Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում փետրվարի 1-ից

Դեկտեմբեր 23,2021 18:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօր աշխատանքային քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Սակագնի վերանայում տեղի է ունենում ամեն տարի, այս անգամ սակագնի բարձրացումը նախաձեռնել է հանձնաժողովը։

Աշոտ Ուլիխանյան

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ընդհանուր գործող սակագները, եթե պահպանվեն մի մակարդակում, ապա համակարգում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։ «Եվ եթե սակագների բարձրացում տեղի չունենա, ապա ֆինանսական այս ճեղքվածքի պատճառով եկող տարի էլեկտրաէներգիայի անխափան եւ հուսալի մատակարարման խնդիրներ կառաջանային։ Հետեւաբար, ստիպված սակագների բարձրացմանը պետք է գնանք»։

Ըստ Ուլիխանյանի, միջին կշռված սակագինը 4,7 դրամով է ավելանում, ըստ լարումների տարբերակված գներ գոյություն ունեն, բոլոր սպառողների համար միջինը կազմում է 41 դրամ//կՎտժ, եւ, փաստորեն սրան պետք է ավելանա 4,7 դրամը։ «Այստեղ կա որոշակի տարբերակում եւ գնալու ենք ըստ սպառման ծավալից կախված մոտեցումների, տարբեր բարձրացումներ կլինեն»,-ասաց Աշոտ Ուլիխանյանը։ Սակագնի վերանայման հարցը քննարկվելու է հանձնաժողովի դեկտեմբերի 29-ի նիստում, եւ եթե այդ օրը որոշում կայացվի, ապա փետրվարի 1-ից որոշումն ուժի մեջ կմտնի, եւ այդ օրվանից հոսանքը կթանկանա։

Ըստ հանձնաժողովի, սոցիալապես անապահովների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը, էլեկտրաէներգիայի սակագինը չի ավելանա, այսինքն, նրանց համար ցերեկային սակագինը կմնա 29.99 դրամ, իսկ գիշերային սակագինը՝ 19.99 դրամ

Ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը, սակագինը կավելանա 1.5 դրամ/կՎտժ-ով։ Այսինքն, այս բաժանորդների համար ցերեկային սակագինը կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 36.48 դրամ:

Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը, էլեկտրաէներգիայի սակագինը կավելանա 3.5 դրամ/կՎտժ-ով։ Այս բաժանորդների համար ցերեկային սակագինը կդառնա 48.48 դրամ, գիշերայինը՝ 38.48 դրամ:

Մնացած սպառողների համար սակագինը կավելանա 5.5 դրամ/կՎտժ-ով, այսինքն՝ նրանց համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կդառնա 53.48 դրամ, գիշերայինը՝ 43.48 դրամ:

Օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել էր համակարգում առաջացող 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածքի հիմնական գործոնները։ «ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջև ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ դեռևս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը եւ համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլեւ կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Առաջացած խնդրի շուրջ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միեւնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում)»,-նշում է հանձնաժողովը։

Այսօր Աշոտ Ուլիխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ որպեսզի Հրազդան-5 կայանն առաջիկա տարիներին իր ամբողջ ծավալով կարողանա աշխատել, այն տարեկան 3 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա առաքելու հնարավորություն ունի, դա մեր ներքին շուկայում սպառել ուղղակի հնարավոր չէ․ «Պետք է արտահանվի, իսկ դրա համար պետք է ունենալ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031