Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան պառլամենտն անկայուն է, այնքան երկիրը կայուն է»

Հուլիս 20,2015 14:30

«Ընդհանրապես աքսիոմա է՝ որքան պառլամենտն անկայուն է, այնքան երկիրը կայուն է, իսկ որքան պառլամենտը կայուն է, այնքան երկիրն անկայուն է: Պառլամենտը հենց այդ տեղն է, որ դեբատներ, քննարկումներ լինեն»,-անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանություններին՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը: Նա, մասնավորապես, անդրադառնում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանի այն մտքին, թե խորհրդարանական կառավարման համակարգին ուղղված հիմնական քննադատությունը, որ հնչում է, անկայունությունն է: Պարոն Թովմասյանն ասել էր. «Բայց բոլոր երկրները, որոնք խորհրդարանական կառավարման համակարգ են ընտրել, այս կամ այն կերպ խրախուսում են մեծամասնության ձեւավորումը՝ ստանում են լրացուցիչ մանդատ եւ այլն: Այսինքն՝ բոլոր այս համակարգերում կայունության խնդիրը դրված է»:

Պարոն Թովմասյանը նաեւ պարզաբանել էր, որ ԱԺ-ում կհայտնվեն բոլոր այն կուսակցությունները, որոնք առաջին փուլում էլ կհաղթահարեն ամրագրված շեմը:
Պետրոս Ղազարյանը հակադրվելով Հրայր Թովմասյանին՝ նկատում է. «Ազգային ժողովում կա պարզ մեծամասնություն, հարաբերական մեծամասնություն եւ կա բացարձակ մեծամասնություն: Ի՞նչ է նշանակում կայուն մեծամասնություն. ո՛չ քաղաքագիտական, ո՛չ էլ իրավական այդպիսի տերմին գոյություն չունի, եւ ասել, որ Ազգային ժողովը պետք է կայուն մեծամասնություն ձեւավորի, քաղաքագիտական առումով նոնսենս է:

Եթե հասարակության մեջ քաղաքական ուժերի դասավորությունը կայուն չէ, ուրեմն պիտի հասարակությունը լինի ոչ կայուն. դա բնական ընթացք է: Պարոն Թովմասյանն ասում է, որ պառլամենտական շատ երկրներում այդպիսի մեխանիզմ է, արհեստական կայունացում, սակայն ոչ մի երկրում նման բան չկա: Բելգիայում տարիուկես չկար կառավարություն, որովհետեւ անկայուն պառլամենտ էր, բայց հիմքերը շատ կայուն էին, եւ երկիրը զարգանում էր»:

Պետրոս Ղազարյանը «աբսուրդ» է համարում նաեւ այն, որ եթե ԱԺ-ն կայուն մեծամասնություն չի ձեւավորում, ապա պառլամենտը պետք է ցրվի, եւ ԱԺ-ի ընտրություններին մասնակցեն առաջին երկու հաղթած ուժերը. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մի ուժի ձայն եք տալիս, եւ նա 20 տոկոս ձայն է հավաքում, եւ երկու ուժը ավելի շատ են հավաքում, կայուն մեծամասնություն չի լինում, եւ այդ 20 տոկոսը հավաքած ուժը հաջորդ ընտրություններին՝ երկրորդ փուլին, չի մասնակցում: Նախ՝ դա աբսուրդ քաղաքական համակարգ է, եւ երկրորդ՝ խախտվում է պառլամենտարիզմի հիմնական սկզբունքը, պառլամենտը ներկայացուցչական մարմին է, բա այդ 20 տոկոս մարդկանց ո՞վ է ներկայացնելու պառլամենտում»:

Նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Պետրոս Ղազարյանը մեկ այլ նկատառում էլ հայտնում՝ կապված գերագույն գլխավոր հրամանատարի հետ, ըստ որի՝ երբ երկրում պատերազմական իրավիճակ լինի, գլխավոր գերագույն հրամանատար պետք է դառնա վարչապետը: Ըստ մեր զրուցակցի. «Նախ՝ անհասկանալի է, թե ինչ է նշանակում պատերազմական իրավիճակ, դա ո՞րն է, երբ հարձակվում են Ղարաբաղի վրա՞, երբ հարձակվում են Հայաստանի՞ վրա, թե՞ 20 զոհ է լինում: Անհասկանալի է՝ դա ինչ է. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք Ադրբեջանին պաշտոնապես պատերազմ չէինք հայտարարել, Ադրբեջանն էլ Հայաստանին պաշտոնական պատերազմ չէր հայտարարել: Ի՞նչ է դա նշանակում, դա ո՞ր դեպքն է:

Ամբողջ ժամանակակից աշխարհը գնում է իրավակարգերի, կարգերի պարզեցման, եւ տպավորություն է, որ բոլոր պրոցեդուրաները, իրավական նորմերը, իշխանության թեւերի հարաբերությունները ավելի ենք բարդացնում ու խճճում. աշխարհը գնում է պարզեցման, մենք՝ հակառակը: Այս Սահմանադրության տրամաբանությունը հակառակ է համաշխարհային զարգացմանը»:

Պետրոս Ղազարյանի խոսքերով՝ վարչապետը բացարձակապես չի զբաղվում բանակով, եւ հանկարծ, երբ պատերազմական իրավիճակ է լինում, նա պետք է դառնա գլխավոր հրամանատար եւ զբաղվի բանակով. «Ենթադրենք, ինչ-որ լուծում գտան, թե որն է պատերազմական իրավիճակը, հիմա գերագույն գլխավոր հրամանատարը ուղղակի բանակի հրամանատարն է, եւ նա շատ լավ գիտի՝ ով ինչ արժե, բանակում ինչ է անում, այսինքն՝ տեղյակ է բանակից: Ասենք՝ տասը տարի պատերազմ չկա, վարչապետն ընդհանրապես բանակից տեղյակ չի, հանկարծ լինում է պատերազմ, այդ վարչապետին, որը չգիտի՝ բանակում որ գեներալն ով է, ինչ արժե, բերում՝ նշանակում են բանակի գերագույն գլխավոր հրամանատար:

Մարդը, որը բանակի հետ 10-20 տարի չի առնչվել, գեներալներին չի ճանաչում, կորպուսներ չի գնում, այդ մարդը ո՞նց է բանակը կառավարելու պատերազմական իրավիճակում»:

Պետրոս Ղազարյանը գտնում է, որ նոր Սահմանադրության նախագծում խնդրահարույց է նաեւ այն, որ վարչապետը կարող է անժամկետ մնալ երկրի ղեկին:

«Մեր գործող Սահմանադրությամբ երկրի գլխավոր մարդը՝ թիվ 1 դեմքը, չի կարող երկու ժամկետից ավելի կառավարել, բայց այս փոփոխությամբ այդ նույն վարչապետը կարող է անսահմանափակ ժամկետով դառնալ երկրի ղեկավար, այսինքն՝ կարող է տասը ժամկետ մնալ: Ուրեմն՝ եթե վարչապետն է երկրի գլուխը, թող գրեն, որ վարչապետը երկու ժամկետից ավելի չի կարող լինել վարչապետ, երկրի գլուխ չի կարող լինել, որովհետեւ նույն մարդը լեգիտիմ տասը անգամ կարող է լինել վարչապետ, որովհետեւ նրա ուժը հաղթում է»,- ասում է պարոն Ղազարյանը:

Նա սահմանադրական հանձնաժողովի անդամներին մի հարց է ուղղում՝ իրենք չգիտե՞ն, որ երկրում ընտրախախտումներ են լինում:

«Այսինքն՝ ինստիտուցիոնալ, սարսափելի խնդիր են դնում. մի ուժ կարող է տասը տարի հաղթել, եւ անընդհատ նույն վարչապետը լինի պետության գլուխ: Հիմա գործող այս համակարգով գոնե Լեւոն Տեր-Պետրոսյանին փոխարինեց Քոչարյանը, Քոչարյանին՝ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ ինչ-որ փոփոխություն է լինում, շատ վատ, շատ ավելի լավ կորցրած հնարավորություններ, բայց էլի փոփոխություն է տեղի ունենում, մենք հսկայական դրական ընդդիմադիր ռեսուրս ենք կուտակում: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր փորձով դառնում է ընդդիմադիր, Քոչարյանը՝ իր փորձով, հմտություններով դառնում է քննադատող, բայց այս փոփոխությամբ այդ ինստիտուտը վերացնում ենք:

Ի՞նչ է, մեր սահմանադրագետները չգիտե՞ն, որ չի կարելի թույլ տալ նույն մարդուն պաշտոնավարել երկու ժամկետից ավելի: Սահմանադրությունն ինքը իրավական փաստաթուղթ չէ, քաղաքական փաստաթուղթ է, իսկ իրավագետները նստել՝ քաղաքականության մասին բան են գրում. սա իրավական փաստաթուղթ չէ, իրավաբանական ֆակուլտետի մրցույթ չէ, թե ով ավելի լավ Սահմանադրություն կգրի, ով ավելի խուճուճ իրավական նորմեր կգրի»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031