Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց մասնագիտական տոնին գրադարանավարները գրքեր կնվիրեն

Հոկտեմբեր 05,2015 13:00

Արդեն երրորդ տարին է, որ ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ գրադարանավարի օրը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը, որպեսզի իրենց տոնի կապակցությամբ գրադարանավարները չաշխատեն մինչ ուշ երեկո: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ը ՀՀ կառավարության որոշմամբ 2004-ից է նշվում որպես գրադարանավարի օր:

«Առավոտի» հետ զրույցում Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի գրադարանների զարգացման ծրագրով հիմնանորոգման են ենթարկվել Իսահակյանի անվան գրադարանային համակարգի բոլոր մասնաճյուղերը (դրանք 7-ն են): «Հրաշալի պայմաններ են ստեղծվել եւ գրականության պահպանման, եւ աշխատակիցների ու ընթերցողների համար»,- հավելեց տիկին Կարապետյանը: Հավաստիացրեց նաեւ, թե եկող տարի սպասվում է գույքի եւ տեղեկատվական նորագույն սարքավորումներով գրադարանները համալրելու ծրագիր:

gradaran_2

Դիտարկմանը՝ ողջունելի է, որ գրադարանավարի տոնի նախօրեին արդեն խոսվում է մշակութային այդ օջախների օրեցօր բարելավվող պայմանների եւ զարգացման նոր ծրագրերի մասին, իսկ հանրապետությունում ամենացածրը համարվող գրադարանավարի աշխատավարձի վերանայման մասին հույս կա, որ երբեւէ այն կբարելավվի, Հասմիկ Կարապետյանը պատասխանեց, թե հարցը մինչ օրս առկախ է, բայց հույս ունի, որ կվերանայվի:

gradaran_1

Իմիջիայլոց, երբեմն արվեստագետներն ասում են, թե կոնկրետ՝ Իսահակյանի անվան գրադարանը մի ամբողջ նախարարության աշխատանք է կատարում (թեեւ նախարարությունը միջոցառումներ կազմակերպող ու անցկացնող կազմակերպություն չէ), փաստելով այն իրողությունը, որ կենտրոնական գրադարանում ու վերջինիս մասնաճյուղերում մշտապես անպակաս են զանազան մշակութային միջոցառումները՝ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ եւ այլն: Հաճախ կազմակերպվում են նաեւ երաժշտարվեստի տարբեր ժանրերը ներկայացնող ցերեկույթներ ու երեկույթներ, «Իսահակյան» թատերախմբի ներկայացումները:

Մեր զրուցակիցը ներկայացրեց հոկտեմբերի 3-ին կայանալիք 18 միջոցառումները: Կենտրոնական գրադարանում տարբեր ժամերին կկայանան «Իսահակյան» թատերախմբի մատուցմամբ «Խաղում ենք Իսահակյան» բեմադրությունը, երգչուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Շահինյանը հանդես կգա «Արեւմտյան Հայաստանի ավանդական երգերը» դասախոսությամբ, մանկական բաժնում նախատեսված է մուլտֆիլմերի դիտում, հեքիաթի ընթերցում, հայկական ազգային խաղերի ուսուցում եւ այլն: Իսահակյան պուրակում էլ, որ գտնվում է գրադարանի ներսում, կանցկացվի գրքային ցուցահանդես-նվիրատվություն՝ «Գրադարանը նվիրում է» խորագրով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031