Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ձեր պայքարը չէր

Հուլիս 04,2015 12:00

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում հասարակության պայքարը անհեռանկարային է, պետք է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սա էր վերջին օրերին քաղաքական «շահագրգիռ» ուժերի ուղերձը մեր հասարակությանը:

7 դրամի համար պայքարողներին «7 դրամանոցներ» չդարձնելու «իշխանական ծրագրով» մտահոգվածները լծվել են խորհուրդներ տալու գործին, թե ինչ պետք է անել, որպեսզի 7 դրամի համար պայքար տանողները չդառնան «7 դրամանոցներ»:
Այս հարցում հատկապես ակտիվ է իշխանական բուրգը «կազմաքանդած», «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացրած ՀԱԿ-ը՝ իր քարոզչամեքենայով, ինչպես նաեւ փողոցում բազմություն հավաքելու համար մեծ ջանքեր գործադրած, բայց այդպես էլ արդյունքի չհասած որոշ խմբակներ ու անհատներ:

Գագիկ Ծառուկյանով կամ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձով Հայաստանում պալատական հեղաշրջման իրականացման կողմնակիցներին կարելի է հասկանալ: Նրանց նյարդերն էլ չեն դիմանում. մի քանի տարի շունչները պահած սպասում էին, թե Կրեմլը երբ պետք է Հայաստանում իշխանափոխություն իրականացնի, Սերժ Սարգսյանին գահընկեց անի եւ ՀՀ նախագահի աթոռը նվիրի իրենց: Բայց չստացվեց, որքան էլ Սմբատ Կարախանյանը Կրեմլի միջանցքներից ցուցումներ տվեց:

Եւ հիմա, երբ մի քանի օր հասարակությունը առանց քաղաքական որեւէ առաջնորդի դիրիժորության փողոցում էր, ճշգրիտ ուղղություններ ցույց տվողներն օր օրի բազմապատկվեցին:

ՀԱԿ-ն, օրինակ, օրերս հայտարարություն տարածեց եւ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ փաստեց, թե նա «բառախաղերի միջոցով փորձում է քողարկել վարչախմբի իրական մտադրությունը. այն է` առայժմ ժամանակ շահել եւ հասնել բողոքի ալիքի մարմանը, իսկ այնուհետեւ սակագնի չհիմնավորվածությունն ապացուցող աուդիտի եզրակացության դեպքում անգամ չեղյալ չհայտարարել սակագնի բարձրացումը: Հետեւաբար, իր առաջարկած «լուծումներ»-ով Սերժ Սարգսյանը փորձում է մոլորեցնել հասարակությանը, քողարկել ՀԷՑ-ում առկա կոռուպցիոն դրսեւորումները, դրանցում երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությունն ու հովանավորությունը: Ուստի Հայ ազգային կոնգրեսը կրկին իր համերաշխությունն է հայտնում խնդրին ամբողջական եւ հանրությանը բավարարող լուծում տալու պահանջով խաղաղ բողոքի ցույցերի դուրս եկած քաղաքացիներին»:

Թե ինչու է ՀԱԿ-ը ընդամենը համերաշխություն հայտնում, այլ ոչ թե հասարակական շարժումն առաջնորդելու պատրաստակամություն՝ իսկապես անհասկանալի է: Ինչո՞ւ դուրս չգալ, կանգնել Բաղրամյան պողոտայում եւ առաջնորդել հասարակական այդ ընդվզումը: Ի՞նչն է խանգարում: Գուցե մտավախությո՞ւնը, որ հասարակությունն այլեւս չի հավատա նրանց «հաղթանակին»: Թե՞ առանց Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր ուժն այլեւս ի վիճակի չէ պայքարել:

Կամ գուցե վա՞խը, որ իշխանությունը ուժ կկիրառի: Երբ Տեր-Պետրոսյանն էր քաղաքական ուժ ղեկավարում, եւ Ազատության հրապարակում բազմահազարանոց ցույցեր էին ընթանում, դրսեւորվում էր ամենայն զգուշություն եւ զգոնություն հարթակի կողմից, որպեսզի հանկարծ որեւէ իրավիճակ չստեղծվի, որը կդրդեր իրավապահներին բռնություն կիրառել հասարակության նկատմամբ: Չէ՞ որ այն ժամանակ պատասխանատվությունն իրենց վրա էր: Բայց այսօր, երբ «հարթակում» պատասխանատվություն կրողներն իրենք չեն, «Սերժիկ, հեռացի՛ր» պահանջը մեջտեղ բերելու հորդորներով, ցուցարարներին «քաղաքական դասեր» տալով՝ կարծես, շատերն ամենեւին էլ դեմ չեն «կրակը թեժացնել»:

Բայց, ինչպես երեւում է, Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումից հետո գիտակցեց, որ Ռոբերտ Քոչարյանին հավասարվելը մեծ նվեր կլիներ հենց «քաղաքական» շահագրգիռ կողմերին` թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Հետեւաբար` ամեն ինչ թողնել ինքնահոսի մարելու տարբերակի ընտրությունն աշխատեց:

«Քաղաքականապես» թրծվածներին, բայց իրենց պայքարը ժամանակին ձախողածներին ու նրանց համակիրներին Բաղրամյան պողոտայում տեսնելն էլ իր հերթին, հավանաբար, վանեց հասարակության մի որոշ մասի:

Այսօր, սակայն, շատերին ձեռնտու է Բաղրամյան պողոտայում կատարվածը իշխանական հերթական «պրոյեկտ» ներկայացնելը:
Իսկ թե ինչու են ամեն գնով ձգտում դերակատարություն ունենալ «իշխանական պրոյեկտներում» երբեմնի ընդդիմադիրները, ուղղություն ցույց տալ՝ մնում է անհայտ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031