Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Ծննդի և Աստվածհայտնության Սբ. Պատարագ Վիրահայոց թեմում

Հունվար 06,2021 21:56

2021 թվականի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը: Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում առաջին տաղավար տոնը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով:

Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի էին եկել և Հայոց Եկեղեցու տոնը իրենց ներկայությամբ պատվել էին կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ Իզաբելա Օսիպովան, Կոբա Չոպլիանին, նախկին խորհրդարանականներ Դավիթ Ճիճինաձեն և Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Կրոնի գործակալության աշխատակիցներ, հասարակայնության անդամներ, հավատացյալներ:
Վրաստանի հայ հավատացյալներին Սուրբծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով շնորհավորել էին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, քույր եկեղեցիների և կրոնական կառույցների ղեկավարներ, բազմում բարձրպաշտոնյաներ և հասարակական գործիչներ:

Վիրահայոց Թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Պատարագիչ քահանան Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունեց ներկաներին:

Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդական տեղապահն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը:

Հավարտ Պատարագի Հայր Սուրբը անդրադարձ կատարելով պատմականորեն հավատակից ժողովուրդների հարաբերություններին, հայ և վրաց եկեղեցիների բարեկամությանը և հաշվի առնելով, որ այս գիշեր Վրաց Ուղղափառ Եկեղեցում տեղի է ունենալու Սուրբծննդյան տոնակատարություն, հանուն Վրաստանի հայ հավատացյալների և հոգևորականաց դասի շնորհավորեց Վրաց Եկեղեցու հավատացյալներին և հոգևորականներին Քրիստոնեական այս մեծ տոնի առիթով:
Հոգեշնոր Տեր Կիրակոս վարդապետի ձեռամբ Սբ. Պատարագի վերջում կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն՛ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների Խաչի կնքահայր դարձան Յուրի Երեմյանը և Գրիգոր Նալբանդյանը:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով տոնական Սուրբ և անմահ Պատարագներ մատուցվեցին և ջրօրհնեքի արարողություններ կատարվեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին, Բաթումի Սուրբ Փրկիչ, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում և հարակից գյուղերում, Քվեմո Քարթլիի, Ռուսթավիի, Մառնեուլի շրջանների գյուղերի հոգևոր տաճարներում:

Սուրբ Պատարագից հետո ամենուրեք կազմակերպվեց հյուրասիրություն:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031