Լրահոս
Օրվա լրահոսը

13-րդ դարի Սուրբ Գեւորգը կվերաբացվի

Հոկտեմբեր 26,2015 17:42

Հոկտեմբերի 31-ին կկայանա Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման եւ վերաբացման արարողությունը՝ Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, վերանորոգման ծրագրի դոնորների եւ հավատացյալների մասնակցությամբ:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Սուրբ Գեւորգի վերակառուցման ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը, 13-րդ դարի բացառիկ տաճարի վերանորոգման նախագիծը մեկնարկել է 2012-ին, այն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարեւորագույն ծրագրերից մեկն է, որը ստացել է Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների աջակցությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը:

Եկեղեցու վերականգնման նախաձեռնությունը պատկանում է IdeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին, տաճարը վերականգնվել է բարերարների նվիրատվություններով, հիմնական դոնորներն են՝ Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաեւ Վարդանյանների ընտանիքը:

Վիրահայության կյանքում խոշոր դերակատարություն ունեցող Սուրբ Գեւորգը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, ժամանակին եղել է հայկական միջնադարյան հոգեւոր, մշակութային եւ լուսավորչական կենտրոններից մեկը: 14-15 դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք ներկայումս պահվում են Մատենադարանում:

Vrastan_3 Vrastan_2 Vrastan_1

Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում են ամփոփված հայ մեծերի՝ աշուղ Սայաթ-Նովայի, գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի, նշանավոր զորավարներ Միքայել Լոռիս –Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Իվան Լազարյանի եւ Բորիս Շելկովնիկովի աճյունները:

Մանրամասները՝ առաջիկայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031