Լրահոս
Օրվա լրահոսը

Ում է կասկածում Սուրիկ Խաչատրյանը

Մայիս 21,2015 13:18

«Այն տականքներին, որոնք տարածում են, որ իբր մահափորձ չի եղել, ի պատասխան հայտարարեմ, որ իրավապահները բացահայտել են հրաձիգի թաքնված տեղը և այն օղակը, ընկած փամփուշտների պարկուճները, որոնք ցրված են այնտեղ»,-Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով բոլոր այն հայտարարություններին, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմադրված էր, այսպես պատասխանեց մարզպետի խորհրդական, Արցախյան ազատամարտի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը: Նա փոխանցեց, որ «հրաձիգը թաքնված է եղել ճանապարհից 40-50 մետրի վրա՝ անտառում, որտեղ թուրքերը 1990-ականներին թաքնվում և սպանում էին հայերին»:

Հիշեցնենք, որ մի շարք կասկածներ կան այն մասին, որ Սյունիքի մարզպետի հետ կատարվածը բեմադրված էր: Օրինակ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի համար կասկածելի է, թե «Եթե 25-30 կրակոցը բաշխենք մեքենայի վրա, փաստորեն, մեքենան մաղ է դարձել ու նույնիսկ քերծվածք չկա՞»:

Volodya HovhannisyanՎոլոդյա Հովհաննիսյանին փոխանցեցինք այս կասկածները, նա պատասխանեց. «Դիմահար 22 կրակոց է եղել մեքենայի վրա, կրակել են 40-50 մետրի վրա, նպատակն է եղել մահափորձը մարզպետի վրա: Ով նման հայտարարություն է անում, կամ շիզոֆրենիկ է, կամ տականք, որի նման աշխարհը չի տեսել»:

Մեր այն դիտարկմանը՝ շատերի համար է կասկածելի՝ այդ ո՞նց եղավ այդքան կրակոցներից հետո ոչ մի վնասվածք, Վոլոդյա Հովհաննիսյանն արձագանքեց. «Առաջին կրակոցից հետո մարզպետը, որպես արցախյան ազատամարտի մասնակից, ճիշտ հրաման է տվել մեքենան ճիշտ թեքել և կարողացել պաշտպանիչ թմբի հետևում հայտնվել, և կրակոցները չեն վնասել իրեն: Իսկ մինչև այդ վարորդի և իր ուղղությամբ եղել է հինգ կրակոց: Երբ մարզպետը մեքենայից դուրս է եկել, նա ուներ մարմնական վնասվածքներ»:

Մեր այն հարցին՝ իսկ Գորիսում ո՞վ կհամարձակվեր Սուրիկ Խաչատրյանի վրա կրակել, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նրանք կհամարձակվեին, ովքեր սպառնացել են մարզպետին մի քանի անգամ և արդեն վախենում են իրենց փափուկ ու փողոտ պաշտոնը կորցնել»: Հստակեցրինք՝ անուններ տվեք, մարզպետի խորհրդականն ասաց. «Այդ անունները կտան իրավապահ մարմինները: Կոնկրետ Տիգրան Կարապետյանը սպառնացել է, կամ այն մարդիկ, ովքեր հակասուրիկխաչատրյանական քաղաքականություն են վարում Գորիսում: Կան մարդիկ, որոնք որոշակի իշխող խմբի են հարում, զանգում են ԶԼՄ-ներին որոշակի ապատեղեկատվություն են տալիս և փորձում Սուրիկ Խաչատրյանին հեղինակազրկել: Գորիսում կա չորս-հինգ ընտանիք, որ նման քաղաքականություն է վարում: Սուրիկ Խաչատրյանին սպառնացել են նաև վիրավորված երեխայի ծնողները: Սա դասական մահափորձ է ՀՀ իշխանության ներկայացուցիչ մարզպետի նկատմամբ և դա ներկայացնել որպես պատահականություն կամ սարքովի բան, նույնքան անբարոյական է, որքան արեգակին ասել լուսին»:

Վոլոդյա Հովհանիսյանը հավելեց, թե մարզպետը պաշտպանության կարիք չունի, ժողովուրդն է նրան սատարում, սյունեցիներն այցելում են նրան, զանգում ասում,թ իր կողքին են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    //«Առաջին կրակոցից հետո մարզպետը, որպես արցախյան ազատամարտի մասնակից, ճիշտ հրաման է տվել մեքենան ճիշտ թեքել և կարողացել պաշտպանիչ թմբի հետևում հայտնվել, և կրակոցները չեն վնասել իրեն://
    Հրաձիգն արձակեց առաջին կրակոցն ու սպասեց, մտածելով, թե տեսնես Ս.Խ.-ն, որպես պատերազմի մասնակից, ինչ կանի: Տեսնելով, որ ճիշտ հրաման է տրվել՝ նա թույլ տվեց, որ մեքենան հայտնվի պաշտպանիչ թմբի հետեւում: Իսկ մինչ այդ, այսինքն մինչ առաջին կրակոցը, նա //վարորդի և Ս.Խ.-ի ուղղությամբ արձակել էր հինգ կրակոց//: Բա…
    Ու այդպես դանդաղ, իր հավեսով մի ժամի չափ, այդ հրաձիգը արձակում էր 22 կրակոցները: Բնական է շատ դանդաղ պիտի կրակեր: Բա գիտեք հե՞շտ է այնպես կրակելը, որ գնդակը անցնի թումբը, խոցի մեքենան, բայց ոչ ոքի չդիպչի: Ինչ Ռեմբոյի կինո, ինչ Նիկոյի կինո, ինչ սուպերմենի կինո…. Հոլիվուդը պիտի գա Գորիս, սովորի թե որը ոնց են անում…
    Ինչ վերաբերվում է հրաձիգի տեղին ու թափված պարկուճներին: Այ եթե ուրիշի վրա լինեին կրակած, ո՛չ հրաձիգի տեղը կլիներ, ո՛չ էլ թափված պարկուճները… բա ոնց: Բա եթե բեմականացում լիներ, հո հրաձիգը տեղ չէ՞ր ունենալու, կամ պարկուճներ հո չէի՞ն լինելու…
    Ու շատ կարեւոր զգուշացում: Հայեր, զգույշ եղեք, մարդ ես, սայթաքեցիր ու արեգակին լուսին անվանեցիր….կլինես անբարոյականության վերջը…..

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մանկլավիկները անցել են գործի: Լիսկան «հա՞յ» է. ինչ որ չի երևում:

  3. Գալուստ Ենոքյան says:

    Էս ամեն ինչից 1937 թվի հոտ է գալիս…: Սուրիկ Խաչատրյանը կարծես Ստալինի դերն է ստանձնել…Հիմա անգլիական, ամերիկյան լրտեսների որսը պիտի սկսվի թերեվս…

  4. Տիգրան Ավետիսյան /իրավաբան/ says:

    Երբ մարզպետը մեքենայից դուրս է եկել, նա ուներ մարմնական վնասվածքներ»:
    ՀԵՏՈ ԱՍՎՈՒՄ Է, թե վնասվածք չի ստացել;

    ՀԻմա պարզ չէ- վնասվածք ունեցել է թե չէ?
    կամ երբ ?
    երբ մեքենայից դուրս է եկել?, թե մինչև դա?
    կամ գուցե էս ամենից հետո))))

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031