Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչում Վրաստանի Ավետարանական-Մկրտական եկեղեցում

Մարտ 30,2015 16:40

Ընթացիկ տարվա մարտի 28-ին, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու Խաղաղության մայր տաճարում հավատացյալների և երգչախմբերի հետ համատեղ կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում:

Հավատացյալները հետաքրքրությամբ դիտեցին Քույր եկեղեցու բակում Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած Մեծ Եղեռնի մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը:

Եկեղեցում Հիշատակի երեկոն սկսվեց հայերեն և վրացերեն լեզուներով Տերունական միասնական աղոթքով: Վրաստանում Ավետարանական-Մկրտական Եկեղեցու առաջնորդ, Գերաշնորհ Մալխազ արքեպիսկոպոս Սոնղուլաշվիլին օրվա խորհրդի մասին իր խոսքում անդրադարձ կատարեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, որի պատճառը հայ լինելն էր ու քրիստոնյա հավատքին երկրպագելը: Եկեղեցու առաջնորդը Պահքի այս օրերին նահատակներին հիշելու, նրանց հոգիների համար աղոթելու կոչ արեց:

Այնուհետև կատարվեց հոգեհանգստյան կարգ և աղոթք բարձրացվեց Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար:

Երիտասարդ դոկտորանտ, հայագետ Դիանա Տեր-Բաղդասարովան հանդես եկավ վրացերեն բանախոսությամբ: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի կողմից հարյուրամյակներ շարունակ վարած հայաթափման քաղաքականության վրա, որի բարձրակետը դարձավ Երիտթուրքերի իրականացրած ոճրագործությունը. Արդյունքում՝ հայրենազուրկ դարձած հայոց ազգ, կյանքից զրկվեց մեկ ու կես միլիոն նահատակներ:

Անմեղ զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին նվիրած իր բանաստեղծությունն ընթերցեց բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի Եկեղեցական խորհրդի անդամ, Վրաստանի Ավետարանական –Մկրտական Եկեղեցու հոգևոր առաջնորդներին Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին միասնական աղոթք բարձրացնելու, հայ հավատացյալներին ջերմորեն ընդունելու և հայոց ցավն ու վիշտը կիսելու համար: Սրբազան Հայրն իր խոսքում կարևորեց աշխարհի առաջավոր պետությունների օգնությունը ոճրագործությունից փրկված մի բուռ հայությանը, երախտիքի խոսքեր ուղղեց այն պետություններին ու ազգերին, որոնք ընդունել ու ապաստանել են փրկվածներին, որբանոցներում պահել ու մեծացրել են հայ մանուկներին, որոնց սերունդներն այսօր էլ շարունակում են պահանջատիրոջ իրավունքով դատապարտել Ցեղասպանությունը:

Վերջում Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու առաջնորդներ Գերաշնորհ Մալխազ արքեպիսկոպոս Սոլղունաշվիլին, Գերաշնորհ Տեր Իլիա եպիսկոպոս Օսեփաշվիլին և Գերաշնորհ Տեր Ռուսուդան եպիսկոպոս Գոցիրիձեն համատեղ աղոթք բարձրացրին հայ ժողովրդի հարատևման, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամրապնդման ու զարգացման, Հայաստան աշխարհի զարգացման ու բարգավաճման համար:

Հիշատակի երեկոյին կատարվեցին հայերեն և վրացերեն հոգևոր երգեր Ավետարանական-Մկրտական և Վիրահայոց թեմի եկեղեցական երգչախմբերի կողմից:

Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031