Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու փոխքաղաքապետի պատասխանը՝ Գյումրու Ջազ ակումբի հիմնադրին ու ճանաչված երգչին

Սեպտեմբեր 09,2015 22:03

Aravot.am-ը Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Գյումրու օրվան նվիրված տոնական համերգին չեն հրավիրել գյումրեցի երգիչ Գագիկ Մկոյանին, որը Գյումրուն նվիրված մի քանի երգեր ունի գրված: Եվ առհասարակ ինչո՞ւ  քաղաքապետարանի մշակույթի բաժինը չի խորհրդակցում պրոդյուսերների հետ տոնական համերգը կազմակերպելիս: Մենք փոխքաղաքապետին հիշեցրեցինք, որ համերգը որակվել է «անճաշակ ու անկազմակերպ» Գյումրու Ջազ ակումբի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանի կողմից:

Իսկ երգիչ Գագիկ Մկոյանը դիմել էր Aravot.am-ին՝  նշելով, որ անչափ վիրավորված է Գյումրու քաղաքապետից ու չի հասկանում, թե որն է իրեն չհրավիրելու պատճառը:

«Ճիշտն ասած, դժգոհություններ միշտ էլ կարող են լինել, որովհետեւ մի համերգի ընթացքում չեն կարող ընդգրկվել քաղաքի բոլոր երգիչ-կատարողները, մենակատարները: Հնարավոր չէ այնպես անել, որ դժգոհություններ չլինեն, բայց ինչ-որ միտում չկա այդտեղ: Եթե հարց կա, թող գան տեղում քննարկենք, ես պատրաստ եմ լսել, ոչ թե հանդես գան հայտարարություններով, մամուլով: Թող գան մշակույթի բաժին, ես կհանձնարարեմ, տեսնենք հարցը ինչո՞ւմն է, ինչի՞ մասին է խոսքը…

Gagik_Mkoyan

 

Հնարավոր է, որ տվյալ միջոցառման ձեւաչափը չի համապատասխանում տվյալ կատարողի ոճին, համերգային ծրագիր կազմելուց այդ բոլորը հաշվի են առնվում, բայց որեւէ միտում չկա, ես վստահեցնում եմ: Հիմնականում շեշտը դրվել է դրսում մրցանակներ շահածների ու տարբեր նախագծերում մասնակիցների, ընդհուպ չհաղթած մասնակիցների վրա, որպեսզի խրախուսենք երիտասարդությանը»:

Տոնական   համերգի անորակ լինելու մասին հնչած քննադատությունների հետ կապված էլ քաղաքապետարանի պաշտոնյան ասաց. «Ասեմ, որ բեմը ու ձայնը դրվել են հանրապետության լավագույն մասնագետների կողմից, եւ մասնագիտական եզրակացություն այդ առումով չի հնչել: Իսկ մասնակի կարծիքները մենք հաշվի չենք առնում, այստեղ մասնագիտական խնդիր է: Կարող է մեկը  հարմար տեղ չի կանգնել, լավ չի լսե՞լ, ես չգիտեմ, բայց, ընդհանուր առմամբ, եթե վերցնենք, դա մասնագետների գործն է: Մասնագետները մինչեւ համերգի սկսվելը՝ ձայնի հետ կապված ուսումնասիրում են, տարբեր տեղերից ձայնը լսում են, այդ բոլոր հարցերը կարգավորում են, նոր համերգը սկսվում է: Այնպես չէ, որ պատահական մենք բերել, դրել ենք դրսից գտած սարքավորումներ, դրա համար գումար է վճարվել, եւ տվյալ անձն էլ պատասխանատու է, որպեսզի ամեն ինչ նորմալ լինի: Իսկ եթե կա մասնագիտական կարծիք, մասնագետի, մենք պատրաստ ենք լսելու եւ քննարկելու: Մենք կհրավիրենք համապատասխան կառույցի ներկայացուցչին, որպեսզի այդ հարցը քննարկենք, հաջորդ անգամ այդպիսի բան չլինի, բայց այդպիսի բան, շեշտում եմ, չկա: Դեռեւս մասնագետի կողմից որեւէ դիտողություն չի արվել, որովհետեւ  մասնագետներ շատ կան այնտեղ»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ տոնական համերգը ու առհասարակ մշակութային միջոցառումներ կազմակերպելու համարի ստեղծագործական մրցույթ չեք հայտարարո՞ւմ, որ կազմակերպիչն ավելի հետաքրքիր ու ոչ ծախսատար ծրագիր ներկայացնի, նա էլ ընտրվի, մեր զրուցակիցն ասաց. «Ասեմ, որ մեր կայքում եղել է քաղաքի օրվան նվիրված… թող ուսումնասիրեն, տեսնեն, եթե ծանոթ չեն, մենք դիմել ենք, որ քաղաքի օրվա մշակութային միջոցառումների ծրագիր ներկայացնեն, ոչ մի ծրագիր չի ներկայացվել: Նախ` քաղաքի կյանքին, անցուդարձին թող ծանոթ լինեն, մենք հատուկ հղում ենք կատարել բոլոր հասարակական կազմակերպություններին, մեր քաղաքացիներին, բոլորին, եթե կան ծրագրեր, որոնք կարող են քաղաքի օրվան ներկայացնել ու հավանության արժանանալ, պատրաստ ենք մենք ընդգրկել, որովհետեւ սա մեր  քաղաքի օրն  է, քաղաքապետարանի օրը չէ»:

Իսկ ինչպե՞ս է վերաբերում քաղաքապետարանի պաշտոնյան հնչած այն դիտողություններին, որ չպիտի թույլատրել կատարողներին ոչ բեմական  հագուստներով բեմ բարձրանալ, Ռուբեն Սանոյանն ասաց. «Նախ ասեմ, որ ես չեմ տեսել ոչ կոռեկտ հագնված կատարող, եթե այդպիսի մեկին տեսնեինք, չէինք թողնի բեմ դուրս գալ: Մարդիկ նորմալ հագնված են եղել, այդ դիտողությունն անտեղի է, հետո բոլորն էլ պրոֆեսիոնալ երգիչներ են եղել, այնպես չէ, որ վաստակավոր  երգիչներին մենք կարող ենք ասել, թե որ շորով պիտի դուրս գաս, իրենք իրենց վաստակը ձեռք բերելու ընթացքում դա էլ հոյակապ գիտեն, կոռեկտ չի լինի մեր կողմից»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ եք  թույլատրում փողոցային ժարգոններով ռեփ, հիփ հոպ, RNB-ի երաժիշտներ, երգիչներ ելույթ ունենան լեգենդար  երգիչների, օրինակ՝  «Բամբիռ» խմբի հիմնադիր Ջակի՝ Գագիկ Բարսեղյանի կողքին, Ռուբեն Սանոյանն ասաց. «Ասեմ, որ այդ մի համարը երիտասարդներ էին. եկել, խնդրել են, որ ելույթ ունենան, ես մերժեցի, քաղաքապետը եւս մերժեց: Նորից եկան, եթե ուշադիր եք եղել, երբ իրենք բեմի կողքին էին կանգնած, ես տեղիցս վեր կացա, շատ խնդրեցին, ասացին՝ թողեք էլի, մենք երիտասարդներ ենք, պատրաստված եկել ենք, այս մի համարը տանք: Մենք ասացինք՝ լավ, մեր երեխեքն են, մեր ժողովուրդն է, որ էսքան պատրաստվել են, եկել են, չմերժենք: Այսպես է եղել այդ մի համարի պատմությունը: Ես լավ գիտեմ»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ էր քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը հեռուստատեսությամբ  նախապես ելույթ ունենում ու հայտարարում, որ ինքը Գյումրիում ռեփը, հիփ հոպը պիտի զարգացնի, փոխքաղաքապետն ասաց. «Մշակույթի բաժնի պետը նախապես ելույթ է ունեցել, բայց իր ելույթից հետո ծրագրում շատ բաներ են փոխվել, ուղղվել է, այդ մի համարն է, որն այդ երեխեքի խնդրանքի արդյունքն էր: Հենց համերգի ժամանակ նորից եկան, մոտեցան քաղաքապետին, թե շատ ենք խնդրում, քաղաքապետն էլ չկարողացավ մերժել, պետք չէ կոտրել մեր երեխեքին»:

Մեր դիտարկմանը, որ դժգոհություններ կան առ այն, որ տեղի երգիչներին քիչ եք վճարում՝ փոխարենը մայրաքաղաքից հրավիրվածներին անհամեմատ շատ, Ռուբեն Սանոյանը պարզաբանեց. «Այդ բոլոր տեղեկությունները մեր կայքում կան տեղադրված, նախահաշիվը կա,  մեր երգիչները շատ մեծ սիրով եկել, մասնակցել են, որեւէ մեկը չի բողոքել: Ասեմ, որ մեր երգիչներն անվճար էլ պատրաստ են երգելու, եթե մենք մեզ թույլ տանք, այդքան նվիրյալներ են իրենք: Իսկ Երեւանից մարդը գալիս է իր մեքենայով, իր տրանսպորտով, տրանսպորտային ծախսեր չենք տալիս, հյուրանոցային ծախսեր չենք տալիս: Գիշերվա կեսին որոշ երգիչներ մնացին այստեղ, այլ ծախսեր չենք տալիս, սնունդ եւ այլն… 100 հազար դրամ ենք տալիս, մերոնց մոտ 30 հազար դրամի կարգի է: Ընդունենք, որ այդ մարդը վաստակավոր գործիչ է, դա ի վերջո հաշվի առնվելո՞ւ է, թե՞ ոչ, վաստակավոր գործիչ է, իսկ մերը որեւէ մրցույթի մասնակից է, նույն հարթության վրա պիտի նայե՞նք մենք, կարծում եմ՝ ոչ: Մենք պետք է իմանանք, որ վաստակավոր գործիչն ավելի թանկ հաճույք է մեզ համար»:

Mkrtich-ManukyanԻ դեպ, հատուկ անդրադառնալով Գյումրու Ջազ ակումբի սեփականատեր Մկրտիչ Մանուկյանին,  որն «անճաշակ ու սխալ կազմակերպված» էր որակել Գյումրու տոնական համերգը, փոխքաղաքապետն ասաց. «Եթե անճաշակ է համարում մասնագետը, ես ընդունում եմ, բայց մեր քաղաքում բոլորը գիտեն այդ քննադատողին, ինքը մասնագետ չէ, կազմակերպիչ չէ: Ես իրեն հրավիրում եմ, պատրաստ եմ իրեն տալ մի միջոցառում, թող կազմակերպի ու մենք տեսենք արդյունքը: Ես հաստատ համոզված եմ, որ ինքը նույնիսկ ծրագիր չի կարողանա կազմել, թող գա, եթե ինքը կարողացավ ծրագիր կազմել համերգային, ու իր ուզած ճաշակով, նոր կխոսենք այդ մասին: Կարծում եմ՝ պատվեր է կատարում ինքը: Նա թող իր գործով զբաղվի հավուր պատշաճի, իր Ջազ կլուբով»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Խաչիկ Եղոյան says:

    Ես էլ մի քիչ արմատներ ունեմ Շիրակի մարզից,կցանկանայի,որևէ բանով օգտակար լինել ու օգնել`մտքերով,խորհուրդներով և իմ մասնագիտական փորձով,չնայած չեմ զարմանում և նեղսրտում,քանի, որ,արդեն ցավոք համակերպվել ենք,այսօրվա ղեկավարների մտածելակերպին և գործելաոճին,դեռ համբերում ենք`քրիստոնեական խոնարհությամբ:
    Չեմ եղել համերգին,սակայն վստահ եմ ,որ կազմակերպման մակարդակից չէի ցնցվի (այդքան ժամանակ և գումոր չէին ծաղսի հատուկ սցենարներ մշակելու և որակյալ,արհեստավարժ բեմադրություններ անելու վրա) ու վստահ եմ,որ ուղղակի իրար հաջորդող լավ և վատ ելույթներ են եղել,ճանաչված և սկսնակ մասնակիցների կատարմամբ:Այն խոսքին,որ շատ խնդրեցին օգնեցինք,թույլ տալով ելույթ ունենալ,պիտի որակում տամ,որպես ոչ արեստավարժ պատասխան,քանի, որ երիտասարդության կոտրել է նշանակում հենց սխալ ուղիով ընթանալու սատարումն ու խադրից ելնելով մատների արանքով գործին նայելու մոտեցումը`երբեմն արգելքներն ավելի դաստիարակչական են:
    Այն մասին,որ Մկոն կազմակերպիչ չէ,սխալվում եք մեծագույն ձևով,քանզի նա անհամար քանակի միջոցառումներ է կազմակերպել,որոնցից շատերին էլ ես ինքս Երևանից աջակցություն եմ ցուցաբերել,այնպես, որ ինքնին ամեն ինչ պարզ է,այստեղ թիմի խնդիր է և խնամի,ծանոթ,բարեկամի:)
    Աստված բոլորիս հետ,խաղաղ եղե՛ք:

  2. Varduhi says:

    Տարօրինակ ա….
    Բա ով ա կազմակերպում Գյումրու լավագույն միջոցառումները?
    Մենք մայրաքաղաքում գիտենք, որ Մկրտիչ Մանուկյանը ամենապրոֆեսիոնալն է որպես կազմակերպիչ Գյումրիում:
    և ակումբն էլ հյուրընկալում է անվանի երաժիշտների, որոնք մեծ հաճույքով գալիս են ու համերգ տալիս , ոչ միայն ակումբում այլ նաև մեծ բեմում շնորհիվ Մրտիչի մարդկային և պրոֆեսիոնալ մոտեցումների :
    Կարծում եմ , որ նա այն մարդն է որի հետ պետք է հաշվի նստել Գյումրու Ջազ ակումբի սփականատեր Մկրտիչի հետ :

  3. Հիմա ես հայտնվել եմ փակուղային իրավիճակում ոչ այն պատճառով, որ ասելիք չկա կամ, Աստված չանի, փոշմանել եմ, այլ այն պարզ պատճառով, որ ասածս լսող չկա: Ես հարգում եմ Ռ. Սանոյանի տարիքը, դիրքը, անցած չակերտավոր երաժշտական ճանապարհը, բայց փաստն այն է, որ քննարկում չստացվեց, ստացվեց հոխորտանք՝ կառուցված մերկապարանոց ստի վրա: Աննախադեպ իրավիճակ է, փաստորեն, կարծիք, տեսակետ արտահայտելուց կամ թեկուզ առաջարկություն կամ դիտողություն անելուց հետո արդարացման մի երկար ճանապարհ պետք է անցնենք: Ես իմ հարցազրույցում ընդամենը ասել էի (լույս իջնի Ռուսաստանի հանգուցյալ վարչապետ Եվգենի Պրիմակովի շիրիմին), թե ամեն անգամ, երբ ուզում ենք ավելի լավն անել, ստացվում է՝ ինչպես միշտ: Հիմա թեմատիկ, մասնագիտական (ո՞ւմ հետ) քննարկման փոխարեն անվայելուչ (համենայն դեպս, ինձ համար), անհամ երկխոսության մեջ եմ մտել: Հիմա ինչ, կրակն ենք ընկե՞լ քաղաքով, որ այդ բնագավառը՝ Գյումրվա մշակույթի այնքան հին ու խորը, նրբին ու բազմերանգ բնագավառը, համակարգում են այս մարդիկ: Վե՞րջ, 4-ամյա տաբո՞ւ, էլ չե՞նք խոսելու, միայն գովալո՞ւ ենք (տեքստերն իրենց հետ համաձայնեցնելով), թե՞, այնուամենայնիվ, այս ընտրաշրջանում էլ կյանք կա, մասնագետները դեռևս կան, դիմակայում են, խարակիրի չեն անում իրենց: Այսուհետ մեր անելիքը ո՞րը պետք է լինի, լռե՞լը… Ես բավականաչափ համեստություն ունեմ, ի տարբերություն այլոց, իմ մասնագիտական որակների մասին լռելու: Ես չեմ անի, երբեք, ոչ մի գնով մի բան, որ բարոյական գրված ու չգրված օրենքներով պետք է անեն, մարդիկ, իհարկե, կամավոր, սրտի թելադրանքով և ոչ հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով, որոնք այլ կարծիք ունեն իմ կազմակերպական ունակությունների մասին:
    Եվս մեկ բան, որի մասին պետք է բոլորը հիշեն և որը պետք է բոլորը կարևորեն. համեստությունը անանց արժեք է, մեծամտությունն ու ինքնահավանությունը՝ մեղք ու չարիք:
    Աստված մեր բոլորի գործերին արդար դատավոր:

  4. Anna says:

    Հերթական “կռիվ դավին”, հերթական “գող փիսո, քաչալ շուն”, հերթական “իսկ ես, օրինակ…”: Տխուր է: Գյումրիի տոնակատարությունների մասին նյութերը կարդալուց հետո, ինքս ինձ մտածում էի իմ սցենարը քաղաքիս համար: Գյումրու օր անվանմանը կավելացնեի մեկ այլ վերնագիր, Բարության կամ բարի գործերի օր: Թող քաղաքի օրը նշվեր որպես բարության օր: Այո, քաղաքի օրվա կապակցությամբ մարդիկ հանդես գային բարի գործերով նվիրված այդ տոնին: Քաղաքապետարանը, ասենք, այդ համերգների գումարով տուն ՝է նվիրում մեկ անօթևան ընտանիքի, Գագիկ Մկոյանը անվճաև համերգ է տալիս, Մկրտիչի ակումբում անվճար ջազ երեկո է կամ չգիտեմ ինչ որ մեկ այլ միջոցառում: Թատրոնը բացօդյա անվճար ներկայացման է հրավիրում մանուկներիյն: Բամբիռը նվագում է այգում: Ում մտքով ինչ անցնում է, ինչ բարի գաղափար, ինչ բարի գործ իրականացնում է: Քաղաքում սիրո մթնոլորտ է, բարության և հոգատարության: Իսկ երեկոյան թող լինի երաժշտություն, ձայնագրություն, որի տակ կուրախանան բոլորը: Թե չէ, ամոթ է էլի: Բացում ես Գյումրիի մասին նյութերը, ներքևի մեկնաբանությունները, կներեք, բայց սրտխառնոց է առաջանում: Հետո? Էլ ինչքան կարելի է ընկնել, գեղցու մակարդակից էլ այն կողմ:

  5. Կարեն Քոչարյան says:

    ԳՅՈՒՄՐՎԱ ՋԱԶԸ ԵՎ ԳՅՈՒՐԵՑԻ ՄԿՈՆ

    Կարդացի “ԱՌԱՎՈՏ” թերթի հոդվածը և չկարողացա անտարբեր մնալ:
    Ուրեմն ես ասել եմ ու կասեմ,Էս երկիրը երկիր կդառնա միայն այն ժամանակ,երբ ամեն մարդ իր գործով զբաղվի ու ուրիշների արածի մասին թող մասնագետները դատեն:Ես Գյումրիի այդ համերգին չեմ եղել,չգիտեմ ինչ է կատարվել այնտեղ,բայց կյանքիս ընթացքում մի 5-6 հազար համերգի մասնակից ու կազմակերպիչ եմ եղել,այդ թվում նաև Լենինական-Գյումրիյում,ամբողջ Հայաստանում,արտասահմանում ու, ինչպես ասում էր մեր վարպետ Վանուշ Խանամիրյանը,նույնիսկ արտասահմանից դուրս:Սկսած սովետական տարիներից առ այսօր:Այդ համերգները հաջողված էին,որովհետև յուրաքանչյուր մասնագետ զբաղվում է իր գործով,ինչը չես ասի այսօրվա մասսայական հրապարակային համերգների մասին,չնայած լինում են բացառություններ:Ի դեպ այդ համերգները միշտ քննարկվել են հաջորդ իսկ օրը և եթե եղել են թերություններ,մեղավորները իսկույն պատժվել են: Ինձ համերգների ձայնի պրոբլեմն էլ լավ ծանոթ է:Այդ պրոբլեմը առկա է նաև մեր երևանյան նոյնիսկ կառավարական համերգներին,ուր մնաց Գյումրիյում,կամ հանրապետության այլ քաղաքներում:Չգիտեմ ինչ մասնագետներ են ստուգել ու դրել ձայնը ձեր համերգին,բայց հավատում եմ,որ այդ պրոբլեմը եղել է: Ինչ վերաբերվում է ծրագրին այդ մասին ես կլռեմ,քանի որ չեմ լսել,չնայած բազմիցս առիթ եղել է լսել կլկլոցներով երգեր ու ինքնագործունեություն հանրապետության տարբեր քաղաքների այս կամ այն չինովնիկի հովանու ներքո կազմակերպած համերգին: Հիմա անցնենք Մկրտիչին Մանոիկյան,որին ճանաչում եմ դեռ մինչ ջազ-ակումբի բացվելը:Հպարտ եմ,որ ես եմ բացել այն,որպես հաղորդավար: Վերջինիս բացումով Մկրտիչը դարձրեց Գյումրին,այո,կրկին ու կրկին կասեմ Հայաստանի երկրորդ ջազ-մայրաքաղաք: Գյումևեցիք գերագույն հաճույք ստացան Հայաստանի լեգենդառ ջազ-բենդի առաջին իսկ համերգից,իսկ Գյումրիի հարգարժան քաղաքապետը անձամբ ընդունեց մեր հանրապետության ջազային երաժշտության կառկառուն դեմքերին,ինչպիսիք են Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը,Արմեն Հյուսնունցը,Վահագն Հայրապետյանը, հենց քաղաքապետարանում շնորհակալություն հայտնելով Մկրտիչ Մանուկյանին այս փայլուն նախաձեռնության համար:Նայելով դահլիճին հասկացա,որ միշտ բարձր գեղագիտական ճաշակ ունեցող գյումրեցի հանդիսատեսը կարոտել էր նման կիրթ համերգների: Եվ ահա նման համերգները հաջորդեցին մեկը մյուսին: “Մալխաս- բենդ”,”Չիկո ընդ ֆրենդս”, “Cats” ու Վահագն Հայրապետյան,աշխարհահռչակ Տաթևիկ Հովհաննիսյան,Գյումրվա աշխարհահռչակ հպարտություն Տիգրան Համասյան,”Արձագանք”, Սոնա, Դավիթ Ամալյան, Ռուբեն Հախվերդյան,Արամո,էլ չասեմ Գյումրվա տաղանդավոր երաժիշտների մասին: Ու այս ամենը չեր լինի,եթե չլիներ Մկրտիչը,չլիներ Գյումվա ջազ-ակումբը:Հլը փորձեք Վրաստանի տարածքում նավիգատորով որոնել մոտակա Ջազ-ակումբը: Բերում է “Երևանի Մալխաս- ջազ-քլաբ ” և “Գյումրի ջազ-քլաբ”: Սրանք խոսուն փաստեր են: Հայկական ջազը ունի մոտ 80 տարվա պատմություն: Ի դեպ Գյումրիյում նույն Մկրտիչի նախաձեռնությամբ նշվեց նաև հայկական ջազի 75-ամյակը ու համոզված եմ հաջորդ տարի կնշվի նաև 80 ամյակը: Այնպես որ փնովելու փոխարեն սատարենք Մկրտիչ Մանուկյանի նման մասնագետներին: Այո, վստահ կարող եմ ասել՝ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ: Հավատում եմ,որ այդպես էլ կլինի:

  6. Գագիկ Մկոյան says:

    Հարգարժան պարոն Սանոյան:

    Նախ սկսեմ նրանից, որ ես չեմ դիմել ոչ մի լրատվամիջոցի, իսկ Aravot.am – ի տված հոդվածի վերնագիրն իրենց իսկ նախաձեռնությունն է եղել:
    Սեպտեմբերի 5-ին հրավեր եմ ստացել Գյումրու Ռադիո Հայ ռադիոկայանի Հայկական Weekend հաղորդաշարից և այն հարցին թե ինչու՞ չեմ մասնակցում քաղաքի միջոցառումներին, պատասխանը երևի թե պարզ է: Այնուհետև հաջորդ օրը հրավեր Aravot.am ից: Ինձ անձամբ ճանաչում է և պարո՛ն Բալասանյանը, և Դու՛ք՝ պարոն Սանոյան: Չեմ կարծում, որ այն երաժիշտներից եմ, ով նմանատիպ նախագծերում չուզենար իր մասնակցությունը բերել իր ժողովրդի, իր քաղաքի համար: Չե՞ որ մութ ու խավար տարիներին իմ իսկ նախաձեռնուրյամբ ստեղծված GMR ստուդիան քիչ բան չի արել այս բնագավառում մեր քաղաքի համար… Ինչևիցե, չեմ ուզում խորանալ անցյալի մեջ, և վերադառնամ բուն թեմային: Այո, քաղաքապետարանի մշակույթի բաժինը Ձեր կառավարման այս երեք տարիների ընթացքում գոնե մեկ անգամ ինձ չի հրավիրել ոչ մի միջոցառման: Որն է պատճառը՞: Եթե դուք տեղյակ չեք, ասեմ ավելին, պարոն Սանոյան: Մի քանի ամիս առաջ Ցայգ հեռուստաընկերության Time show հաղորդաշարի ժամանակ իմ այս նույն հարցին չկարողացավ ստույգ պատասխան տալ նաև քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Արդուշ Մկրտչյանը: Իսկ հաղորդումից անմիջապես հետո, ասաց, որ միտումնավոր ոչինչ չկա, պարզապես անփութություն է: Նաև վստահեցրեց, որ անպայման կհրավիրի և մենք այս թեմայի շուրջ կզրուցենք, որն այդպես էլ տեղի չունեցավ… Եվ ահա նորից նույն պատմությունը՝ ոչ մի հրավեր: Ինչ մնում է Ձեր այն պատասխանին, թե կան համերգներ, որտեղ այս կամ այն ֆորմատը չի համապատասխանում տվյալ կատարողին (ես չգիտեմ ինչը նկատի ունեք): Եթե խոսքը գնում է սիմֆոնիկի կամ կամերային երգչախմբի մասին, ապա ես Ձեձ հետ միանգամայն համաձայն եմ: Իսկ չմասնակցել այն համերգներին, հատկապես քաղաքի օրվան նվիրված, որտեղ իմ կատարմամբ կարող են հնչել Գյումրիին նվիրված երգեր և ոչ միայն: Չեմ կարծում որ ֆորմատը ինձ չէր համապատասխանի: Եվ եթե Դուք հրավիրում եք այս հարցի շուրջ պարզաբանում անելու, կխնդրեի հրավիրեք անձամբ ինձ , մեջբերում եմ Ձեր իսկ խոսքը. «Եթե հարց կա, թող գան տեղում քննարկենք, ոչ թե հանդես գան հայտարարություններով…» Կրկնում եմ ես ոչ մեկին չեմ դիմել և դրա կարիքն էլ չունեմ: Ասեմ, որ պատրաստ եմ երկխոսության, բայց միայն անձնական հարթակում, որովհետև ես անհատ եմ ու այլոց պատվեր չեմ կատարում և առավել ևս Ձեր կազմակերպած համերգներին էլ որակավորում չեմ տվել սոսկ նրա համար, որ չասեն՝ չի մասնակցում, ուստի և վատաբանում է … Իսկ իմ հնչեցրած կարծիքն ընդամենը վերաբերում էր Գագիկ Մկոյան երաժիշտին, ով թեկուզ համեստ , բայց մի փոքր վաստակ ունի այս քաղաքի համար:

    Գագիկ Մկոյան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930