Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի սթրեսներն ավելացել են

Օգոստոս 10,2015 21:20

Հայերը նախորդ տարիների համեմատ ավելի հաճախ են սկսել դիմել հոգեբանի օգնությանը: Aravot.am-ը Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. Սոնա Հարությունյանից հետաքրքրվեց՝ մարդկանց սթրեսնե՞րն են ավելացել, թե՞ հոգեբանի դերակատարությունն են սկսել ավելի բարձր գնահատել, նա պատասխանեց. «Միգուցե սթրեսորները ևս շատացել են, բայց մարդիկ ավելի գիտակցում են, որ հոգեբանական խնդիրների դեպքում ավելի նախընտրելի է նեղ մասնագետի օգնությունը»:

Մեր հարցին՝ ո՞ր սթրեսորներն են այսօր գերակա, Սոնա Հարությունյանը պատասխանեց. «Տեղեկատվական գերծանրաբեռնվածությունը, սոցիալական, նեղ անձնական սթրեսորները: Բայց պետք է հաշվի առնենք, որ ամեն ոք յուրովի է դրանց տալիս գնահատական և յուրովի բացահայտում դրանք»:

Մասնագետը նշեց, որ իրենց կենտրոն 2014-15-ին դիմել են օրինակ՝ սթրեսների, դեպրեսիաների,  նևրոզների, ֆոբիաների, տարբեր կախվածությունների, հոգեմարմնական խանգարումների, այդ թվում քրոնիկական ցավերի, նաև հոգեկան խանգարումների դեպքում վերականգնողական աշխատանքների համար:

Այնուհետև մանրամասնեց. «Դիմելիության տեսանկյունից, գերակշռում են սուր և հետտրավմատիկ սթրեսների, հոգեմարմնական խնդիրների (հատկապես մեջքի քրոնիկական ցավով պացիենտներ), հղիների, Ալցհեյմերով պացիենտների, ամուսնական զույգերի այցելությունները»:

Այս առիթով Սոնա Հարությունյանը հիշեց մի դեպք, երբ երիտասարդ ամուսնական զույգը կանգնած էր ամուսնալուծության շեմին. «Երիտասարդ զույգը դիմեց մեզ հարաբերությունում առկա անվստահության, հաճախադեպ դարձած կոնֆլիկտայնության պատճառով: Բավական լարված, բացասական հույզերով հագեցած ամուսնական զույգի հետ անցկացվեց առաջին խորհրդատվությունը: Եվ արդեն բաժանման եզրին կանգնած զույգի համար տեսանելի դարձավ այն, որ օբյեկտիվ որևէ հիմք չկար նման իրավիճակի համար, որ յուրաքանչյուրի սուբյեկտիվ վերաբերմունքի և մտքերի արդյունքում են առաջացել տարաբնույթ վիճաբանությունները:

Իհարկե, հետագա երեք հանդիպումների ընթացքում զույգը առաջնորդվեց սեփական զգացմունքներն ու մտքերը միմյանց արտահայտելու սկզբունքով, կիրառվեց նաև արտ-թերապևտիկ մեթոդներ: Դեպքը ուսանելի էր այն առումով, որ մեզանից յուրաքանչյուրն ունի կյանքի և իրավիճակների, ինչպես նաև մարդկանց ընկալելու յուրահատուկ, միայն իրեն բնորոշ պրիզմա, ուստի հարաբերությանը վերաբերող հարցերում չպետք է առաջնորդվել սեփական ենթադրություններով, այլ խոսելով, արտահայտվելով ձգտել հասկանալ դիմացինի, տվյալ դեպքում զուգընկերոջ կամ զուգընկերուհու տեսակետը, հոգեկան վիճակը, մտքերը և եթե երկուսով արդեն հնարավոր չէ հաղթահարել իրավիճակը, չպետք է խուսափել դիմել հոգեբանի օգնությանը»:

Մեկ այլ դեպքում  3-4 տարի մեջքի քրոնիկական ցավերի տարբեր բուժումներ (դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ) ստանալուց հետո անձը դիմել էր հոգեբանի: Հոգեբանը պատմեց. «Հոգեբանական և կլինիկական ախտորոշման միջոցով հավաքագրեցինք ցավի անամնեզը, որտեղ ժխտեցինք ֆիզիկական վնասվածքի առկայությունը, հրաժարվեցինք դեղորայքային միջամտությունից և սկսեցինք աշխատել միմիայն հոգեբանական մեթոդներով: Ակնհայտ էր` պացիենտը օգտագործում էր ցավի հաղթահարման պասիվ ստրատեգիա, որի արդյունքում ավելի ու ավելի սահմանափակ էր դառնում նրա կենսագործունեությունը: Արդյունքում նա կարողանում էր ազատ տեղաշարժվել, վերականգնվեց նրա նորմալ կենսագործունեությունը, հաղթահարեց իրեն սահմանափակելու միտումը: Այսինքն, ձևավորվեց ցավի հաղթահարման ակտիվ ստրատեգիա»:

Հոգեբանը նշեց, որ հետաքրքիր է հոգեբանական աշխատանքը հղիների հետ. «Հաճախ մեզ դիմում են հղիներ տագնապի, վախի անհանգստացնող գանգատներով, հղիության ընթացքին հոգեբանական պատրաստվածություն ունենալու համար»:

Հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են դեպքեր, երբ մարդիկ դատարաններից, պետական մարմիններից հուսահատված են ընկել հոգեբանական խնդիրների մեջ, Սոնա Հարությունյանը պատասխանեց, որ իրենց կենտրոնում դեռ նման դեպքեր չեն գրանցվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31