Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված երգիչը վիրավորված է Սամվել Բալասանյանից

Սեպտեմբեր 07,2015 11:43

Սեպտեմբերի 5-ին նշվում էր Գյումրիի օրը: Ջիվանու անվան փողոցի վերաբացումից զատ, ծրագիրն իր մեջ բազմաթիվ մշակութային միջոցառումներ էր պարունակում, այդ թվում եւ տոնական համերգ: Համերգը համարելով անճաշակ, Գյումրիի մի քանի մշակութային գործիչներ մեզ հետ զրույցում նշեցին, որ Գյումրու քաղաքապետարանի մշակութային բաժինը բացարձակապես չի համագործակցում իրենց հետ, անտեսում է մասնագետների կարծիքը, մշակութային մայրաքաղաքին ոչ վայել միջոցառումներ է անցկացնում՝ այսպիսով խայտառակելով Գյումրին: Ավելին, ըստ մեր զրուցակիցների, քաղաքի օրվան չեն հրավիրել տեղի արվեստագետներից շատերին:

Ճանաչված երգիչ Գագիկ Մկոյանը, որը հայտնի է նաեւ Գյումրու մասին իր բազմաթիվ երգերով, Aravot.am-ի հետ զրույցում իր վիրավորանքը հայտնեց առ այն, որ իրեն անտեսել ու չեն հրավիրել տոնական համերգին: Մինչդեռ երգիչը մեծ ցանկություն է ունեցել քաղաքի տոնը շնորհավորել իր արվեստի միջոցով: «Նախ՝ որպես լեննականացի (թող ներեն բոլոր գյումրեցիները, ես ինձ լեննինականցի եմ համարում). եթե ես լավ օրեր եմ ապրել, լավը ավելի շատ տեսել եմ Լենինականի օրոք: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ քաղաքիս տոնը ու ցանկանում, որ գոնե գա մի օր՝ 80-ականների Լենինականը տեսնեմ: Ինձ մի քանի տարի է՝ չեն հրավիրում, պատճառը որեւիցե մի կերպ չկարողացա հասկանալ:

Ես երեկ հրավիրված էի «Ռադիո Հայ Գյումրիի» կողմից, այնտեղ էլ եմ ասել, որ արդեն մի քանի տարի է՝ չեմ հրավիրվում միջոցառումներին, պատճառն էլ չգիտեմ՝ ինչն է: Մի քանի ամիս առաջ Գյումրու Ջազ ակումբում «Ցայգ» հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ հրավիրված էր մեր մշակույթի բաժնի վարիչը, երբ ես հարց տվեցի, թե ինչո՞ւ ինձ չեք հրավիրում, իմ հարցին ոչ մի ստույգ պատասխան չտվեց, հաղորդումից անմիջապես հետո էլ ասաց, որ ոչ մի միտումնավոր բան չի տեսնում, երեւի վրիպում է, անպայման կհրավիրի, կզրուցենք այդ հարցի շուրջ: Բայց ավաղ, այդպես էլ մնաց…», -ասաց երգիչը:

Մեր ճշտող հարցին՝ կարծո՞ւմ եք անձնական տրամադրվածություն կա Ձեր հանդեպ, որ չեն հրավիրում, երգիչն ասաց. «Անձնական ես ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունեմ, ինձ ճանաչում են, ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունեմ, լավ՝ մի տարի վրիպում եղավ՝ չկանչեցին, երկրորդ տարին, երրորդ տարին… Հիմա իր խոսքով ասած՝ ուզում է ավելի երիտասարդ սերնդին կանչել: Ես տաս ձեռքով կողմ եմ, որ երիտասարդները, որոնք որ արդեն մեզնից էլ ավելի լավ ճանաչում ունեն, մեզնից էլ լավ երգում են, հրավիրեն: Բայց մի մոռացեք այն մարդկանց, որոնք նվիրյալներ են: Ասեմ, որ ես ինձ նվիրյալ եմ համարում այս քաղաքի»:

Դիտարկմանը, թե երեկվա տոնական համերգին տարեց երգիչներ կային, այդ ինչպե՞ս է նախապատվությունը տրվել երիտասարդներին, մեր զրուցակիցն ասաց. «Տարիքն ի՞նչ կապ ունի, եթե մարդը կարող է երգել… Շառլ Ազնավուրը մինչեւ հիմա երգում է, ես միայն ուրախ եմ, որ իմ ընկերներից մասնակցել են համերգին, չգիտեմ՝ ովքեր են մասնակցել, բայց նորից եմ ասում, ուրախ եմ, որ մասնակցել են»:

Փաստորեն ներկայիս իշխանությունները չե՞ն ուզում համագործակցել ձեզ հետ, դուք չե՞ք մտածել՝ ինչո՞ւ, երգիչն ասաց. «Հավատացեք, ես չգիտեմ պատճառը որն է, ես որեւիցե մեկին ո՛չ վնաս եմ տվել, ո՛չ էլ այդ մասնագետն եմ, ամբողջ կյանքիս ընթացքում իմ մասնագիտությունը ուրախացնելն է եղել: Ես Գյումրիին նվիրված երկու երգ ունեմ, որը որեւիցե անգամ որեւէ մի ղեկավարի կողմից չարժանացավ խրախուսանքի: Ինձ ոչինչ պետք չէ, Փառք Աստծո ինչ-որ ստեղծել եմ, ինձանով եմ ստեղծել: Մութ ու խավար տարիներին ստեղծել եմ ստուդիա, որտեղ հանդես են եկել այնպիսի երիտասարդ երգիչ-կատարողներ, որոնք հանրապետությունում էլ ճանաչվեցին, բայց ասեմ, որ չեմ տեսնում, որ իրենք էլ մասնակցեն: Կարող է ես ստույգ չգիտեմ, բայց չեմ տեսնում, որ իրենք էլ մասնակցեն»:

Ստացվում է, որ քաղաքային իշխանություններն անտեսո՞ւմ են տեղի ճանաչված արվեստագետներին ու գերադասում մեծ գումարներ տալ ու դրսից երգիչներ բերե՞լ, Գագիկ Մկոյանն ասաց. «Անտեսել, չեմ կարող ասել, որ անտեսում են, որովհետեւ տեղի երգիչ-երգչուհիներ էլ եմ տեսնում, որը շատ ցանկալի ու ուրախալի է, բայց այն ժամանակվանից միշտ եղել է, որ երբ դրսից է հրավիրվում, տալիս են իքս գումար: Ես համաձայն եմ, այդ դրսից եկողը միամիտ չի եկել, փող է ծախսել իր վրա, աշխատանք է արել, տեսահոլովակներ ունի ձայնագրած, մի քանի սկավառակներ ունի, էդ մարդը չի կարող համեմատվել մյուսի հետ, որը ոչինչ չունի: Հասկացեք, դա էլ է ճիշտ, մարդը մեծ գումար է դրել, մեծ գումար էլ պիտի աշխատի, բայց եթե տալիս ես իքս գումար, գոնե իքս գումարի կեսը տվեք այստեղ, ոչ թե այն խայտառակ թվերր, որոնց ես ծանոթ եմ… Ու միշտ ասում են՝ քաղաքի համար է, ես այս քաղաքի համար մի բան արել եմ, դու ի՞նչ ես արել, հարգելիս»:

Հարցին՝ ինչպե՞ս անել, որ Գյումրիի մշակութային միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպվեն, Գագիկ Մկոյանն առաջարկում է. «Գիտեք ինչ, այն մարդիկ, որոնք քաջատեղյակ են այս հարցերից, կարելի է ավագանու նիստերին հրավիրել, գոնե տարվա մեջ մեկ-երկու անգամ կարծիք հարցնել մեզնից: Թող ասեն՝ մենք այս ձեւ ենք մտածում, դուք էդ բնագավառի մեջ ավելի շատ եք խորացել, հարգելիներս, կարող եք դուք մի բանով մեզ օգտակար լինե՞լ: Կարող եւ մենք էլ սխալվենք, ո՞վ է ասում, թե մենք ճիշտ ենք հարյուր տոկոս, բայց հաշվի պիտի առնեն»:

Իսկ նախորդ իշխանությունները հրավիրո՞ւմ էին մշակութային գործիչներին, հաշվի առնո՞ւմ էին նրանց կարծիքը, մեր զրուցակիցն ասաց, որ իրեն անձամբ հրավիրել են ավագանու նիստերին ու ինքն իր կարծիքը հայտնել է: «Որքանով են արել իմ ասածները, որքանով չեն արել, էդ չեմ կարող ասել, բայց ես իմ կարծիքը հայտնել եմ: Ես մի քանի տարի է՝ վիրավորված եմ, միշտ մտածում էի երեւի վրիպում է, բայց չէ…Թող կանչեն, որպես տղամարդը տղամարդու դիմաց ասեն՝ գիտես ինչ կա, դու սխալ ես, միտումնավոր ոչ մի բան չկա, ես էլ իմը ասեմ»:

Հարցին, թե դուք որեւէ քաղաքապետի քարոզարշավի մասնակցե՞լ եք, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ մասնակցել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ մասնակցելու, իրենք գալիս- գնում են, մենք մնում ենք նույնը: Ես կարող եմ բացեիբաց ասել՝ ես այս ինչ մարդուն ճանաչում եմ, ինքը կարող է իրոք լավ բան անել քաղաքի համար, բայց ես դրոշակս չեմ առել, կանգնել հորովել երգել սրա կամ նրա համար: Ով լավ բան է արել, իմ աչքի լույսն է դարձել, մանավանդ Գյումրի քաղաքի համար: Դրսից իմ ընկերները ծիծաղում են, թե ինչ ես գտել այդ քաղաքիդ մեջ, նվիրյալ ես քեզ համարում, մնացել ես: Իրենք հեռացան Գյումրիից, հիմա շատ-շատ բաներ են հասել, ես չեմ ասում՝ ես եմ ճիշտ եմ կամ իրենք են սխալ, կամ իրենք են ճիշտ, ես եմ սխալ չէ, բայց քանի որ ես իմ 50 տարվա ապրած կյանքի գիտակցական 35 տարին Գյումրիում եմ ապրել…Մի տարի եմ ընդամենը իմ քաղաքից բացակայել, գտնվել եմ Երեւանում ու 120 կիլոմետր հեռավորության վրա տեսել եմ հազարավոր տարբերություններ, թե այնտեղ ինչպես են ապրում երաժիշտները, արվեստագետները, Գյումրիում ինչպես են ապրում»:

Երգիչը նշում է, որ ինքը միշտ նորմալ հարաբերությունների մեջ է եղել Սամվել Բալասանյանի հետ, նույնիսկ մտածում է, որ քաղաքապետը գուցե տեղյակ չլինի՝ իրեն հրավիրո՞ւմ են, թե՞ ոչ: «Միգուցե ինքն ասի՝ ես համապատասխան բաժնում մարդիկ եմ նշանակել, որ իրենք զբաղվեն այդ հարցով, բայց Գագիկը այն տղեն չէ, որ 4 տարի չերեւար, մի անգամ գոնե դուք չհիշեիք ու ասեիք՝ այս տղան ինչո՞ւ չկա »,- վիրավորված ասում է Գագիկ Մկոյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Մկոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Խալաթյան says:

    ,,Ճանաչված երգիչ Գագիկ Մկոյանը,, ռաբիս երգիչ է: Այդ երբվանի՞ց է ծնվել այն մտայնությունը, որ Հայաստանի որևէ քաղաքում, առավել ևս Գյումրիում մշակութային միջոցառումներ կազմակերպելիս պետք է խորհրդակցել այդ ժանրի ներկայացուցիչնեչի հետ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930