Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են պայթում բալոնները

Հունիս 06,2015 16:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը եւ արտակարգ  իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանը:

Արամ Աբրահամյան.- Գազի բալոնների հետ կապված վերջերս կրկնվող դեպքերը օրինաչափությո՞ւն են, թե՞ պարզապես զուգադիպություն:

Արմեն Պողոսյան.– Ես օրինաչափություն եմ տեսնում՝ անհետեւողական աշխատանք, թույլ վերահսկողություն եւ սերտիֆիկացման անկատար գործընթաց:

Ա. Ա.– Ո՞ր սերտիֆիկացման:

Ա. Պ.- Բանն այն է, որ մեր էկոնոմիկայի նախարարությունում կա սերտիֆիկացման վարչություն, որը գլխավորում է այդ աշխատանքը: Սերտիֆիկացման մարմինները սկզբում հավատարմագրվում են նախարարությունում, որ հետո իրավունք ունենան սերտիֆիկացնելու այն սարքերը, որոնցով կատարվում է այդ սպասարկումը, եւ այդտեղ է, որ պետք է լինեն անվրեպ, գրագետ, ուշադիր:

Ա. Ա.- Մի տարի առաջ լա՞վ էր վիճակը այդ առումով, հիմա՞ վատացավ:

Ա. Պ.– Ես գտնում եմ, որ խնդիրները օրերից մի օր պետք է բացահայտվեին: Մի քանի դեպք իրար զուգադիպեցին կամ իրար հաջորդեցին, միեւնույն է՝ հիմքում ոչ հետեւողական աշխատանքն է:

Ա. Ա.– Դուք ունե՞ք վիճակագրություն, այսինքն՝ տարին կամ ամիսը քանի՞ անգամ են լինում նման դեպքեր:

Սերգեյ Հայրապետյան.- Վիճակագրության համաձայն՝ վերջին 5 տարիների ընթացքում 27 նմանատիպ դեպք է եղել, մոտավորապես միջինը 4-5 դեպք ամեն տարի, ուղղակի այս տարի բավականին կարճ ժամանակահատվածում մի քանի դեպք եղավ, եւ, ցավոք սրտի, եղան մարդկային զոհեր, կոնկրետ 4 դեպք՝ 3 զոհ ունենք, 3 վիրավոր:

Ա. Ա.– Դուք ի՞նչ օրինաչափություն եք տեսնում:

Ս. Հ.- Օրինաչափությունը նրանում եմ տեսնում, որ այդ 27 դեպքից գերակշիռ մասի դեպքում՝ 15-ում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, այսինքն՝ գազալցակայանի խնդիրը չի եղել: Ես չեմ ուզում ասել, որ գազալցակայանները շատ հրաշալի վիճակում են, այնտեղ էլ թերություններ, իհարկե, կան: Բայց մեծ մասը առաջացել է բալոնի խնդրից, տարբեր տեսակի թերություններից՝ սա է օրինաչափությունը:

Ա. Ա.- Ենթադրենք, ես քշում եմ վատ բալոնով՝ ինքնաշեն կամ, ասենք, 20-25 տարվա: Հնարավո՞ր է արգելել գազալցակայանին, որ ինձ լիցքավորի, ասել՝ չէ, եթե դու քշում ես այդպիսի բալոնով, ես քեզ չեմ լիցքավորի:

Ա. Պ.– Ես միանշանակ համոզված եմ, որ ոչ միայն կարող են, այլեւ հենց այդպես էլ պետք է լինի: Հիմա մեզ մոտ, ցավոք սրտի, կատարվում է չհիմնավորված լիբերալացում՝ օրենսդրության մեջ եւ ենթաօրենսդրական ակտերում: Գոյություն ունի «գիլյոտին» կոչված մի կառույց, որի նպատակն է պարզեցնել, հեշտացնել օրենքները եւ ենթաօրենսդրական նորմատիվային ակտերը: Բայց լիբերալացումը ունի սահման, հաճախ մենք այդ սահմանը անցնում ենք եւ դարձնում ենք անկառավարելի, օրինակ՝ սերտիֆիկատ, որ իրավունք է տալիս շահագործել այդ բալոնը, դա պետք է փակցված լինի ավտոմեքենային, բայց դա վերջին տարիներին ես մի անգամ եմ տեսել:

Ա. Ա.- Օրենքի պահանջ կա՞ այդպիսի:

Ա. Պ.– Բանն այն է, որ կա, բայց միեւնույն ժամանակ այնտեղ կա դա շրջանցելու հնարավորություն:

Ա. Ա.- Կա՞ այդպիսի օրենք:

Ս. Հ.- Ոչ: Բալոնների հետ կապված ասեմ՝ մեր նախարարությունը հիմա ոչ մի գործառույթ չունի: Բայց մենք բազմիցս քննարկումների ժամանակ արտահայտել ենք մեր կարծիքը, որ պետք է այդ բնագավառը խստացվի: Օրինակ՝ մենք առաջարկ ենք արել, մասնավորապես, այդ գազաբալոնները համարել արտադրական վտանգավոր օբյեկտներ, այդ դեպքում կմտնի մեր օրենքներից մեկի՝ «Տեխնիկական անվտանգության պետական ապահովման մասին» օրենքի գործողության դաշտ, եւ համաձայն դրա՝ վարորդը պարտադիր տարին մեկ անգամ մեքենան կտանի փորձաքննության եւ կստանա համապատասխան հավաստագիր: Գազալցակայանի աշխատակիցը առանց այդ հավաստագրի պետք է չլիցքավորի բալոնը, բայց, ցավոք սրտի, այդ հավաստագիրը ոչ ոք չի էլ հարցնում:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930