Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության «ինքնամաքրումն» ու Ստեփան Մարգարյանի բնակավայրի գողությունները

Մայիս 25,2015 17:45

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովներում քննարկվեց 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ցուցանիշները ներկայացնելիս ասաց, որ ոստիկանությունում ինքնամաքրման գործընթաց են իրականացրել. «Անցյալ տարի կատարվել է 1600 ծառայողական քննություն, տույժի է ենթարկվել ոստիկանության 846 ծառայող՝ թույլ տված խախտումների փաստերով,  արձանագրվել է 63 դեպք՝ 81 անձանց վերաբերյալ: 55 անձի նկատմամբ հարուցվել է քրգործ, 4 գործով դատապարտվել են 6 անձինք»:

Stepan_Margaryan

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը դժգոհեց, որ ոստիկանները գիշերները չեն հերթապահում, դրա համար իրենց թաղամասում բնակարանային գողությունների դեպքերը նորից ավելացել են. «Երբ գիշերը սկսեցին հերթապահել՝ դադարեց դա, հիմա նորից սկսել են: Դա թա՞նկ հաճույք է: Եվ որքա՞ն կարժենա ՀՀ-ի ճանապարհները ավելի լավ ճանապարհային նշաններով ապահովելը: Կարող է անծանոթ տեղանքում չկողմնորոշվես, թե որ կողմով գնաս, որ այսինչ թաղամասը կամ մայրուղի դուրս գաս»:

Փոխոստիկանապետը պատասխանեց. «Թանկի եւ էժանի խնդիր չկա, խոսքը տրանսպորտային միջոցների եւ վառելիքի ապահովման մասին է: Մենք այդ հնարավորությունն ունենք: Զարմանում եմ, որ ասում եք շատացել է»:

Նա վստահեցրեց, որ վերջին շրջանում բնակարանային գողությունների թիվը կտրուկ նվազել է. «Եթե ունեք տեղեկություն թիրախային այդպիսի շրջանների մասին, կարող եք ասել, մենք միգուցե մեր պլանները վերափոխենք»:

Ինչ վերաբերում է ճանապարհային նշաններին, փոխոստիկանապետն ասաց. «Միայն Երեւան քաղաքում ենք մենք իրականացնում ճանապարհային նշանների տեղադրումը, մարզերում դա միայն ՏԻՄ-երի խնդիրն է: Երեւանում բավականին լուրջ փոփոխություններ են կատարվել, տեսնում եք լուսակիրները, նշանները անվերջ փոխվում են, մայթագծերը, գծանշաններն են թարմացնում, ինչը լուրջ ծախս է՝ բնակլիմայական պայմաններից ելնելով»:

Ստեփան Մարգարյանն ասաց, որ ինքը բնակվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ սեփական տների հատվածում եւ իր բնակավայրում վերջին շրջանում եղել է գողության մի քանի դեպք. «Երբ հերթապահում էին, դադարեց: Իսկ առաջ մի գիշերվա մեջ 3  բնակարան էին մտնում էին»:

Փոխոստիկանանպետը խոստացավ այդ հատվածին ուշադրություն դարձնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031