Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ խուճապի մեջ

Դեկտեմբեր 19,2014 17:00

Մտավախություն կա, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո
ռուսաստանյան բարքերը կտեղափոխվեն նաեւ Հայաստան

Ինչպես հայտնի է, ՀՀ խորհրդարանը վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Այս շաբաթ էլ ՀՀ ԱԺ-ն արտահերթ ռեժիմով առավոտից գիշեր սրընթաց տեմպերով մեկը մյուսի հետեւից ՀՀ տարբեր օրենքներ համապատասխանեցնում է ԵՏՄ օրենսդրությանը, նույնիսկ այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ երկրները դեռ չեն վավերացրել ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունը:

Սա հարցի քաղաքա-իրավական կողմն է: Այլ խնդիր է, որ արդեն, դեռ ԵՏՄ լիարժեք մուտք չգործած, ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խուճապի մեջ են: Մտավախություն ունեն, որ ռուսաստանյան բարքերը, որոնք ամենեւին էլ ի նպաստ քաղհասարակության չեն գործում, կարող են տեղափոխվել Հայաստան:

«Առավոտի» հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ն, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո քաղաքացիական հասարակության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է ակնկալվում, լծակների նվազեցում եւ ոչ բարենպաստ դաշտի հաստատում, կոնֆլիկտաբան Արտակ Այունցը պատասխանեց. «Իհարկե, ունենք մտահոգություններ, բայց ոչ թե դրանք պայմանավորված են միայն ԵՏՄ անդամակցելու հարցով, այլ ընդհանրապես ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությամբ. շատ հարցերում նրանք ընդօրինակում են ռուսաստանյան իրավիճակը: Իսկ մենք գիտենք, թե այնտեղ որքան սահմանափակումներ կան քաղաքացիական հասարակության գործունեության նկատմամբ: Մտավախություն կա, որ մի օր էլ ՀՀ-ում կարող է նման օրենք ընդունվել, մանավանդ, որ արդեն նախագիծը շրջանառության մեջ է: Ու հնարավոր է, որ ռուսաստանյան տարբեր զարգացումներ բերվեն նաեւ Հայաստան»:

Պատմաբան Տիգրան Զաքարյանը չի բացառում, որ «այսքանից հետո, բնականաբար, ՀՀ-ում կարող են լինել ռուսական ձեւի քաղաքական ճնշումներ քաղաքացիական հասարակության նկատմամբ»: Իրավիճակն առավել կնճռոտ է դառնում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ն մուտք է գործում մի միություն, որի անդամ երկրների հետ համեմատած քաղաքացիական հասարակության իրավիճակն առավել բարվոք է Հայաստանում:

Հետաքրքրական է այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դժվարանում են նաեւ կոնկրետ կանխատեսումներ անել եւ գնահատականներ տալ, քանի որ իրավիճակը չափազանց հղի է վայրիվերումներով եւ սրընթաց զարգացումներով: Տիգրան Զաքարյանը նկատում է, որ այժմ բոլորս ականատես ենք լինում ոչ թե ռուսական կայսրության վերելքին, այլ փլուզմանը: Այս առիթով նա հիշեցրեց պատմությունից այն դրվագը, երբ Խորհրդային Միությունը քանդվում էր, Գորբաչովը փորձ էր անում նոր միութենական պայմանագրով այդ ամենը հավաքել: Հիմա նույնն անում է Վլադիմիր Պուտինը: Բայց ըստ պատմաբանի՝ Պուտինի՝ կայսրության այս թարմացման ու փրկելու փորձը ձախողման է դատապարտված:

Ստեղծված իրավիճակում էական է նաեւ այն հարցը, թե որքանով է այսօր ՀՀ քաղհասարակությունը պատրաստ այս կտրուկ փոփոխությանը: Խուճապը հատկապես առաջացել է այն պատճառով, որ այս դաշտի ներկայացուցիչները պատրաստ չեն ստեղծված իրավիճակին: Տիգրան Զաքարյանը նկատում է, որ քաղհասարակությունը, ցավոք, զերծ չէ այն ախտերից, որոնք գերիշխող են հասարակության մյուս ոլորտներում: Պատմաբանը հիշեցրեց հայ հասարակության վախերի մասին. «Ցավոք, քաղհասարակության մաս կազմող մտավորականությունն ունի այն մտայնությունը, որ մենք անկախ դժվար թե դիմանանք: Գերիշխող է նաեւ թուրքերից վախի սինդրոմը, մոռանում ենք, որ մի պատերազմ ենք շահել՝ չնայած դա դեռ չավարտված պատերազմ է, ու չենք հավատում, որ մենք ինքներս ենք պատերազմ շահել եւ ինքներս կարող ենք կնքել այն, ինչ պետք էր»:

Որպես ամփոփում պատմաբանը խոստովանեց, որ, ցավոք, այն, ինչ արտաբերեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), մասնավորապես՝ «Ավելի լավ է մնալ ռուսական լծի տակ» արտահայտությամբ, դա հայ հասարակության մեծ մասի կարծիքն է, ինչքան էլ շատերս հայտարարենք, թե հեռու ենք այդ կարծիքից:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝  Տիգրան Զաքարյանը՝ ձախից, Արտակ Այունցը՝ աջից:

«Առավոտ» օրաթերթ
18.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031