Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «ԵՏՄ-ում արաղ ենք խմելու, Թեւա՛ն»

Հունվար 30,2015 14:41

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց 2001-ի ապրիլի 3-ին Փարիզում ստորագրված «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպություն հիմնադրելու մասին» համաձայնագիրը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հիմնական զեկուցող գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ ԵՏՄ անդամակցությունը չի՞ խանգարելու գինու արտադրությանը, դուռ բացելո՞ւ է, թե՞ չի բացելու: Նա հիշեցրեց, որ գինու խցանները, պիտակները ներմուծվում են Եվրոպայից եւ ոչ թե ՄՄ տարածքից. «Ստիպված ենք լինելու արդեն ռուսական պիտակնե՞ր բերել»,- հարցրեց նա:

Ալեքսանդր Արզումանյանը Թեւան Պողոսյանին արձագանքեց. «ԵՏՄ-ում արաղ ենք խմելու, Թեւա՛ն»:

Armen HarutyunyanԱրմեն Հարությունյանը պատասխանեց, բացատրեց, որ արտահանման ծավալներում շուրջ 80 տոկոսը բաժին է ընկնում ԵՏՄ անդամ պետություններին, այդ թվում ՌԴ-ին: ԵՏՄ անդամակցությունն այդ տեսակետից կարող է նպաստել արտահանման ծավալների ավելացմանը. «Որոշ ապրանքների գծերով, իհարկե, ԵՏՄ անդամակցության շրջանակներում մաքսատուրքերը կբարձրանան: Հումքային առումով, խցանները, պիտակները, մասնավոր սեկտորը ներկայացրել է, որ գնագոյացման մեջ դրանց կշիռը շատ փոքր է: Գինու արժեքի վրա դրանք մեծ ազդեցություն չեն ունենում»:

Թեւան Պողոսյանն ասաց. «2014-ի սկզբում գյուղնախարարն ասաց, որ 30 տոկոս աճ ենք ունենալու, բայց այնուամենայնիվ, ինչպես հասկացա հունվար-մայիսի վրա կար կանխատեսում, ունեինք նվազում եւ գինու, եւ կոնյակի: Տարին չգիտեմ ոնց է ամփոփվել: Փաստորեն, ստացվում է, որ կանխատեսում էինք 30 տոկոսի աճը, 5 տոկոս էլ չենք ունեցել»:

Թեւան Պողոսյանն ասաց, որ գինին մեր հայկական խմիչքն է եւ դրանով պետք է ներկայանանք աշխարհին. «Լավ կլինի, որ կանխատեսումներ անեք»:

Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ ռուբլու արժեզրկման հետ կապված մեր արտահանողները լուրջ խնդիրներ ունեին. «Կանխատեսումները, ձեզ հետ համաձայն եմ, պետք է վերանայենք»:

Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց համաձայնագիրը ԱԺ օրակարգում դրական եզրակացությամբ քննարկելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031