Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատներին փոխհատուցելով՝ էլի ՀԷՑ-ին ենք լավություն անում

Հունիս 10,2015 21:07

Կառավարության՝ աղքատների սպառած հոսանքի փոխհատուցման քաղաքականությունը սխալ է, էլի քաղաքացու գրպանից գնալու է ՀԷՑ-ին:

Հոսանքի՝ 7 դրամով թանկացման հետեւանքով առաջացող խնդիրները Կառավարությունը փորձելու է մեղմացնել, բայց միայն սոցիալապես անապահովների շրջանում:  Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մի քանի լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ վերլուծություններ են անում, եւ հաշվի առնելով 1 ընտանիքի կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի ամսական չափաքանակը, դրա ազդեցությունն են գնահատում:

Ասատրյանի խոսքերով՝ «Վերլուծությունների արդյունքում կունենաք ձեւավորված առաջարկություններ, որը կներկայացնենք կառավարության քննարկման ու հաստատմանը: Այս պահին վերջնական որոշումների մասին խոսելը վաղաժամ է»: Նախարարի կարծիքով՝ ցանկացած թանկացում առաջին հերթին  սոցիալապես անապահովների, ու ընդհանրապես, բնակչության համար՝ որպես բեռ, չի կարելի  դրական գնահատել. «Մյուս կողմից էլ պիտի հաշվի առնենք, այն օբյեկտիվ իրողությունները, որոնք կան, եւ նաեւ կառավարության կողմից իրականացվող քայլերը, որոնք պիտի ամբողջությամբ նպաստեն խնդիրների լուծմանը: Կառավարությունն իր հնարավորությունների եւ ռեսուրսների շրջանակում պիտի քայլ անի այդ ուղղությամբ»:

Ասատրյանն ասաց, որ Հայաստանում անապահովության նպաստ ստացող 105 հազար ընտանիք կա, իսկ միջին ընտանիքն ամսական 200 Կվ էլեկտրաէներգիա է սպառում, պիտի դեռ գնահատեն ամբողջ ազդեցությունն այս թվերի ու հոսանքի թանկացման:

Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացիները, սպառողներն, որոնք հարկեր են վճարում պետբյուջե, նույն պետբյուջից ու մի քաղաքացու գրպանից վերցնեն ու ՀԷՑ-ին վճարեն 105 հազար ընտանիքների հոսանքի ծախսերը, արդյոք սա ճիշտ քաղաքականություն է, նախարարն ասաց. «Սոցիալական քաղաքականությունը վերաբերում է սոցիալապես խոցելի խմբերին, սոցիալական ծրագրերի իրականացնելուն: Այս շրջանակներում, բնական է, որ կառավարությունն առաջին  հերթին պիտի արձագանքի սոցիալապես անապահով ընտանիքներին: Ես կարծում եմ, երբ մենք խոսում ենք բյուջեի կառուցվածքի, բյուջեի շրջանակներում իրականացվող քաղաքականության մասին, այդ շրջանակներում էլ պիտի դիտարկենք այս խնդիրը»:

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը գնահատելով 105 հազար ընտանիքների սպառած միջինը 200 կվ ու 7 դրամով թանկացվող էլեկտրաէներգիա փոխհատուցման կառավարության քաղաքականությունը, նկատեց, որ դա ձեւական է եւ ճիշտ էլ չէ. «Ինչպես նշեցիք, դա բավականաչափ մեծ գումար է, որը պետբյուջեից, ըստ էության, ռուսական ընկերությանն է գնալու, այն էլ այն ընկերությանը, որի մասին կառավարություն էլ խոստովանում է, որ անփույթ մենեջմենթի հետեւանքով  վնասներ է կրել, որի հետեւանքով պետբյուջեն էլ  պիտի տուժի»:

Պարոն Եղիազարյանն ասաց, որ նախ կառավարությունն իրական խնդրին պիտի ուշադրություն դարձնի՝ ՀԷՑ-ի հիմնավորումներին ու հաշվարկներին, եւ այս շարունակական թանկացումն անընդունելի է. «Եթե հաջորդ անգամ էլ հոսանքը թանկանա, հաջորդ անգամ ի՞նչ պիտի անի կառավարությունը»:

Նկատենք, որ եթե Արտեմ Ասատրյանը նպաստառու 105 հազար ընտանիքն է նշում, ապա ոչ նպաստառու ընտանիքներն էլ այսօր Հայաստանում այնքան էլ լավ վիճակում չեն, տեղից էլ վճարունակ չեն, ու հոսանքի թանկացումը լրացուցիչ բեռ է: Այս առնչությամբ էլ պարոն Եղիազարյանն ասաց, որ հասարակության որոշակի շերտեր աստիճանաբար  դառնում են աղքատներ, այսինքն՝ աղքատների շերտը գնալով մեծանում է. «Իբր հիմա օգնություն են ցույց տալիս ամենաաղքատներին, բայց միեւնույն ժամանակ հասկանալի է՝ հոսանքի թանկացման արդյունքում մյուսներն էլ՝ ոչ նպաստառուները՝ բավականաչափ մեծ թվով մարդիկ կհայտնվեն աղքատության շեմին: Աղքատությունը մեր երկրում խորանում է, էներգետիկ աղքատությունը՝  նույնպես: Էլեկտրաէներգիան շատերի համար դառնում է ոչ մատչելի, էներգետիկ աղքատությունը մեծ խնդիր է Հայաստանում: Մեծ հաշվով, ես կողմ չեմ կառավարության այդպիսի մոտեցմանը: Լավ կլիներ սակագնի մասին մտածեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930