Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ակտիվացնում է քաղաքական գործընթացները, որ բոլոր հարցերի լուծումը ստանա այն ճանապարհով, որտեղ անտեսված է իրավունքն ու արդարությունը»․ Սիրանուշ Սահակյան

Ապրիլ 01,2024 22:33

«Ես առնվազն իմ անունից կարող եմ նշել, որ մենք հետևողականորեն շարունակելու ենք անհատական գործերի վարումը և որևէ իրավական, քաղաքական զարգացում չի կարող մեզ ստիպել հրաժարվել այդ գործերից»,- Aravot.am-ի հարցին՝ եթե ՀՀ-ն հրաժարվի Ադրբեջանի դեմ միջպետական գործերից, դա կնշանակի, որ անհատական գործերով միջազգային դատարան ներկայացված դիմումներն այսպես ասած ջրվո՞ւմ են, Մամուլի ազգային ակումբում «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ հնարավոր է՝ ՀՀ-ն հրաժարվի միջպետական գանգատներից։

Սիրանուշ Սահակյանն ասաց՝ Եվրոպական դատարանը (ԵԴ), երբ տեսնում է, որ անհատական գործն էապես կապված է միջպետական գործի շրջանակներում ներկայացված հարցադրումներին, ինքնուրույն չի քննում անհատական գանգատն այն տրամաբանությամբ, որ այդ հարցերը սպառիչ ու ավելի համապարփակ կերպով լուծում են ստանալու միջպետական գանգատում։ Եվ այս գործերը կամ կարող են հանվել քննության ենթակա գործերի ցուցակից, կամ ժամանակավորապես սառեցվեն, կասեցվեն մինչև միջպետական հարցի լուծումը, որովհետև այստեղ փոխկապակցվածություն գոյություն ունի․ «Կան գործեր, որոնք ինքնուրույնաբար ներկայացնում են իրավական արժեք, և դատարանը որպես կանոն այս գործերի քննությունը չի կապում միջպետական գործի քննության հետ։

Կարող եմ կոնկրետ օրինակ բերել։ Ես ու իմ գործընկերն իրավական ներկայացուցչություն ենք իրականացնում Հադրութի գնդակահարության գործով, երբ տարեց ու երիտասարդ անձը դրոշներով փաթաթված գնդակահարվեցին Հադրութի հրապարակում։ Այս գործն ունի մեծ ռազմավարական արժեք, որովհետև այն շատ ցայտուն կերպով է բացահայտում սպանության էթնիկ տարրը։ Այստեղ ոչ թե ընդամենը հակամարտող  կողմերը միմյանց քաղաքացիներին են սպանել, այլ սպանությունը՝ արտադատական այս գնդակահարությունը մոտիվացված է եղել էթնիկ շարժառիթով և ազգային պատկանելության հիմքով խտրականության ենթարկելով այս անձանց գնդակահարելը։

Ադրբեջանը մեծ ջանքեր էր գործադրում՝ խնդրելով ԵԴ-ին այս անհատական գործը միավորել միջպետական գործին՝ ընդ որում այս անհատական գործին տրված էր առաջնահերթություն։ Մենք այս պահին էլ գտնվում ենք ակտիվ կոմունիկացիայի փուլում, մենք առարկեցինք և հիմնավոր փաստարկներ բերեցինք, թե ինչու է անթույլատրելի այս գործերի միավորումը և ինչպիսի հետին պլաններ է հետապնդում Ադրբեջանը։ Դատարանը կիսեց մեր մոտեցումները և Ադրբեջանի միջնորդությունը մերժեց։ Այսինքն՝ այս և բազմաթիվ այլ գործեր շարունակվում են, որ մենք ենք վարում, իմ գործընկերներն են վարում, ինքնուրույնաբար են քննվում և միջպետական գործի հրաժարումն ազդեցություն չի թողնի անհատական գործի վրա»։

Հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանն այդ խնդրանքով ԵԴ-ին է դիմել մինչև՞ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ հետո, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Դա եղել է ավելի վաղ փուլում։  Նրանք հասկանում են, որ գործը շատ կարևոր է և միջազգային ընկալումները, մոտեցումները փոփոխվելու են կամ ավելի պարզորոշ են դառնալու, ուստի պետք է ձգձգել այդ գործերով դատական ակտերի կայացումը։ Նրանց համար անխուսափելի է, որ ԵԴ-ն արձանագրելու է խախտումները, քանի որ չեն կարող կանխել այդ անցանկալի զարգացումը նրանք դատական ակտերի կայացումը ձգձգելու, հետաձգելու միջոցով փորձում են ժամանակային առումով հեռացնել իրավական գործընթացների ազդեցությունը, որովհետև իրավական գործընթացների որոշակի փոփոխությունների կարող են ենթարկել նաև քաղաքական գործընթացներ։ Նրանք իրավականը հետաձգում են, փոխարենը ակտիվացնում են հենց քաղաքական գործընթացները, որ բոլոր հարցերի լուծումը ստանան քաղաքական ճանապարհով, որտեղ անտեսված է իրավունքն ու արդարությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930