Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասանկ-անանկ» բացօթյա փառատոնը՝ Երեւանում

Հունիս 20,2015 22:33

Հունիսի 19-26-ը Երեւանում անցկացվում է «Ասանկ-անանկ» բացօթյա փառատոնը: Այն «DVV International», «Հայ դերասանների միություն», «Միհր», «Հալէպ» կազմակերպությունների համագործակցության արդյունքն է:

«Փառատոնը բաց է բոլորի համար: Այստեղ խնդիր կա. Համայնքը մի քիչ փակ է իր մեջ, հատկապես՝ երիտասարդությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «DVV International» կազմակերպության Մեծահասակների կրթությունը ի նպաստ Սիրիայից տեղափոխված անձանց ինտեգրմանը Հայաստանում ծրագրի համակարգող Ավետիս Քեշիշյանը:скачанные файлы

«Ասանկ-Անանկ» փառատոնը մեկնարկել է ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ. «Ձեռագործները, փաստորեն, Սիրիայից մարդիկ փախցրել են, այստեղ են բերել: Միեւնույն ժամանակ այդ ձեռագործների վրա դրել էինք այն լուսանկարները, որոնք նրանց նախնիները Կիլիկիայից, նաեւ Արեւմտյան Հայաստանից կարողացել են փախցնել: Այս իրերի մեջ կային կենցաղային իրեր, մեր ցուցադրածները հիմնականում հոգեւոր արժեքներ էին ներկայացնում, բայց չգիտենք, թե որ մասն է կորած, որ մասը դեռ կա, որ մասն է եկեղեցին հասցրել փախցնել»:

Հունիսի 20-ին փառատոնի մասնակիցները շաբաթօրյակ են կազմակերպել՝ մաքրելով Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի հարակից հատվածը, որտեղ նաեւ բացօթյա ցուցահանդես են նախապատրաստում կազմակերպել:скачанные файлы

«Այս ընթացքում կազմակերպել ենք թեյ անծանոթների հետ: Իմ կարծիքով՝ այն խորհրդանշական է, այսինքն՝ ինչքան ենք մենք իրար ճանաչում: Երբ որ ես սկսեցի աշխատել այս համայնքի հետ, ես հասկացա՝ հայ ասածը ինչքան լայն, ինչքան հարուստ կարող է լինել եւ ինչքան լավ է, որ այդ հարստությունը գիտակցում ես, ընդունում ես որպես քոնը, եւ ինչքան կարեւոր է, որ մարդիկ ուղղակի կարող են նստել թեյ խմել եւ անծանոթի հետ ուղղակի զրուցել»,- նշեց Ավետիս Քեշիշյանը:

Փառատոների ընթացքում անցկացվելու են ֆիլմի ցուցադրություններ, Քերմես, գրական ընթերցումներ, համերգ, դասախոսություն, հայկական ուտեստների ցուցահանդես: «Ասանկ-անանկ» փառատոնի ութ օրերից մեկը նվիրված է լինելու երեխաներին. Այդ օրվա ընթացքում   ցուցադրվելու են մուլտֆիլմեր, երեխաները նկարչությամբ են զբաղվելու, եւ գրական ընթերցում է լինելու:

«Բոլոր նրանք, ովքեր այսօր այստեղ նստած են, այն հիսուն հոգին, որ այստեղ շաբաթօրյակ էր անում, նրանցից 25-ը սիրիահայ էր եւ մինչեւ 25 տարեկան մարդիկ էին: Այս օրերի ընթացքում նրանց թիվը շատ ավելի կավելանա, իրենք իրենց շատ ավելի հանգիստ կզգան, իրենք ցանկություն կհայտնեն, որ այս փառատոնը շարունակվի: Ես ուղղակի շատ կուզեմ, որ «Ասանկ-անանկ» փառատոնը ոչ փառատոնային ձեւաչափով շարունակվի, օրինակ՝ ամիսը մի քանի տարբեր միջոցառում ունենա, որը էլի հնարավորություն կտա այս երեխաներին խոսել, հանգստանալ: Ես ամեն օր բոլորից արձագանքներ եմ սպասում, որպեսզի հասկանամ, թե ինչ կարելի է փոխել, ավելացնել, անել, կամ ընդհանրապես չանել: Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի կրկնենք այս «Ասանկ-անանկը»,- ասաց Ավետիս Քեշիշյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930