ: Շատ շատերը, երբ տեղը գալիս է, ԵՏՄ-ին դեմ են, բայց երբ պետք է քվեարկեն, ստիպված կողմ են քվեարկում, որովհետեւ նաեւ գիտեն, որ դա այլ տեղերից է դիտարկվում»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, պետք չի PR ակցիա անել՝ ցույց տալու համար, որ ավելի արմատական ես, ավելի վճռական:

Արմեն Ռուստամյանը նաեւ ասաց, որ չպետք է այնպես լինի, որ ընդդիմադիրները նիստերի դահլիճում ՀՀԿ-ականների հետ այլ հարաբերություններ ունենան, իսկ ԱԺ միջանցքներում իրար հետ «պաչ-պռոշտի» լինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031